«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

Գալուստ Նանյան, «Հայաստանի Հանրապետություն»

Նախատեսվում է համալրել պահպանվող տարածքների ցանկը

Շուտով Հայաստանի հարավում, Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերին կստեղծվի «Զանգեզուր» արգելավայրը, որի տարածքը, ըստ նախագծի, կընդգրկի 17 հազար 369 հա։ Պահպանվող այս տարածքի նպատակն է պահպանության տակ վերցնել տարածքում առկա հազվագյուտ եւ անհետացող բույսերը, ինչպես նաեւ կենդանիների՝ կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, կասպիական հնդկահավի, կովկասյան մարեհավի, հայկական իժի եւ այլ տեսակներ։

Այս տարածքում կենդանաբանների եւ բուսաբանների կողմից հաշվարկվել են կենսաբազմազանության մոտ 1000 տեսակ անոթավոր բույսեր, մոտ 185 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, ներառյալ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 25 եւ ԲՊՄՄ կարմիր ցուցակից 9 տեսակներ։

«Դրանք հիմնականում այն տարածքներն են, որոնք ընդգրկում են Քաջարան եւ Ողջի գետերի հովիտները՝ մինչեւ Կապուտջուղ գագաթը։ Այդ տարածքները հիմնականում անասնապահության եւ գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր են»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, ավելացնելով, որ մինչ նախագծի եւ սահմանների գծումն այդ տեղերում կատարվել են ուսումնասիրություններ. «Օրինակ, տարածքում առկա են 3–4 կարեւոր նշանակության ջրային կառույցներ։ Դրանք են՝ Կապուտան, Գազան լճերը, որտեղից սկիզբ են առնում Քաջարան եւ Ողջի գետերը, որոնք էլ իրենց հերթին մեծ նշանակություն ունեն որպես խմելու ջրի աղբյուր Քաջարան եւ Կապան քաղաքների համար եւ, միանշանակ, այդ լճերը պետք է պահպանվեն»։

Ըստ Կ. Մանվելյանի՝ երկրորդ ամենակարեւոր հարցն այն է, որ այդ տարածքը համարվում է հայկական մուֆլոնի բնադրավայր։

«Այս տարածքի վրա հաշվառվել են 1000—ից ավելի բուսատեսակներ, ուսումնասիրությունների ժամանակ մեր բուսաբանները հայտնաբերեցին երկու նոր տեսակներ։ Այդ տեսակները, համենայնդեպս, Հայաստանի համար հայտնի չէին։
Բացի բուսականությունից այստեղ հանդիպում ենք սահնօձի, գառնանգղի, գորշ արջի, եղնիկի եւ այլ տեսակների»,–ասաց պրն Մանվելյանը։

Ըստ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի՝ քաղաքի ավագանու որոշմամբ արդեն ստեղծվել է «Զանգեզուր» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը, որն էլ հետագայում կտնօրինի համանուն արգելավայրը։

«Ի դեպ, սա Հայաստանում առաջին դեպքն է, ինչպես նաեւ առաջինն է տարածաշրջանում, որը կլինի մոդել, եւ համայնքը կունենա պահպանվող տարածք։ «Զանգեզուր» արգելավայրի ստեղծումից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ֆինանսավորելու պահպանվող տարածքը եւ տնօրինությանը»,–ասաց գրասենյակի ղեկավարը։

Հատկանշական է այն փաստը, որ «Զանգեզուր» արգելավայրը սահմանակից է լինելու Նախիջեւանում արդեն մի քանի տարի գործող «Օրդուբադ» ազգային պարկին։

«Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ դեռեւս 2006 թվականին իր ղեկավարած կազմակերպության կողմից իրականացվել է ծրագիր Հայաստանի հարավում նոր հատուկ պահպանվող տարածքի ստեղծման համար։

Ըստ Վ. Մարտիրոսյանի՝ «Տարածքը չքնաղ է՝ խոր կիրճերով, եւ իր մեջ չի ներառելու ոչ մի բնակավայր, այսինքն՝ տարածքը տիպիկ արգելավայրի տարածք է»։

Տարածքում ընդգրկվա՞ծ են, օրինակ, բնության հուշարձաններ, որոնք գրանցված են ՀՀ կառավարությունում՝ վերջերս ընդունված բնության հուշարձանների ցանկում։ Վ. Մարտիրոսյանը հայտնեց, որ քննարկումներից մեկի ժամանակ Սյունիքի հուշարձանների պահպանության մարզային ղեկավարը հայտնել է, որ տարածքի հողերի կատեգորիան փոխելուց հետո իրենց կողմից կհատկացվի այդ տարածքներում առկա բնական հուշարձանների ցանկը, եւ համոզված են, որ դրանք կգտնվեն հուսալի ձեռքերում։

Նոյեմբեր 19, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր