ՑԱՆԿԱՊԱՏԸ ԿԳՈՂԱՆԱՆ

ՑԱՆԿԱՊԱՏԸ ԿԳՈՂԱՆԱՆ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

«Էրեբունի» արգելոցը առաջին հայացքից սովորական դաշտ է թվում, այնինչ իր նշանակությամբ այն համարվում է միջազգային կարեւորության հատուկ պահպանվող տարածք. այստեղ պահպանվում է աշխարհում հայտնի վայրի ցորենի չորս տեսակներից երեքը:

Արգելոցի «անհրապույր» տեսքի պատճառը միայն անտառազուրկ լինելը չէ: Արգելոցը գրեթե գտնվում է Մուշաղբյուրի (Շորբուլաղ) ամառանոցների մեջ, արգելոցն ու բնակելի տները միմյանցից բաժանվում են ընդամենը մի քանի մետր տարածքով, հատուկենտ նշաձողերով եւ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած խեղճուկրակ մի ցուցանակով:

«Էրեբունին» Հայաստանի դեռեւս ամենափոքր եւ ամենաերիտասարդ հատուկ պահպանվող տարածքն է, ստեղծվել է 1981թ. եւ զբաղեցնում է 89 հա տարածք: Արգելոցում աճում է 287 տեսակի բարձրակարգ բույս, իսկ կենդանական աշխարհի 7 տեսակ գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում: Այս առանձնահատկություններից բացի «Էրեբունու» մասին կարելի է ասել, որ ամենաանտեսվածներից մեկն է. ոչ նախարարությունում են առանձնապես հետաքրքրվում, ոչ էլ նույնիսկ բնապահպան-գիտնականները: Մինչ արգելոց հասնելը, որոշեցինք հարցազրույց վերցնել նաեւ «Էրեբունի» արգելոցի ղեկավարությունից: Քանի որ արգելոցը գտնվում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում, զրույցին բացի «Էրեբունի» արգելոցի տնօրեն Գեղամ Մխիթարյանից ու արգելոցի գիտնական Վալոդյա Ոսկանյանից, ներկա էր «Արգելոցապարկային համալիրի» տնօրեն Գեւորգ Սարգսյանը:

Մեր առաջին հարցը հետեւյալն էր. ««Էրեբունի» արգելոցին, ինչպես մյուս պահպանվող տարածքներին, կառավարման պլան պե՞տք է, թե՝ ոչ»: Պարոն Մխիթարյանը պատասխանեց, որ իրենց հիմնական աշխատանքն այն է, որ պահպանվող տեսակները չկորչեն, չափագրում, գույքագրում իրենք չեն կարող անել, մի խոսքով, ինչ կարողանում են, անում են: Մինչ «Էրեբունու» տնօրենը պատասխանում էր, նրան ընդմիջեց պարոն Սարգսյանը. «Չէ, չէ, ինքը էդ հարցերին կարճ կպատասխանի, էդ ձեր ուզած պլաններն ուրիշ մարդու մոտ են»: Պարոն Սարգսյանն այդ հարցերով խորհուրդ տվեց դիմել բնապահպանության նախարարություն:

Ցավոք, նախարարությունում մեզ նույնպես չպատասխանեցին, խորհուրդ տվեցին դիմել վայրի մշակաբույսերի խնդիրներով զբաղվող Արմեն Դանիելյանին: Վերջինս հեռախոսը փոխանցեց մեկ այլ աշխատակցի, որն էլ ասաց, որ իրենք ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի շրջանակներում կառավարման պլան կազմել են եւ մի քանի ամիս առաջ ներկայացրել «Արգելոցապարկային համալիր»:

Ավելորդ մեկանաբանություններից խուսափելով՝ ներկայացնենք, մեր եռակողմ զրույցի հետագա ընթացքը: «Նախարարական զեկույցներից մեկում գրված է, որ արգելոցի ֆաունան հատուկ ուսումնասիրված չէ, Ձեր կարծիքով, ուսումնասիրություններ անհրաժեշտ են, թե՝ ոչ»,- մեր այս հարցին պատասխանեց «Արգելապարկային համալիրի» տնօրեն Գեւորգ Սարգսյանը: «Միգուցե լավ չէ ուսումնասիրված, մենք չգիտենք, դե որ ասում եք...մեր խնդիրը ցորենն է»:

Բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Վալոդյա Ոսկանյանն այս հարցին պատասխանեց, որ կենդանական աշխարհն էլ է որոշ չափով ուսումնասիրված, բայց քանի որ արգելոցը շատ փոքր է, ամբողջ շրջակա տարածքների պատկերը հայտնի է, պարզ է նաեւ, թե ինչ կենդանիներ կարող են այստեղ հանդիպել: Հարցազրույցի ընթացքում պարոն Սարգսյանին ամենաշատը զայրացրեց մեր այն դիտարկումը, որ բնապահպաններին անհանգստացնում է այն փաստը, որ ցանկապատի բացակայության հետեւանքով արգելոցում հայտնվում են կովեր եւ ոչխարներ: «Մեզ մոտ ոչ մի արածեցում չի եղել, ամեն ինչ հսկողության տակ է, տեղում էլ կտեսնեք, որ ոչ մի արածեցում չկա»,- վստահեցնում էր «Արգելոցապարկային համալիրի» տնօրենը: «Էրեբունու» տնօրեն Գեղամ Մխիթարյանը նույնպես վստահեցրեց, որ շատ լուրջ շուրջօրյա հերթափոխություն է իրականացվում երկու տեսուչների կողմից, եւ նման խոսակցություններն անլուրջ են: Նրա կարծիքով, այսպիսի ենթադրություններ կարող են ծնված լինել այն պատճառով, որ գուցե արգելոցի կողքին են տեսել անասուններ, մտածել են՝ արգելոցի տարածքն է:

Արգելոցի տեսուչներն, ի դեպ, նույնպես փորձում էին ապացուցել, որ արածեցում չկա, այլապես կենդանիների հետքերը մենք կտեսնեինք: Ինչպես ասում են, բռնված չէ, գող չէ, եւ եթե այդ պահին կովեր չտեսանք, բնականաբար չենք կարող հակառակը պնդել, սակայն փաստը, որ նման խոսակցություններ կան, մտորելու առիթ է տալիս: Բացի այդ, արգելոցը շատ մոտ է գտնվում բնակելի տարածքներին եւ հայտնի է, որ գյուղացիները ամռան վերջին անասունները սարից իջեցնելիս անցնում են արգելոցի կողքով, որտեղ ոչ մի ցանկապատ չկա:

Ցանկապատի հարցում եւս պատասխանները շատ տարբեր էին: Գեղամ Մխիթարյանն ասաց, որ մի կողմից ցանկալի կլիներ, որ լինի, բայց մյուս կողմից էլ հրդեհ բռնկվելու դեպքում հավելյալ դժվարություններ կծագեն: Գեւորգ Սարգսյանը նույն հարցին պատասխանեց, որ իրենք բնապահպանության նախարարություն ծրագիր են ներկայացրել, որպեսզի «Արգելոցապարկային համալիրի» ենթակայության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքներում ցանկապատում կատարվի, նախարարությունն էլ շատ դրական է արձագանքել եւ ներկայացրել է կառավարության հաստատմանը:

Հակառակ այս պնդումների՝ նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության (ՙԱրգելոցապարկային համալիրի՚ վերադաս կառույց) պետ Արտաշես Զիրոյանը մեզ ասաց, որ ոչ մի ծրագիր էլ չի ներկայացվել նախարարություն եւ իրենք էլ ցանկապատի իմաստը չեն տեսնում, որովհետեւ ցանկապատը կգողանան, կտանեն:

Նոյեմբեր 05, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր