

ԷկոԼուր
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է: Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան այդ օրը նշեց ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանության ինստիտուտի երկրաբանության թանգարանում: Այս վայրը պատահական չէ ընտրված: Թանգարանը ստեղծվել է 1937թ. ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի հավաքածուի հիման վրա: Իր ստեղծման պահին թանգարանում կար 1410 նմուշ: Իսկ այժմ թանգարանի հավաքածուն բաղկացած է 11 000 նմուշից, որոնք ցուցադրված են 6 բաժիններում` հանքաբանության, հնեաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների:
Սեմինարը, որն անցկացրեցին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան եւ Երեւանի Օրհուս կենտրոնը, նվիրված էր Հայաստանի Կարմիր գրքում գրանցված անհետացող տեսակներին: «Հայաստանը, ինչպես նաեւ ոսջ Կովկասի տարածաշրջանը կենսաբազմազանության առումով համարվում է թեժ կետ: Մարդկային գործոնը տեսակների վերացման հիմնական գործոնն է: Մարդիկ անընդհատ նորանոր տարածքներ են գրավում, տուժում է բնությունը: Աննար է անտրոպոգեն ազդեցությունից խուսափել: Պետք են հատուկ պահպանվող տարածքներ, եւ դա կենսաբազմազանության պահպանման առաջին խնդիրն է: Արգելոցներում խիստ ռեժիմ: Բայց մենք 26 արգելավայր ունենք, որտեղ գործնականում հսկողություն չկա: Այսինքն` պետք է ուշադրություն դարձնել այդ փոքր տարածքների վրա, որտեղ բնության պահպանման ռեժիմը միայն թղթի վրա է»,- կարծում է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը:
Մայիս 22, 2012 at 19:53






