

ԷկոԼուր
Վայոց ձորի մարզը, որտեղ կարելի էր զարգացնել տուրիզմը և գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերության պատճառով կդառնա ռիսկային: Այս հարցը բարձրացրեց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
«Այսօր Վայոց ձորի մարզում իրականացվում են մի շարք հանքերի ուսումնասիրություններ, որոնք խոչընդոտում են այն ծրագրերին, որոնք մենք ենք իրականացնում, օրինակ, էկոմիջանցքների ծրագրին», - ասաց WWF-Հայաստանի տնօրենը:
Բնության հատուկ պահպանվող տարածքները միացնող էկոլոգիական միջանցքները պետք է ապահովեն առավել խոցելի տեսակների պահպանումը՝ հատկապես առաջավորասիական ընձառյուծի, հայկական մուֆլոնի, կովկասյան գորշ արջի և այլն:
Այս հայտարարությանը ԷկոԼուրը կցում է Վայոց ձորի մետաղական հանքավայրերի ցանկը և կարճ տեղեկատվություն նրանց մասին:
Վայոց ձորում ուսումնասիրվում են և պատրաստվում են շահագործել մի շարք մետաղական հանքեր:
Ամուլսարի ոսկու հանքավայր
Ամուլսարի ոսկու հանքավայրը կշահագործի «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Lydian Armenia» (նախկինում «Գեոթիմ») դուստր ձեռնարկության: Մեկ տոննա հանքաքարը պարունակում է 0,8-0,9 գրամ ոսկի: Բացի ոսկուց և արծաթից հանքը պարունակում է մետաղների խառնուրդ, այդ թվում՝ բարձր թունավորություն ունեցող կապար, կադմիում (Հ. Ավագյան, «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում», Երևան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ): Տոքսիկ մետաղների՝ մկնդեղի, կապարի, կադմումի, ուրանի ընդհանուր պարունակությունը ոսկու և արծաթի պարունակությունից բարձր է: Սա կարելի է տեսնել «Lydian»-ի պատվերով անցկացված հանքաքարի նմուշի անալիզներում:
Գլաձորի բազմամետաղային հանքավայր
ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքների վարչական տարածքում գտնվող Գլաձորի բազմամետաղային հանքավայրը մտադիր է շահագործել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն:
Գլաձորի հանքավայրում հաշվարկվել է կապարի 628.37 հազ.տ, ցինկի 711.44հազ.տ, պղնձի 63.4հազ.տ, կադմիումի 2605.3տ, արծաթի 201.18տ, ոսկու 9789.0կգ պաշար: Մեկ տոննա հանքաքարում կապարի պարունակությունը 4.34% է, ցինկինը՝ 4.92%, պղնձինը՝ 0.44%, կադմիումինը 0.018%, արծաթինը՝ 13.90 գր/տ, ոսկունը՝ 0.68գր/տ:
Նախնական հաշվարկներով՝ տարեկան մթնոլորտ արտանետվող փոշու գումարային քանակը կկազմի շուրջ 790 տ:
Ըստ «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գիտական աշխատության (Երևան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ, հեղինակ՝ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյան)՝ Գլաձորի հանքաքարը պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ՝ 573264 տոննա, կադմիում՝ 1464 տոննա, կանխատեսումների կատեգորիայում նշված է նաև ծծումբ 2118116տ, բիսմուտ՝ 2983 տ, տելլուր՝ 14460տ, թալիումը՝ 17տ:
Այստեղ նշենք միայն ծծումբը, որը կուտակման դեպքում կարող է առաջացնել թունավոր գազեր: Այն հանքաքարի արդյունահանման ընթացքում կարող է ինքնայրվել:
Ցրված ռադիոակտիվ տարրերի մասին կան գիտական աշխատություններ: Գ. Պ. Ալոյանի «Горный журнал» գիտական հանդեսի N 6, 2007թ. «Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения» հոդվածում նշվում են Վայոց ձորի ուրանային երևակումները, այդ թվում՝ Վերնաշենի և Վայքի ուրանային երևակումները:
Վաղաշենի բազմամետաղների հանքերևակում
Վաղաշենի բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության նախագիծը բնապահպանության նախարարություն ներկայացրել է «Մայնինգ Քոնսալթինգ» ընկերությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվելու են Վարդահովիտ, Եղեգիս, Հերմոն, Հորբատեղ և Գողթանիկ համայնքների տարածքում: Ընկերությունը որոնելու է ոսկի, պղինձ, կապար, ցինկ, սելեն, բիսմուտ, գերմանիում, ծծումբ:
Աշխատանքները պետք է մեկնարկեն 2016թ. 3-րդ եռամսյակում, ավարտվեն 2019թ-ի 2-րդ եռամսյակում:
Քարտեզը վերցված է նախագծից
Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայր
Հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզի Վայքի շրջանում` Վայք շրջկենտրոնի անմիջական հարևանությամբ, Արփա գետի երկու ափերով ձգված:
Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի պաշարները կազմում են 8,307 միլիոն տոննա: Հանքավայրի արտահաշվեկշռային պաշարները կազմել են. ոսկունը` 2078,4 կգ, արծաթինը` 40,37 տ, պղնձինը` 1800 տոննա, ծարիրինը` 400 տոննա, կապարինը` 13,0 հազար տոննա, ցինկինը` 5,3 հազար տոննա (տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երևան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):
Վարդենիսի բազմամետաղների հանքերևակում
2015 թվականից Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումում «Գեոմայնինգ» ՍՊԸ-ն իրականացնում է որոնողագնահատողական աշխատանքներ: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2017 թվականին:
Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, Վարդենիս լեռնագագաթից 1-1.2 կմ դեպի հարավ, Քաչալսար լեռնագագաթից շուրջ 2.5կմ դեպի հյուսիս-արևմուտք, Գետիկվաևք գյուղից 7կմ դեպի հյուսիս-արևելք:
Երևակմանն ամենամոտ տեղակայված գյուղը Գետիկվանքն է, որը գտնվում է համանուն գետակի ձորահովտում: Մոտակա բնակավայրերից է նաև Վարդահովիտ գյուղը:
Հանքերևակման տեղամասի տարածքով հոսում է Սողանլու գետը իր բազմաթիվ վտակներով: Ընկերության ներկայացրած նախագծում նշված է, որ հանքերևակման շրջանը հայտնի է բնական աղբյուրների ելքերով:
Նախագծի համաձայն՝ հանքերևակման շրջանում հանդիպում են ողնաշարավոր կենդանիների ավելի քան 220 տեսակ: Կան բեզոարյան այծ, հայկական վայրի ոչխար, գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, քարակաքավ, բազմաթիվ ճնճղուկազգիներ, ձկներից՝ կարմրախայտ, կոդակ: Գիշատիչ թռչուններից են սև և սպիտակագլուխ անգղերը, գառնանգղր, քարարծիվը, սև ճուռակը: Շատ են սողունները՝ օձեր (գյուրզա, շահմար) և մողեսներ:
Որոնողագնահատողական աշխատանքների տարածքը զբաղեցնում է 18.32 կմ2 մակերես:
Քարտեզը վերցված է www.transparency.am կայքից
«Կապույտ» բազմամետաղային հանքերևակում
«Կապույտ» բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության հայտը 2015 թվականին բնապահպանության նախարարություն ներկայացրեց «Սենտերա Մայնինգ» ՍՊԸ-ն:
«Կապույտ» հանքերևակումը տեղակայված է Վայոց ձորի լեռնաշղթայի հարավային լանջերին, Մարտիրոս գյուղից 6.7 կմ դեպի արեւելք-հարավ- արեւելք, Գոմք գյուղից 2.6 կմ դեպի հարավ, եւ Արտավան գյուղից 4.5 կմ դեպի հարավ-արևմուտք: Ուսումնասիրությունների համար փորելու են 10 հորատանցք, անցկացնելու են հետախուզաառուներ, մագիստրալ առուներ, վերակառուցելու են դեպի հանքերևակում տանող ճանապարհը: Հետազոտության արդյունքում որոշվելու է հանքաքարում ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, բիսմուտի, սելենի, թելուրի պարունակությունը:
Ուսումնասիրությունները պետք է անցկացվեն 2015-2018թ.՝ 18.9կմ2 տարածքում:
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը ԷկոԼուրին փոխանցեց, որ «Կապույտ» հանքերևակումը գտնվում է Գոմքի ու Արտավանի խմելու ջրերի ակունքների մոտ, և հանքի շահագործման դեպքում այդ աղբյուրները շարքից դուրս կգան:
Նշենք, որ «Սենտերա Մայնինգ» ՍՊԸ-ն «Centerra Gold» ընկերության դուստր ձեռնարկությունն է «Սենտերրա Էքսփլորեյշն ԲՎ» ընկերության ֆինանսական շղթայի միջոցով: «Centerra Gold» ընկերությունն իր հերթին զբաղվում է Ղրղզստանում Կումտոր ոսկու հանքավայրի շահագործմամբ, որտեղ Ղրղզստանի կառավարությունը նույնպես մասնաբաժին ունի: Ընկերությունը նաև շահագործում է Boroo հանքավայրը Մոնղոլիայում, բիզնես շահեր ունի Թուրքիայում և Կանադայում:
Քարտեզը վերցված է նախագծից:
Սեպտեմբեր 02, 2016 at 15:59