«ԷկոԼուր»
Մենք հրապարակում ենք «Էկոլոգիական տեղեկատվության ազատությունը եվ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղանի առանձին մասնակիցների կարծիքներն ի պատասխան «Հայրենիքի վաճառման կանաչ կրպակ» հոդվածի:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ԵՎ ՈՒ՞Մ ՊԱՏՎԵՐՈՎ Է ԱՂՄԿՈՒՄ «Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ»
«Ժողովուրդն է տերը երկրի միության» նախագահ Մանե Հակոբյան
01.11.08թ. «Գոլոս Արմենիի» թերթում հայտնվեց «Зеленая лавка по продаже родиной» (ՙՀայրենիքի վաճառքի կանաչ կրպակ՚) վերնագրով հոդվածը, որի հեղինակն է տիկին (կամ պարոն) Ա. Վարդանյանը: Առաջին անգամ չէ, որ տեղական մամուլում և հեռուստատեսությամբ «ինչ-ինչ ուժեր» փորձում են մեր երկրի հանրությանը ՀՀ տարածքում գործող բնապահպանական հասարակական կազմակերպությունների գործունեությունը ներկայացնել որպես մեր երկրի տնտեսական առաջընթացին խանգարող ու վնասակար գործունեություն:
Մենք դրան վաղուց արդեն սովորել էինք, և բոլոր այդ «հարձակումները» դիտարկում էինք որպես մեր լավ աշխատանքի ու մեր հաջողությունների ինդիկատոր: Սակայն տիկին (կամ պարոն) Ա. Վարդանյանի հոդվածը անցել է մարդկային պարկեշտության, լրագրողական էթիկայի ու կոռեկտության թույլատրելի ու անթույլատրելի բոլոր սահմանները:
Իրոք, մեզ անհայտ հոդվածագիրը պնդում է, թե ՀՀ տարածքում գործող գրանտային ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունները մեծամասամբ արտասահմանյան հատուկ ծառայությունների ռեզիդենտներ են, և որ այդ հասարակական կազմակերպությունները մեր երկրում կարող են իրականացնել և իրականացնում են ոչ միայն հետախուզություն, այլ նաև դիվերսիաներ:
Ըստ հոդվածագրի` «…խոսքն առաջին հերթին բնապահպանական հասարակական կազմակերպությունների մասին պետք է լինի, որոնք հիմնականում զբաղված են տնտեսական ու քաղաքական լրտեսությամբ, իրականացնում են տեղեկատվական-հոգեբանական դիվերսիա` ուղղված երկրի քաղաքական ղեկավարոււթյան դեմ և սաբոտաժի են ենթարկում Հայաստանի զարգացման տնտեսական հիմնական ծրագրերը»: Ըստ մեզ անհայտ հոդվածագրի`«… ռադիկալ բնապահպանական կազմակերպությունների գործունեությունն ավելի ճիշտ կլինի որակել որպես էկոդիվերսիա, որի ֆինանսավորումը մեր երկրի ստրատեգիական հակառակորդների կողմից իրականացվում է բացարձակորեն բաց, ընդ որում այդ գումարները ծիծաղելիորեն փոքր են»:
Այստեղից մեզ անհայտ հոդվածագիրը եզրակացնում է. «Ստացվում է, որ մեր ստրատեգիական հակառակորդները Հայաստանի տնտեսությանը միլիարդավոր վնասներ են հասցնում կոպեկներ ծախսելո՞վ: Սատանան տանի: Հայրենիքը վաճառում են գրոշներով, ճիշտ և ճիշտ փոքրիկ կրպակի գնացուցակով…»: Մեզ անհայտ հոդվածագիրը շարունակում է. «Վաղուց արդեն անհրաժեշտ է, որ Հայաստանի հանրությունն ու հատուկ ծառայությունները շատ ավելի աչալուրջ հետևեն «կանաչ դիվերսանտների» գործունեությանը»: Ի վերջո, տիկին (կամ պարոն) Ա. Վարդանյանը եզրակացնում է. «Եթե մեր երկիրը հավակնում է իրական սուվերենության, եթե մենք ուզում ենք, որպեսզի «ազգային անվտանգություն» բառակապակցությունը դադարի լինել լոկ քաղաքական ճարտասանության զարդ, մենք պետք է բոլոր այլ առաջնահերթ խնդիրներից զատ գիտակցենք, որ ժամանակն է փակել հայրենիքի առևտրով զբաղված կանաչ կրպակները»:
Ի՞նչ է սա, հիվանդ, մթագնած ուղեղի զառանցա՞նք, թե՞ ստալինյան դարաշրջանից մեր օրերը պատահաբար հասած մի սուտ մատնիչի, ստալինյան բանտերի մի հանցավոր կատարածուի, մի հազվագյուտ գտածո երկարակյացի թաքուն երազանք` ինչ գնով էլ լինի ետ բերել իր դարաշրջանը, թեկուզ և առանձին վերցրած Հայաստան երկրում: Ի՞նչ է սա. կարծում ենք ոչ մեկը և ոչ էլ մյուսը: Վստահ ենք, որ սա մեր երկրում առկա «ինչ-ինչ ուժերի» բացահայտ պատվերն է իրենց ինչ-ինչ անձնական բիզնես-շահերը պաշտպանելու նպատակով, թեկուզ մեր երկրի, նրա հարուստ ընդերքի անխնա, անմնացորդ թալանի հաշվին, որի արդյունքում ապականվում, անդառնալիորեն աղտոտվում են մեր երկրի հողը, ջուրը, օդը, ողջ բնությունը:
Նույն այդ ժամանակ նույն այդ «ինչ-ինչ ուժերը» մեր երկրի տարբեր բարձր ամբիոններից ամպագոռգոռ խոսքերով, սիրառատորեն գովերգում են նույն երկիր Հայաստանը, նրա չքնաղ բնությունը, որն ավաղ, իրենց իսկ անկուշտ ագահության, անհեռատեսության ու անձնական բիզնես-շահերի պատանդն ու զոհն է դարձել: Իրենց անձնական բիզնես-շահերը առաջ մղելու ճանապարհին այս «ինչ-ինչ ուժերը» չեն հանդուրժում և չեն հանդուրժելու որևէ դիմադրություն, որևէ խոչընդոտ:
Մենք` ՀՀ տարածքում գործող բնապահպաններս, մեր մասնագիտական գործունեության արդյունքում շատ հաճախ այդ «ինչ-ինչ ուժերի» անձնական բիզնես-շահերի ու նպատակների ճանապարհին լուրջ խոչընդոտներ, անհաղթահարելի պատնեշներ ենք ստեղծում այդ կերպ, թեկուզ ժամանակավորապես` փրկելով անդառնալի ավերումից ու բնապահպանական աղետից մեր երկրի ևս մի գողտրիկ, անկրկնելի անկյուն և, իհարկե, դրանով հաճախ վնասելով այդ «ինչ-ինչ ուժերի» անձնական բիզնես-շահերին և դա մեզ չի ներվում: Սա է իրողությունը:
Նշենք, որ մենք «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրությունից փորձեցինք ճշտել վերոհիշյալ հոդվածի հեղինակ տիկին (կամ պարոն) Ա. Վարդանյանի ինքնությունը, կոնտակտային հեռախոսահամարները, նրա հետ երկխոսություն ծավալելու նպատակով: Բայց ապարդյուն, «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրությունից մեզ պատասխանեցին, որ իրենք տիկին (կամ պարոն) Ա. Վարդանյանին չեն ճանաչում, չունեն նրա որևէ տվյալը, որևէ կոնտակտային հեռախոսահամարը և, որ այդ հոդվածն իրենք ստացել են փոստով:
Նշենք նաև, որ մենք «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրությանը և, իհարկե, նրանց միջոցով տիկին (կամ պարոն) Ա. Վարդանյանին հրավիրեցինք «էկոլոգիական դաշինք»-ի հերթական նիստին` երկխոսություն ծավալելու նպատակով: Իհարկե, ոչ ոք չեկավ: Կարծում ենք այստեղ էլ ամեն ինչ պարզ է: Նշենք նաև, որ առ այսօր որևէ պատկան մարմին, պաշտոնատար անձ չի արձագանքել «Зеленая лавка по продаже родиной» հոդվածին: Ի՞նչ է սա, անտարբերությու՞ն, թե՞ լուռ համաձայնություն:
Մեծարգո ՀՀ հանրությու՜ն, սիրելի հայրենակիցնե՜ր,
«Ա. Վարդանյան» երևույթը միշտ, բոլոր ժամանակներում եղել է, կա ու կլինի, կատարածու, որ միշտ բոլոր դարերում կատարում է «ուժեղների» պատվերները, նրանց ցանկացած պատվեր, դրա դիմաց ստանալով այդ «ուժեղների» բարեհաճությունն իր նկատմամբ` փորձելով արևի տակ ապահովել իր համար մի տաքուկ անկյուն: Մենք դա հասկանում ենք: Հասկանում ենք նաև, թե ինչու հենց «Գոլոս Արմենիի» թերթում է այդ «հոդվածը» տպվել, թերթ, որ գոնե այս հրապարակումից հետո առավել քան արժանի է «դեղին մամուլ» տիտղոսին:
Հիշենք, բոլորս մեկընդմիշտ հիշենք, որ բնապահպանական շարժումը տվյալ երկրի ժողովրդի կենսաբանական անվտանգության ապահովման և ինքնապահպանման շարժում է, և այդ շարժման վրա ճնշման բոլոր փորձերը ապարդյուն են, ի սկզբանե դատապարտված են անփառունակ պարտության:
«ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ» ԹԵՐԹԻ 2008Թ. ՆՈՅԵՄԲԵԻ 1-Ի ՀԱՄԱՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՆԱՉ ԿՐՊԱԿԸ» (ՀԵՂ.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ) ՀՈԴՎԱԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Շնորհակալություն ենք հայտնում այս քննարկմանը մասնակցության և խնդրո առարկա հոդվածի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու հնարավորություն ընձեռելու համար:
Ի սկզբանե նշենք, որ, մեր կարծիքով, հոդվածում դրսևորվել է չտարբերակված մոտեցում բնապահպանական կազմակերպությունների և այդ ոլորտի մասնագետների նկատմամբ: Բնապահպանական կազմակերպություններին տրված գնահատականները անհարկի կերպով համահարթեցված են, հոդվածում կան անհիմն ընդհանրացումներ:
Հարգելով հեղինակի սեփական կարծիք ունենալու իրավունքը և չբացառելով, որ հոդվածում ներկայացված երևույթներն իրոք կարող են տեղ գտնել առանձին բնապահ¬պանական կազմակերպությունների շրջանում` միանշանակորեն առարկում ենք այն տեսակետին, թե այդպիսի մեղադրանք կարելի է ներկայացնել Հայաստանի բոլոր բնապահպանական կազմակերպություններին` առանց տարբերակելու թացը չորից: Հոդվածում արվող վերապահումներն այս կապակցությամբ ոչ բավարար են և ստվերվում են գերակշռող ծայրահեղական գնահատականներով: Հակված ենք ենթադրելու, որ հոդվածագիրը սենսացիա ապահովելու նկատառումով դիմել է տեղեկատվական ծայրահեղականության:
Ըմբռնումով մոտենում և կիսում ենք բնապահպանական կազմակերպությունների արդարացի վրդովմունքը վերոնշյալ հոդվածի կապակցությամբ: Հարկ ենք համարում նշել, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները մշտապես պատրաստակամ են համագործակցել կառուցողական դիրքորոշում ունեցող բնապահպանական կազմակերպությունների հետ, շահագրգռված են նրանց հեղինակությունն անբասիր պահելու խնդրում և հայտնում են իրենց բարոյական աջակցությունը տեղեկատվական ծայրահեղականությունից պաշտպանվելու հարցում:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:
Դեկտեմբեր 05, 2008