ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՍՐԸՆԹԱՑ ԱՃՈՒՄ Է Ի ՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

 Ա.Հովհաննիսյան, Հայոց աշխարհ

«Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրվել է դեռ 1923թ. Հայաստանի ռազմական ժողովրդական կոմիսար Հայկ Բժշկյանի նախաձեռնությամբ, Հայաստանում ունի ճյուղավորված ցանց եւ գործում է երկրի ամբողջ տարածքում։ Կազմակերպության նախագահ ՎԱՐԴԳԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տեղեկացմամբ, հիշյալ միավորումը հիմնադրման ժամանակ ունեցել է 12, իսկ այժմ՝ մոտ 28000 անդամ։
  
Ինչպես տեղեկացանք Վ.Խաչատրյանից, իր ղեկավարած կազմակերպության անդամների քանակը խորհրդային ժամանակների համեմատ աճել է, վերջին տարիներին կազմակերպությունը համալրվում է տարեկան 500-1000 հոգով, իսկ միավորման որսորդներից հատկապես շատ կան Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում։ Միավորման անդամների ճնշող մեծամասնությունն ունի հրազեն։

«Հաստատ կարող եմ ասել, որ բոլորը չեն զբաղվում որսով, նրանցից շատ շատերը որսորդական զենք ձեռք են բերել ինքնապաշտպանության համար, իրենց տների համար, բոլորը չէ, որ զբաղվում են որսով,- ասաց Վ.Խաչատրյանը,- նրանց գրեթե 50 տոկոսն էլ չի զբաղվում»։

Միավորման ղեկավարը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե Հայաստանում, ընդհանուր առմամբ, քանի որսորդ կա, իսկ այդ տեղեկությունը չունենալու պատճառը, ըստ նրա, այն է, որ կա նաեւ որսորդներին միավորող երեք այլ կազմակերպություն։
  
Հայաստանում հիմա որսի սեզոն չէ, մինչեւ հունվարի վերջ թույլատրվել է նապաստակի որսը, իսկ փետրվարի 28¬ին ավարտվել է բադի որսաշրջանը։ Որսի համար տարեկան 3000 դրամ անդամավճար մուծելը, հիշյալ միավորման շարքերն ընդունվելն ու միավորման անդամի վկայական ձեռք բերելը դեռ բավարար չեն։ Անհրաժեշտ է ձեռք բերել նաեւ որսի լիցենզիա, որոնք լինում են սեզոնային եւ օրական։ Օրինակ, նապաստակի կամ բադի որսի համար անհրաժեշտ է ունենալ օրական լիցենզիա, այսինքն՝ որսաշրջանի ընթացքում ամեն որսից առաջ որսորդը պարտավոր է որոշակի գումար վճարել ու ձեռք բերել այդ փաստաթուղթը։ Հենց լիցենզիայում է նշվում որսի առավելագույն քանակը։
  
Վ.Խաչատրյանի տեղեկացմամբ, նապաստակի լիցենզիան 2010թ. տրվել է օրական (մեկ որսի ընթացքում) ընդամենը մեկ նապաստակ որսալու համար, այդ լիցենզիան ստանալու համար սահմանված գումարը եղել է 800 դրամ։ Բադի լիցենզիա ձեռք բերած որսորդն իրավունք է ունեցել օրական առավելագույնը 3 բադ խփելու, իսկ այդ լիցենզիան ստանալու համար պահանջվել է 1500 (յուրաքանչյուր բադի հաշվով 500 դրամ, բայց անկախ նրանից, թե տվյալ որսորդն այդ օրը 1, 2 կամ 3 բադ կխփի, թե ընդհանրապես չի որսա)։
  
2009թ. ընթացքում սեզոնային լիցենզիա ձեռք բերած որսորդն իրավունք է ստացել որսալու լոր, վայրի աղավնի, այլ ջրլող թռչուններ։ Լիցենզիայի համար սահմանված գումարը եղել է 5000 դրամ։ Թույլատրվել է նաեւ գայլի եւ աղվեսի որս, սակայն առանց որեւէ գումար վճարելու։ Միաժամանակ տեղեկացնենք, որ գայլ խփողներին էլ որեւէ գումար չի տրվել ու չի տրվում՝ ի տարբերություն խորհրդային տարիների։
  
Անհասկանալի է, թե որսորդն ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ պետք է գայլ որսա, երբ որսորդական մեկ փամփուշտի (կարտեչի) արժեքը մոտ 250 դրամ է։ Ավելին՝ գայլ որսալը, որը խելացի, խորամանկ կենդանի է, նույնիսկ փորձառու որսորդի համար դժվարին զբաղմունք է։ Շատ քչերն են դրանով զբաղվում, այն էլ չափազանց հազվադեպ։ Կարծում ենք, հիմնականում կամ նաեւ այս պատճառով է, որ գայլերը շատացել եւ մեծ վնաս են պատճառում անասնապահներին։
  
Վերահսկողություն իրականացնելու կոչված պետական մարմինը բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն է, սակայն այդ վերահսկողությունը գործնականում, մեղմ ասած, գրեթե բացակայում է։ Ուշագրավ եւս մեկ հանգամանք. ինչպես տեղեկացանք միավորման նախագահից, իրենց մոտ տարվա ընթացքում տարբեր կենդանիների «երեւի մի 1000 հատ» լիցենզիա է վաճառվում։ Եթե հիմք ընդունենք Վ.Խաչատրյանի հայտնած այն տեղեկությունը, որ միավորման մոտ 28 000 անդամների մոտ կեսն է զբաղվում որսորդությամբ, ապա որսի դուրս եկած մոտ 14 000, թող նույնիսկ 10 000 որսորդից ընդամենը մոտ 1000-ն է լիցենզիա ձեռք բերել եւ օրինական որսով զբաղվել։

Ապրիլ 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր