ՍՈՂԱՆՔՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԻԼԻՋԱՆԻՆ

ՍՈՂԱՆՔՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԻԼԻՋԱՆԻՆ

Արարատ Ալիխանյան, Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող

Սողանքները իսկական չարիք են դարձել Դիլիջան քաղաքի համար: Հատկապես վտանգավոր է դարձել համայնքի Մյասնիկյան փողոցի մի զգալի հատված: Աղետի գոտում են հայտնվել նորակառույց բաց ամֆիտաթրոնը, բնակելի առանձնատներ, «Հին Դիլիջան» պատմամշակութային թանգարանը, համայնքային բանուկ ճանապարհը և այլ ենթակառուցվածքներ: Սողանքների ակտիվացմանը նպաստեցին նաև ամառային հորդառատ անձրևները և ներկայումս մայթերը և ճանապարհը մի ամբողջ երկյանքով հիշեցնում են բլրակներ, փլվել են հենապատարերը, ճաքճքել ասֆալտը, հոսել է մեծ քանակությամբ հող, քանդվել մի քանի քարե գեղեցիկ հենապատեր: Թվում է, թե ամեն վայրկյան կարող է մի ամբողջ հողատարում սկսվի, և հետևանքները նույնիսկ ամենահոռետեսները չեն կարող պատկերացնել: Ուղղակիորեն սպառնալիքը ամեն օր «խաղում է» քաղաքացիների ու այդ տեղամասերում գտնվող կառույցների սեփականատերերի նյարդերի հետ: Բազմաթիվ պետական հանձնաժողովներ են այցելել և գնահատումներ կատարել, սակայն դեռ ոչինչ չի արվել ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Իսկ աղետը չի սպասում: Տեղական ինքնակառավարման մարմինները, իհարկե, չունեն նման ֆինանսական ռեսուրսներ, որ կարողանան սեփական ուժերով լուծել խնդիրը: Բնակչության ողջ հույսը կառավարության միջամտությունն է:

Դիլիջանի բնապահպանական տեղեկատվության (Օրհուս) հասարակական կենտրոնը խնդիրը բարձրացրեց համապատասխան գերատեսչություններին և ստացավ պատասխան, որ կենտրոնը ներկայացնի կանխարգելիչ աշխատանքների հաշվարկները: Սակայն, Օրհուս կենտրոնը չէր կարող նման գնահատման աշխատանքներով զբաղվել, քանի որ դա իր ուժերից վեր գործընթաց է: Ինչևէ, հարցը կրկին մնաց և այս անգամ Օրհուս կենտրոնը ձեռնամուխ եղավ ակտիվացած սողանքների վրա պետական մարմինների ուշադրությունը գրավելու եւ բնակչության մտահոգությունը հայտնելու համար քաղաքում ստորագրահավաք իրականացնելուն: Հավաքվեց մի քանի հարյուր ստորագրություն, որը կից նամակով ուղարկվելու է ՀՀ Քաղաքաշինության նախարարություն: Միակ հույսը, որ մնում է՝ ապավինել, ստանալ գոնե հուսադրող պատասխան և սպասել գործնական քայլերի: Շատ զարմանալի է, որ զբոսաշրջության զարգացման ներուժ ունեցող Դիլիջանում նման օրհասական խնդրին մեկընդմերթ են ուշադրություն դարձնում՝ այն էլ այցելություն կատարելով այդ տեղամասերը  և զարմանք ստանալով տեսածից: Եվ այն է հետաքրքիր, որ հենց սողանքի «լեզվակի» ներքո է գտնվում այն պատմամշակութային վայրը, որտեղ հենց շատ են այցելում զբոսաշրջիկների խմբերը:

Օրհուս կենտրոնը կոչ է անում լրատվամիջոցներին ու բնապահպանական կազմակերպություններին բարձրացնել և հասարակական հնչեղության խնդիր դարձնել Դիլիջանին սպառնացող սողանքների դեմ պայքարը, քանզի վտանգը ամեն պահ կարող է անդառնալի հետևանք ունենալ: Իսկ մարդու կյանքը ոչնչով չես փոխհատուցի:

Հոկտեմբեր 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր