

«Հայելի» ակումբը հրավիրել էր պետական կառույցների եւ էկոլոգիական հասարակայնության ներկայացուցիչներին թեժ թեմայի` որսագողության քննարկմանը: Խնդիրը սերտորեն կապված է հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի, երկրում էկոտուրիզմի զարգացման եւ վայրի բնության պահպանման այլ ակտուալ հարցերի հետ:
Ստորեւ ներկայացվում է WWF-Հայաստանի տնօրն, Կարեն Մանվելյանի, Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանի, «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Գալյանի եւ «Էկոդար» ՀԿ-ի ղեկավար Հրայր Սավզյանի մամլո ասուլիսին մասնակցած լրագրողների նյութերը:
ՀԱՅ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
Սիրանույշ Գևորգյան,«ԱրմենիաՆաու»
Հայ բնապահպանները կարծում են, որ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքներում (3 պետական արգելոցներ, 4 ազգային պարկեր և 27 արգելավայրեր) հսկողությունը լավ չի իրականացվում, և դրանց կենսաբազմազանությունն անընդհատ վնասվում է մարդկային ներգործության հետևանքով:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն ասում է, որ հատուկ պահպանվող տարածքներում պահպանումը պատշաճ չի իրականացվում և իմիտացիոն բնույթ է կրում: Նա մատնացույց է անում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի քանակի ավելացումը, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքների կողքին ընդերքի ակտիվ շահագործման դեպքերը:
«Օրինակ` Սյունիքում ուրանի հանքավայրերի ուսումնասիրության թույլտվություն են տվել: Իհարկե, հանքը հատուկ պահպանվող տարածքում չէ, բայց կողքն է, և ամբողջ բացասական ազդեցությունը (հանքավայրի շահագործման պատճառով) գալիս է հատուկ պահպանվող տարածք»,- ասում է Դանիելյանը:
Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանն էլ ասում է, որ Սյունիքի մարզում, որտեղ գտնվում է նաև Շիկահող պետական արգելոցը, առայժմ միայն ուրանի հանքավայրերում հետազոտական աշխատանքներ են իրականացվում ուրանի պաշարները ճշտելու նպատակով, իսկ այդ ուսումնասիրությունները վտանգավոր չեն:
(Խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանում ուրանի պաշարը կազմում է մոտ 30 հազար տոննա)։
Աղասյանը նաև նշում է, որ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի քանակն ավելացել է նաև այն պատճառով, որ նոր հետազոտություններ են իրականացվել, որոնց ընթացքում հայտնաբերվել են բույսերի և կենդանիների նախկինում անհայտ, հազվագյուտ տեսակներ, որոնք ևս ընդգրկվել են Կարմիր գրքում:
Աղասյանն ընդունում է, որ ակտիվ հանքարդյունաբերությունը և դրա թափոնները վնասում են հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանությանը, սակայն հավելում է, որ կենսաբազմազանության խաթարման պատճառը նաև կենդանիների ու բույսերի բնական ապրելավայրերի կրճատումն է:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՍՊԱՆԵԼՈ՞Վ
Ա1+
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը բացասական է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի` առյուծաորսից հետո արված լուսանկարներին:
«Ա1+»-ի հետ զրույցում նա հիշեց, որ տարիներ առաջ երբ Ռոբերտ Քոչարյանը Կոմի հանրապետությունում ուղղաթիռով որս է արել, տեղի բնապահպանները մեծ աղմուկ էին բարձրացրել:
«Եթե առ այսօր տղամարդը իրեն ուժեղ է զգում, եթե կարողանում է ուղղաթիռից որս անել եւ հատկապես թագավորական որս գաղափարը մինչեւ հիմա պտտվում է մարդկանց ուղեղներում, ի՞նչ ենք ուզում: Մի քիչ իրեն բարձր է զգում, պետք է ինքնահաստատվի կենդանուն սպանելուց, մենք հին նախնադարյան մարդկանց մտածելակերպի հետ գործ ունենք: 21-րդ դարում այդ մտածելակերպը չկա, ամոթ է, որ պետք է մեզանում ամրապնդվի: Վերեւում պետք է քաղաքական կամքը լինի, որ ամոթ է, ոչ թե թագավորական էլիտարության նշան համարեն»,-ասաց նա:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը Ռոբերտ Քոչարյանի «առյուծաորսության» նկարները նորմալ է համարում, քանի որ, ըստ նրա, Աֆրիկյան երկրներում հաճախ կազմակերպում են հաղթանշանային որս: Նա նկատում է, որ որսորդները վճարում են որսի համար, այդ գումարի մի մասը գնում է այդ նույն տեսակի կենդանու պահպանության, վերաարտադրության վրա:
«Նման փորձը կիրառվում է ցանկացած զարգացած երկրներում: Ուղղակի Հայաստանում դեռ այդ որսորդական տնտեսության հասկացողությունը, գաղափարը եւ ընդհանրապես մշակույթը դեռ չկա»,- ասաց Կարեն Մանվելյանը` նկատելով, որ ինքը տեղյակ չէ, թե ինչքան գումար է ծախսվում նման որսորդության համար. «Ամեն ազգային պարկ կամ որսորդ տնտեսություն կարող է իր գնացուցակը ունենալ»:
«Ա1+»-ի հարցին, թե բացի Ռոբերտ Քոչարյանից, այլ` ներկա կամ նախկին նախագահի է ճանաչում, որ զբաղվում է նման որսորդությամբ, Կարեն Մանվելյանը պատասխանեց. «Շատ: Ռուսաստանի նախագահը չի՞ զբաղվում, վարչապետ Պուտինն էլ է զբաղվում»: Իսկ այն դիտարկմանը, թե ինչո՞ւ նրանց նկարները չկան «որսորդական» կայքերում, նա չկարողացավ պատասխանել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի` որսորդական նկարները տեղադրված էին http://tanzaniabiggame.com/ կայքում: Սակայն հայկական մամուլում դրանց մասին հրապարակումներից հետո նկարները հանվեցին այդ կայքից:
«ՏՂԱՄԱՐԴՆ ԻՐԵՆ ՈՒԺԵՂ Է ԶԳՈՒՄ, ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՍՊԱՆԵԼ ԿԵՆԴԱՆՈՒՆ»
Նատաշա Հարությունյան, Հետք
«Հայելի» ակումբն հյուրընկալել էր Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանին, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանին, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին, «Էկոտուրիզմի ասոցիացիա» հկ-ի ղեկավար Ժաննա Գալյանին և «Էկոդար» հկ-ի ղեկավար Հրայր Սավզյանին:
Բանախոսներն անդրադարձան որսագողության խնդրին: Հ. Սավզյանը նշեց, որ պահպանվող տարածքներում շատ են լինում որսագողության դեպքեր` Խոսրովի արգելոցում կրակոցներ կարելի է գտնել, հաճախ անգամ փամփուշտներ են գտնում:
Ի պատասխան` Ա. Աղասյանը նշեց, որ այդ հարցն իրենց էլ է մտահոգում, այլապես` «որսագողության դեպքեր եթե չլինեին, պահպանություն իրականացնող տեսուչներն ընդհանրապես պետք էլ չէին լինի»:
«Վերջերս նույն Խոսրովի պետական արգելոցում որսագողության դեպք է կանխվել: Նույնը տեղի է ունենում Շիկահողում: Բայց փառք Աստծո, վերջերս նման շատ խոշոր դեպքեր չեն լինում»,- ասաց նա` նշելով, որ որսագողության դեմ պայքարն անընդհատ է և հսկայական ջանքեր ու միջոցներ է պահանջում:
«Պատկերացրեք 125 հազար հեկտարի վրա (Սևանի մասկերեսը) կատարել հսկողություն»,- ասաց նա:
Կ. Մանվելյանի կարծիքով էլ` այստեղ օրենսդրական փոփոխության կարիք կա, քանի որ «այստեղ բազմաթիվ բացեր ենք հայտնաբերել»: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ այսօր այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է իրականացվում, և շատ որսագողեր են բռնվել:
Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ իրականում այսօր շատ հաճախ իմիտացիոն գործընթացների ականատես ենք լինում, քանի որ եթե մարդն անգամ կարող է մտնել արգելոց` չիմանալով , որ դա արգելոց է, ուրեմն կարող ենք ասել, որ ռեժիմը կիսով չափ է հասցնում իր աշխատանքը: Ըստ նրա, սակայն, սա միայն բնապահպանության նախարարության խնդիրը չէ, միայն նրանց ներուժով հնարավոր չէ այդ խնդիրները լուծել:
«Եթե տղամարդն առայսօր իրեն ուժեղ է զգում, եթե կարողանում է սպանել կենդանուն, նա պիտի ինքնահաստատվի իբրև տղամարդ` կենդանի սպանելով, ուրեմն մենք հին, նախնադարյան մտածելակերպին ենք: 21-րդ դարում դա ուղղակի աններելի է»,- ասաց նա:
ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ + ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ=?
