ՊԵՏՔ Է ԱՎԵԼԱՑՎԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՊԵՏՔ Է ԱՎԵԼԱՑՎԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Հաշվի առնելով մարդու առողջությանը մահաբեր վնաս հասցնող բնապահպանական ծանր իրավիճակը, որ ստեղծվել է Երևանում՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը երևանցիների և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրում է հետևյալ փաստերի վրա. Երևանում բացարձակապես չեն խնամվում այն զբոսայգիները, որոնցում տեղադրված չեն սրճարաններ և չեն արվել մասնավոր ներդրումներ:
 
Հունիս ամսվա ընթացքում տեղի են ունեցել Երևանի կանաչ տարածքների հետևյալ կրճատումները.
 
•  Կոմիտասի 30, Խանջյան 27 և այլ հասցեներում սկսվել է թույլատրված շինարարություն կանաչ տարածքների հաշվին,
• Րաֆֆու 19, Լվովյան փողոցի երկայնքով, Անգլիական այգու մի հատվածում նախատեսվում է սկսել նոր շինությունների կառուցում այգիների հաշվին, 
•  Խանջյան-Թումանյան խաչմերուկում շինարարական աշխատանքների ժամանակ սկզբում կտրվել և ապա արմատախիլ են արվեն 4 ծառեր:
 
Բոլոր շինարարությունները սկսվում են առանց հարակից շենքերի բնակիչներին այդ մասին նախօրոք տեղեկացնելու և նրանց կարծիքը հաշվի առնելու:

Մեր ձեռքի տակ ունեցած մասնագիտական եզրակացությունները վկայում են, որ Երևանը արագընթաց տեմպերով անապատանում է։ Նշված լրջագույն հիմնախնդիրը լուծելու համար կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին և ՀՀ պատասխանատու մյուս գերատեսչություններին ձեռնարկել հետևյալ քայլերը.
 
•    Ավարտուն տեսքի բերել Երևանի կանաչ տարածքների գոտիավորումը,
• Այգիների և պուրակների կառուցապատման արգելքի խոստումը ամրագրել համապատասխան որոշմամբ,
• Ցանկացած շինարարություն սկսելուց առաջ պարտադիր կերպով այդ մասին տեղեկատվություն հրապարակել մամուլի միջոցով,
• 2011 թվականի Երևանի բյուջեի ծախսային մասում կրկնապատկել հանրային զբոսայգիների խնամքի համար նախատեսված միջոցները:

Հուլիս 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր