ՇՆԱԳԱՅԼԵՐ ԳԱՅԼԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԳԱՅԼԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՀԱՐՄԱՆ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՇՆԱԳԱՅԼԵՐ ԳԱՅԼԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԳԱՅԼԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՀԱՐՄԱՆ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ԷկոԼուր

Գայլերի գնդակահարման մասին որոշումը պայքար է հետեւանքների դեմ, այլ ոչ պատճառների: Այս կարծիքին է WWF-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյան: «Իհարկե, տեղի բնակիչներին կարելի է հասկանալ, նրանք տուժում են գայլերի հարձակումներից: Բայց դա միայն ժամանակավոր լուծում է: Պետք է պատճառների դեմ պայքարել, այլապես կարելի է ծանր հետեւանքների սպասել»,- նշեց նա:

Որպես հիմնական պատճառ Մանվելյանը տեսնում է էկոլոգիական շղթաների խախտումը, գիշատիչների եւ զոհերի քանակի միջեւ հաշվեկշռի խախտումը: Հայաստանում գայլերի զոհ են դառնում վարազները, նապաստակները, վայրի այծերը, որոնց քանակը զգալիորեն նվազել է: «Միայն Սյունիքում ավելի քան 200 վայրի խոզեր սատկեցին աֆրիկյան ժանտախտի արդյունքում: Դրան ավելացրեք որսագողերին, ովքեր կրակում են ոչ միայն խոզերին, այլ մեծ գիշատիչներին` արջերին, ընձառյուծներին: Այդպիսով, խախտվել է պոպուլյացիաների քանակի բնական կարգավորումը, այդ թվում եւ գայլի պոպուլյացիայի: Կրճատվում են նրանց  բնադրավայրերը, եւ գիշատիչները գալիս են դեպի մարդիկ»,- կարծում է Մանվելյանը: Հետեւանքները կարող են այնպիսին լինել, որ գայլի տեղը կզբաղեցնի գիշատչի ավելի ագրեսիվ տեսակ` շնագայլը: Շնագայլերը բազմանում են ամենուր, նույնիսկ ֆերմաների հարեւանությամբ: Նրանք ավելի հարմարվող են, կենդանի են մնում նույնիսկ այն պայմաններում, որոնցում գայլը կենդանի չի մնա:

Մարդկանց եւ գայլերի միջեւ կոնֆլիկտը նոր չէ: «Եւրոպայում գայլեր գրեթե չեն մնացել: Եւ հիմա, էկոլոգների մեծ ջանքերի պայմաններում անգամ նրանց քանակը չի վերականգնվում հենց ֆերմերների պատճառով»,- ասաց Մանվելյանը: Հավելենք, որ Եվրոպայում գործնականորեն չեն մնացել գիշատչի նաեւ այլ տեսակներ: 2008թ. գերմանական «BUND» կազմակերպությունը մեծ կամպանիա անցկացրեց` վերականգնելու անտառային կատվի քանակը, որը միակ գիշատիչն էր, որ մնացել էր վայրի բնությունից անտառներով հարուստ Գերմանիայում: «Մեզ հազարավոր  մարդիկ միացան: Կազմակերպվեց վազք այն հատվածներով, որոնք պետք է դառնան կատուների անցնելու միջանցքը, որպեսզի նրանք կարողանան տեղափոխվել այլ անտառներ,- պատմում է «BUND»-ի ներկայացուցիչ Մարկ Հերսթերմանը  եւ ավելացնում,- եվրոպացու համար դժվար է հավատալ, որ քաղաքից ոչ հեռու կարելի է հանդիպել եւ արջի, եւ գայլի, եւ լուսանի: Մենք վաղուց դա կորցրել ենք»:

Իսկ մենք դեռ չենք կորցրել, բայց կկորցնենք, եթե միջոցներ չձեռնարկենք: Կենդանիները չեն կարող գոյություն ունենալ առանձին անկլավներում: Նրանց պետք են անցնելու միջանցքներ, պետք են, որպեսզի բնադրավայրերը չոչնչանան, պետք է պայքարել որսագողերի դեմ: Միայն այդպես կարելի է վերականգնել էկոլոգիական շղթաները եւ բնական հաշվեկշիռը: Եւ հավատացեք, բնությունը անշնորհակալ չի մնա:

Փետրվար 15, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր