

Հայաստանում սույն թվականի դեկտեմբերի 8-ին մեկնարկեց «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը։ Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացնում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից (ԳՄՀԸ), այս ծրագիրը ԳՄՀԸ-ի «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս է։
Ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիություն՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը:
Ծրագիրը կիրականացվի ՀՀ Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Ծրագրի անմիջական շահառուներն են տեղական համայնքներն ու բնակչությունը: Առաջնայնություն կտրվի ցածր եկամուտ ունեցող խոցելի տնային տնտեսություններին և հանրային/համայնքային կառույցներին, ներառյալ մանկապարտեզները, առողջության, սպորտի և մշակույթի կենտրոնները, բուսաբանական այգիները, տեղական թանգարանները և այլն:
Ծրագրի շրջանակներում խոցելի, ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում կխթանեն կոշտ կենսավառելիքով աշխատող էներգաարդյունավետ վառարանների օգտագործումը և կզարգացնեն տեղական արտադրողների կարողությունները:
Ընտրված տնային տնտեսություններում կիրականացվեն պիլոտային գործողություններ, ներառյալ (մասնակի) ջերմամեկուսացման և այլ նորարարական միջոցառումներ: Կխթանվեն մինչև 5 ԿՎտ հզորությամբ արևային վահանակների, արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և պարզ էներգաարդյունավետության միջոցառումները հանրային/համայնքային կառույցներում: Աջակցություն կտրամադրվի մոտ 20-25 ԿՎտ կամ ավելի հզորությամբ արևային կայանների տեղադրմանը և էներգաարդյունավետության միջոցառումներին հանրային/համայնքային կառույցներում: Կուսումնասիրվեն այլընտրանքային կենսազանգվածի գյուղատնտեսական արտադրության և այլընտրանքային կենսավառելիքի խթանման հնարավորությունները: Աջակցություն կցուցաբերվի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի մասին իրազեկության բարձրացմանը և լավագույն փորձի տարածմանը տեղական համայնքներում, մարզերում և ազգային մակարդակում:
Ծրագրի մեկնարկային միջոցառման ժամանակ Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թրինտրուպը կարևորեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Եվրոպական միության և ՀՀ կառավարության եռակողմ համագործակցությունը հանուն Հայաստանի կայուն զարգացման, որի կարևոր բաղադրիչներից է նաև էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ապահովումն ու հզորացումը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը նշեց, որ ծրագիրը նպաստում է ԵՄ գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը: Նա կարևորեց վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության դերը ՀՀ-ում բնապահպանական օգուտների՝ անտառների պահպանության, կլիմայի վրա ազդեցության նվազման ապահովման գործում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ համայնքների և տնային տնտեսությունների համար էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությունը կարևոր նախադրյալ է համայնքային զարգացման և գյուղական բնակչության բարեկեցության և էներգետիկ անվտանգության համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ տարիների ընթացքում համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը պատրաստել է ոլորտի մասնագետներ, որոնք իրենց տեղն են գտել էներգետիկայի ոլորտի գործնական, գիտական, կիրառական և այլ ուղղություններում:
Դեկտեմբեր 11, 2023 at 18:08