Aysor.am
Լրագրողների հետ հանդիպման ժամանալ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության, Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն անդրադարձավ բնության հատուկ պահպանվող տարածքներին և տեղեկացրեց, որ համաձայն օրենքի` Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներն ներառում են 4 կարգավիճակ` արգելոցներ, որոնք 3 են, ազգային պարկեր` 4 են, արգելավայրեր` 27 և բնության հուշարձաններ` 230 անուն:
«Վերջին տարիներին բավական ընդլայնվել է բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը. 300.000 հա էր նախկինում, ներկայումս ընդհանուր մակերերսը կազմում է 375.000 հա»,- ընդգծեց Ա. Աղասյանը և հավելեց, որ ներկայումս ընթանում են երկու ազգային պարկերի քարտեզագրման աշխատանքները. «Արևիկ» ազգային պարկը մոտ 34 000 հա, Արփի լճի ազգային պարկը` մոտ 25.000 հա:
Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը իր հերթին նշեց, որ պահպանվող տարածքների ցուցանիշը Հայաստանում աճում է և հիմա «համաշխարհային միջինից էլ բարձր է», սակայն, ըստ նրա, եթե նայենք «անհետացող, վտանգված տեսակներին` կենդանական, բուսական, համեմատենք հրատարակվող Կարմիր գիրքը նախկին Կարմիր գրքի հետ, ստացվում է, որ այստեղ շարժը բացասական է»:
«Ինչպե՞ս են իրար հետ ներդաշնակեցվում նույն տարածքի վրա պահպանվող տարածքների ցանցի ստեղծումը և միաժամանակ ընդերքի ակտիվ օգտագործումը, պոչամբարների ստեղծումը, նույնիսկ ուրանի հանքերի թույլտվությունը տալը»,- հարց է բարձրացնում Կարինե Դանիելյանը:
ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՋԱՏԱԳՈՎՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՅՔԱՐԻՑ ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ. ՊԱՏՃԱՌԸ ՄԵԾԱՀԱՐՈՒԹՍՏՆԵՐՆ ԵՆ
Tert.am
Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների դռները երկու տարի առաջ էկոտուրիզմի համար բացվել են, սակայն Էկոտուրիզմ ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանի խոսքով` հայերն էկոտուրիզմ հասկացութունն այլ կերպ ընկալեցին:
«Շատ մարդկանց ախորժակը բացվեց. ինչպես Երևանում, այնպես էլ այդ տարածքներում օբյեկտներ են ցանկանում կառուցել: Մտածում են` լավ տեղեր են, ինչո՞ւ մի հատ ամառանոց, ինչո՞ւ մի հատ հյուրանոց չսարքենք»,- այսօրվա ասուլիսում ասաց Գալյանը` նշելով, որ էկոտուրիզմի ջատագովները փոշմանել են իրենց պայքարի համար:
Բնապահպան Հրայր Սավզյանն էլ անդրադարձավ Խոսրովի արգելոցում կառուցվող հյուրանոցային համալիրին` հարց հղելով բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանին:
Նախարարության պաշտոնյան նրան ուղղեց` հյուրանոցը կառուցվում է ոչ թե Խոսրովի արգելոցում, այլ «Գիլան» պետական արգելավայրում, որը նախկինում է եղել Խոսրովի արգելոցի տարածք:
Աղասյանի խոսքով` այդ տարածքի կարգավիճակն ստիպված են փոխել. «Խոսրովի արգելոցում դեռևս 85թ. մադկանց տրվել էին տարածքներ: Մենք անընդհատ այդ մարդկանց հետ խնդիր էինք ունենում: Միջազգային փորձագետը գալիս և տեսնում էր, որ արգելոցի տարածքում մարդ է ապրում: Ստիպված կարգավիճակը փոխեցինք»,- նշեց նա:
Ի դեպ, Աղասյանից չհաջողվեց պարզել, թե «Գիլան» արգելավայրում կառուցվող հյուրանոցի սեփականտերն ով է:
ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անահիտ Փիլոսյան, Հայք
Քանի որ հայերն ամեն ինչից փող աշխատելու մեծ հակում ունեն, յուրաքանչյուր նորաստեղծ բիզնես Հայաստանում սկսում է զարգանալ «ամեն ինչ» փողի համար սկզբունքով: Էկոտուրիզմը, որը Հայաստանում նոր է սկսում զարգանալ, նույն ճակատագրին արժանանալու միտում ունի: Այս հարցում եւս անուրանալի ներդրում ունեն իշխանության ներկայացուցիչները:
Որպեսզի էկոտուրիզմը մարդուն բնությանը մոտեցնելու սուրբ առաքելությունից զատ, իսկ ավելի ճիշտ` նախ եւ առաջ, շահույթ ապահովի, պարզ է, որ այն պետք է հարմարեցվի տեղական չափանիշներին: Իսկ ո՞վ դա կարող է ավելի լավ անել, քան պետական պաշտոնյաները: Բոլորովին էլ պետք չէ զարմանալ, որ Սեւանի ափին բազմաթիվ անօրինական շինություններ են կառուցվում, «Դիլիջան» ազգային պարկում ամենայուղալի կտորները վարձակալության են տրվում 99 տարով, «Խոսրովի» արգելոցում էլ հյուրանոց է կառուցվում:
Պետական պաշտոնյաները, որոնք համագործակցում են էկոտուրիզմի սիրահար իշխանավորների հետ, բնականաբար, լռում են այդ մասին: Սակայն դրանից, իհարկե, իրականությունը չի փոխվում, էկոտուրիզմն էլ չի շահում: Այն մասին, որ էկոտուրիզմը Հայաստանում այլ հունով է ընթանում, ահազանգել են նաեւ բնապահպանները: Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանն ասել է, որ հայերն էկոտուրիզմ հասկացությունն այլ կերպ ընկալեցին: «Շատ մարդկանց ախորժակը բացվեց, ինչպես Երեւանում, այնպես էլ այդ տարածքներում օբյեկտներ են ցանկանում կառուցել: Մտածում են` լավ տեղեր են, ինչո՞ւ մի հատ ամառանոց, ինչո՞ւ մի հատ հյուրանոց չսարքենք»,- ասել է Ժաննա Գալյանը` հավելելով, թե էկոտուրիզմի ջատագովները փոշմանել են իրենց պայքարի համար: Նույն ասուլիսում «Էկոդար» հկ-ի նախագահ Հրայր Սավզյանն էլ հիշատակել է «Խոսրովի արգելոցի» տարածքում կառուցվող հյուրանոցի մասին:
Բնապահպանության նախարարությունն, իհարկե, պաշտոնական բացատրություն միշտ ունի, թե ինչու է կառուցվում հյուրանոց: Ըստ նախարարության, հյուրանոցը կառուցվում է «Գիլան» արգելավայրում: Չպետք է մոռանալ այն մասին, որ ոչ հեռու անցյալում այս տարածքը արգելոցային տարածք էր, սակայն նախարարությունը հարմար պատճառաբանություն գտավ, թե այս տարածքում մարդիկ են ապրում, հետեւաբար չեն կարող արգելոցային ռեժիմ պահպանել: «Խոսրովի արգելոցում դեռեւս 1985թ. մարդկանց տրվել էին տարածքներ: Մենք անընդհատ այդ մարդկանց հետ խնդիր էինք ունենում: Միջազգային փորձագետը գալիս եւ տեսնում էր, որ արգելոցի տարածքում մարդ է ապրում: Ստիպված կարգավիճակը փոխեցինք»,- եւս մեկ անգամ նախարարության տեսակետը պնդել է հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը:
Հասկանալի է, որ այս փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ «պետության կարիքների» համար մարդիկ վտարվել են իրենց տներից: Այնպես որ, միայն ցանկություն էր պետք տարածքը պահպանելու համար: Բայց, քանի որ, առաջնայինը ոչ թե տարածքը պահպանելն էր, այլ Հովիկ Աբրահամյանի բնապահպանական ցանկություններին հագուրդ տալը, «Գիլանը» դարձավ արգելավայր: Իսկ այս դեպքում նախարարությունը խուսանավելու մեծ հնարավորություն ունի, քանի որ օրենսդրությունը նշում է միայն, որ արգելավայրում չի կարելի էկոհամակարգերին վնասող գործունեություն ծավալել: Հյուրանոցի կառուցումն էլ, անշուշտ, բոլորովին վնաս չէ բնությանը եւ խիստ անհրաժեշտ էկոտուրիզմի զարգացման համար:
Փորձագետները, ովքեր հաճախ են լինում արտասահմանյան երկրների հատուկ պահպանվող տարածքներում եւ իսկապես տեղյակ են էկոտուրիզմի զարգացումից, նշում են, որ էկոտուրիզմի համար նախատեսված տարածքներում քարե շինություններ չպետք է լինեն: Ի դեպ, «Խոսրովի արգելոցի» հյուրանոցի տիրոջ` Հովիկ Աբրահամյանի անունը ոչ պետական պաշտոնյաները, ոչ էլ հասարակական կազմակերպությունները չեն ցանկանում տալ, թեեւ չեն էլ ժխտում: Այսպիսի պասիվությունն այնքան բնորոշ է բնապահպանության նախարարությանը եւ շատ բնապահպանների, որ զարմանալի չի թվում նաեւ այն փաստը, թե ինչու մինչեւ հիմա հրապարակային քննադատություն չի եղել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, որը հայկական կենդանական աշխարհի հետ հաշիվները մաքրելուց հետո հասավ Աֆրիկա: Ընդհակառակը, երբ Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի եւ մյուս պաշտոնյաների որսերի մասին հարցեր են հնչում, նրանք կրծքով պաշտպանում էին բնասեր եւ կենդանիների որսի նկատմամբ բացարձակապես անտարբեր պաշտոնյաներին:
Մայիս 05, 2010
