

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տրամադրել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից Երևանի Բուսաբանական այգում անտառպուրակի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին: Դեռևս ս.թ. հուլիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել էին Բուսաբանական այգու տարածքում՝ արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները: Նախագծով պուրակի տարածքը պետք է կազմի 35 հա և ունենա զբոսանքի և հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային ուղիներ, աստիճանավոր կասկադ:
Համաձայն ՇՄԱԳ հայտի՝ պուրակում նախատեսվում է կառուցել նաև նոր արհեստական լճակ՝ 4620 քառ. մ մակերեսով: Բլուրի ամենաբարձր մակարդակում կլինի հուշահարթակը, որի վրա նախատեսվում է կառուցել ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը: Շինարակական աշխատանքների ավարտից հետո կիրականացվի տարածքի կանաչապատում՝ տարածքում կտնկվեն ասեղնատերևավոր ու բացառիկ չորադիմացկուն մոտ 20-25 ծառ և 20 թուփ: Պուրակի ստեղծման շրջանակներում կփոխարինվի նաև ոռոգման համակարգը՝ կտեղադրվի սպրինկլերային ժամանակակից համակարգ:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտին դրական եզրակացությունը տրվել է համապատասխան փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով:
Օգոստոս 17, 2022 at 14:29