Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրվում է նոր համակարգ, որը կբացառի շինարարական աղբը չսահմանված վայրերում թափելու դեպքերը: Այս մասին ս.թ. մայիսի 8-ին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Շինարարական աշխատանքների ավարտական ակտերը կտրամադրվեն միայն շինարարական աղբի՝ համապատասխան աղբավայր տեղափոխումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ արդեն իսկ մշակել են աղբն ընդունող, արտադրող և տեղափոխող եռակողմ կտրոնի ձևը: «Կտրոնի ձևը տրամադրվել է Կոմունալ վարչությանը, Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարներին: Միաժամանակ քննարկվել է աղբավայրի տեղը նշելու մասին տեղեկությունը ավելացնելու հնարավորությունը: Սա և կտրոնի առկայությունը կզգաստացնեն բոլորին, և հաշվառելի ու չափելի կդարձնեն աղբի ծավալները»,- նշել է նա:
Քննարկման ընթացքում նաև նշվել է, որ կներդրվեն վերահսկողության նոր մեխանիզմներ՝ կեղծումները բացառելու նպատակով:
Մայիս 08, 2023 at 18:15