

Արմինֆո
Շիրակի մարզի Աշոցքի շրջանում 2.2 մլն եվրո բյուջեով «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ներդրումային նախագիծը ոչ միայն էկոլոգիական, այլ նաև սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն ունի: Նախագծի շրջանակներում նախատեսվում է հարևան երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքում միասնական էկոլոգիական միջանցքի ստեղծում: Վրաստանի հետ սահմանային համագործակցության շուրջ բանակցային գործընթացը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքով, առաջընթաց փուլում է գտնվում:
«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման նախագծի իրականացումը կարող է կատալիզատոր հանդիսանալ մարզային ղեկավարության առջև ծառացած բազմաթիվ սուր խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են` կենսաբազմազանության պահպանությունը, տրանսպորտայինենթակառուցվածքների, մեղվաբուծության և անասնաբուծության զարգացումը`որպես ողջ Աշոցքի շրջանի բնակիչների հիմնական զբաղմունք, բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը:
Սակայն, առանց քաղաքական աջակցության` այդպիսի նախագծերի իրականացումը դժվար է, գտնում է Հայաստանում Գերմանայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը: Նա հույս է հայտնել, որ նախագիծը կապահովի ողջ Աշոցքի սոցիալ-տնտեսական զարգացումը, թույլ կտա լուծել այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպես տրանսպորտային հաղորդակցությունների համակարգի ստեղծումը: Այն կապահովի տեղի բնակիչների չընդհատվող տրանսպորտային կապը մարզկենտրոնի հետ: Գերմանիայի դեսպանի լավատեսությունը և հույսը կիսել է գերմանական KFW բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարապետ Գևորգյանը:
«Ես կարևորում եմ այդ ծրագրի սոցիալ-տնտեսական բաղադրիչը և հուսով եմ, որ դրա իրականացումը թույլ կտա բարձրացնել տեղի բնակչության կյանքի որակը»,- ընդգծել է Կ. Գևորգյանը:
«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման առաջին քայլը պարկի տարածքում վարչական շենքի կառուցումն էր, որի հիմքը դրվեց մայիսի 11-ին: Շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2011 թ. հունիսին, ինչից հետո կմշակվի Աշոցքի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը: Արդեն այսօր քննարկվում են այնպիսի գաղափարներ, ինչպես` ջրավազանների և արհեստական ջրամբարների, զբոսաշրջիկների համար հյուրանոցային համալիրի կառուցումը և շատ այլ խոստումնալից նախագծեր: Նախագիծն, անշուշտ, ունի ներդրումային գրավչություն, և կարող է արմատապես փոխել տարածաշրջանի վիճակը: Սակայն, դրա ամբողջական իրականացումը կպահանջի լուրջ ռեսուրսներ, որոնք մեր երկիրն այսօր չունի: Մնում է միայն կռահել` կունենա արդյոք այս նախագիծն իր տրամաբանական շարունակությունը, թե, ինչպես նմանատիպ շատ այլ նախագծեր, այս կամ այն «օբյեկտիվ» պատճառներով կսառեցվի` դեռ չսկսված:
Նշենք, որ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման նախագիծն իրականացվում է հայկական Ջավախք (Աշոցք) տարածաշրջանում արգելոցների ստեղծման վերաբերյալ տարածաշրջանային պայմանագրի շրջանակներում`ստորագրված 2005 թվականի հոկտեմբերին ՀՀ Բնապահպանության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների նախարարության և KfW գերմանական բանկի միջև: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի բնապահպանության նախարարության և Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի /WWF/ կողմից:
Մայիս 13, 2010
