Հայաստանում ջեռուցման սարքերի և վառարանների նոր մոդելներ են մշակվում՝ դրանց էներգաարդյունավետությունը բարձրացնելու և օգտագործվող վառելիքի պահանջարկը նվազեցնելու համար:
Սույն թվականի նոյեմբերի 27-ին «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ այցելություն կոշտ կենսավառելիքով աշխատող ջեռուցման սարքերի՝ վառարանների և լոկալ ջեռուցման կաթսաների գնահատման տեղամաս Հրազդանում: Այս մասին տեղեկացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ):
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ:
Ներկաները ծանոթացել են կոշտ կենսավառելիքով աշխատող տեղական արտադրության մեկ կետի վառարանների և լոկալ ջեռուցման կաթսաների էներգաարդյունավետության և այլ տեխնիկական բնութագրերի գնահատման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից հավաքագրված և գնահատված ջեռուցման սարքերին: Գնահատման աշխատանքներն իրականացնող «Ջերմաէլեկտրանախագիծ» ՍՊԸ-ի տեղական փորձագիտական թիմը և ներգրավված միջազգային փորձագետը ներկայացրել են գնահատման նախնական արդյունքները և ջեռուցման սարքերի բարելավված մոդելները, որոնք ապահովում են ավելի բարձր էներգաարդյունավետություն և օգտագործվող վառելիքի (վառելափայտ, ծղոտի բրիկետ) պահանջարկի նվազեցում: Քննարկվել են դրանց խթանման և ներդրման ընդլայնման հնարավորությունները և հնարավոր հետագա քայլերը:
«ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» «ԷԿՈսերվ» ծրագրի մաս:
Դեկտեմբեր 04, 2023 at 10:57