Նախատեսվում է վերականգնել Դալմայի այգիների՝ 19-րդ դարի առաջին քառորդում կառուցված հնձանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ մասնավորի հետ համագործակցությամբ 2023թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պեղումներ են իրականացվել Դալմայի այգիներում հնագետ Արման Նալբանդյանի մասնակցությամբ: «Կառույցն ամբողջությամբ ծածկված էր փլատակներով և աղբով: Աշխատանքների ընթացքում ոչ միայն մաքրվեց հնձանն ու հեռացվեցին հարյուրավոր թափված քարեր, այլև պեղվեց անխաթար մնացած մշակութային շերտը, որի արդյունքում հնձանի ներսում բացվեցին կրասվաղ հատակը, գինին պահելու հորը, տաքարը, առվակոսը և, հավանական է, նաև առագաստը: Գտնվեցին 18-20-րդ դարերի խեցեղենի բազմաթիվ բեկորներ, այդ թվում՝ ջնարակված, մետաղական տարբեր առարկաներ: Առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեռևս 2019թ. Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը տեղեկացրել էր, որ Դալմայի այգիներին տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
Հոկտեմբեր 18, 2023 at 14:12