

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Հաշվի առնելով այն փաստը, որ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգու համար քննարկվել և նույնիսկ նախնական հավանության է արժանացել բնակչության դժգոհությունն առաջ բերած ծրագիրը՝ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ուշադրություն է հրավիրում հետևյալի վրա.
• նշված նախագծի իրականացման դեպքում այլևս այգին կկորցնի իր նշանակությունը, քանի որ զբոսայգին աքցանի մեջ կառնեն ստորգետնյա և վերգետնյա կոմերցիոն առևտրային կառույցները, անխուսափելիորեն կտուժեն հազվագյուտ ծառերն ու ծառարմատները,
• տարրական քաղաքաշինական նորմերի համաձայն զբոսայգու միջավայրն անհամատեղելի է առևտրային կառույցների հետ և ի սպառ կբացառի քաղաքացիների հանգստի և մեկուսի զբոսնելու հնարավորությունը,
• նշված նախագծով վերջնականապես խաչ է քաշվելու Ալ. Թամանյանի նախագծած Գլխավոր պողոտայի հայեցակարգի վրա,
• Երևանի քաղաքաշինության խորհրդի նիստում ճարտարապետները ոչ թե հավանություն են տվել այդ նախագծին, այլ ընդգծել են, որ այն այգում հյուրանոց կառուցելու նախորդ առաջարկի համեմատ ավելի լավն է,
• նման նախագծի իրականացումը վերջակետ կդնի Երևանի կենտրոնի վերջին հանրային զբոսայգու վրա և այն կհանգեցնի արդեն բետոնապատված Օղակաձև զբոսայգու վիճակին, ինչն արվել է նույն կանաչապատման հիմնավորմամբ։
Ելնելով վերը շարադրվածից՝ Երևանի իշխանություններին և ՀՀ մյուս պատասխանատու գերատեսչություններին հորդորում ենք.
• սկզբունքային մոտեցում ցուցաբերել Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանրային զբոսայգիների պետական ֆինանսավորման և խնամքի հարցում,
• այդ այգիները չզոհել մասնավոր շահերին, ինչի արդյունքում չեն շահելու ո՛չ քաղաքացիները և ո՛չ էլ այդ մասնավոր ընկերությունները,
• քաղաքային իշխանություններին՝ հրաժարվել վերոնշյալ նախագծի իրականացումից, «Երևաննախագիծ» ինստիտուտին՝ անաչառ մասնագիտական եզրակացություն տալ, ճարտարապետների հանրությանը՝ սեփական մասնագիտական կարծիքը չզոհել պահի նպատակահարմարությանը և օբյեկտիվ գնահատական տալ նման ճակատագրական խնդրին,
• 2011 թվականի Երևանի բյուջեի քննարկումների ընթացքում քաղաքի բյուջեի ծախսային մասում կրկնապատկել հանրային զբոսայգիների խնամքի համար նախատեսվող միջոցները,
• ցանկացած շինարարություն սկսելուց առաջ պարտադիր պայման դնել այդ մասին նախօրոք տեղեկատվություն հրապարակելը մամուլի միջոցով և հարակից շենքերի բնակիչների հետ հանրային քննարկումներ անցկացնելը,
• շտապ կերպով համայնքային բյուջետային միջոցներ ուղղորդել Երևանի հանրային սեփականություն հանդիսացող այգիների բարեկարգման՝ ծառերի ու խոտածածկի մշտական ոռոգման և խնամքի համար։ Առաջնահերթություն ենք համարում հատկապես հետևյալ առավել վտանգված այգիների փրկությունը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող այգին, Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով սրճարաններից զերծ մնացած այգու կտորները, Ուսանողական այգին, Կիրովի այգին և մյուս զբոսայգիները,
• դադարեցնել քննարկման փուլում գտնվող բոլոր շինարարական նախագծերի իրականացումը, որոնք տեղի են ունենալու հատկապես Երևանի կենտրոնում կանաչ գոտիների հաշվին։
Երևանցիները դժգոհում են կանաչ տարածքների անխնա ոչնչացումից և նման նախագծերի իրականացումը բացասական տրամադրված միջավայրում, ի վերջո, հանգեցնելու է ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջացմանը: Պահպանենք մեր հանրային այգիները, քանի որ դրանք պատկանում են մեզ' հանրությանը:
Հոկտեմբեր 06, 2010
