Սույն թվականի նոյեմբերի 16-ին Բրյուսելում տեղի ունեցավ «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը և ղեկավար կոմիտեի նիստը։ Միջոցառմանը մասնակցում էին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի թիմը, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Էներգետիկ համայնքի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, Արևելյան գործընկերության 5-երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի ՄԱԶԾ ներկայացուցիչները, լիազոր նախարարությունների ներկայացուցիչները։
Հայաստանից միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի հայաստանյան բաղադրիչի ղեկավար Արտակ Բաղդասարյանը, Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Անի Խաչատուրյանը։ Քաղաքացիական հասարակության կողմից միջոցառմանը մասնակցեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, ով ներկայացնում էր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը։
Մասնակիցներին ողջունեցին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ներկայացուցիչ, «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի թիմի ղեկավար Ջերալդ Աուդազը, Եվրոպական հանձնաժողովի Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինության ներկայացուցիչ, քաղաքականության պատասխանատու Ֆաբիան Փորչերը և ՄԱԶԾ Ստամբուլի տարածաշրջանային կենտրոնի տարածաշրջանային առաջնորդ Լաուրա Ալթինգերը։
Ջերալդ Աուդազը նշեց, որ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը կունենա երկրորդ փուլ։ Նոր ծրագիրը կենտրոնանալու է «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում մշակված կլիմայի քաղաքականության իրականացման վրա:
Ֆաբիան Փորչերը նշեց, որ ուշադրություն է դարձվելու ոչ միայն ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացմանը, այլև հաշվետվողականությանն ու թափանցիկությանը։
Լաուրա Ալթինգերը կարևորեց Ծրագրի շրջանակներում իրավական և կարգավորող փաստաթղթերի մշակման աջակցությունը։ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության 5 երկրները մշակել են Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ), Ցածր ածխածնային զարգացման երկարաժամկետ ռազմավարություններ, կլիմայի մասին օրենքների նախագծեր, կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման գործողությունների ծրագրեր և այլն։
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի փորձագետները ներկայացրին կատարված աշխատանքի արդյունքները։
Այսպիսով՝ Ծրագրի շրջանակներում մշակվել է կլիմայի վերաբերյալ ԵՄ համաձայնագրերի իրականացման 5 ճանապարհային քարտեզ, 9 օրենսդրական նախագիծ։ Ընդունվել է 2 օրենք և 1 կանոնակարգ։
Երկրների ձեռքբերումներն են՝
- ջերմոցային գազերի կադաստրերի գործընթացների բարելավումը
- նորացված ԱՍԳ-ների՝ կառավարությունների կողմից հաստատումը
- արտանետումների մոդելավորման և երկարաժամկետ պլանավորման փորձի ավելացումը
- շահագրգիռ կողմերի ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացումը
- մեղմման և հարմարվողականության գործողությունների պլանների մշակումը բոլոր մակարդակներում (ազգային-քաղաքային)
- կլիմայական ֆինանսավորման գործիքների մասին տեղեկատվության տրամադրումը
- կլիմայական գործողությունների ինտեգրումը ոլորտներում
- գենդերային հավասարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը
Այնուհետև, երկրները ներկայացրին իրենց կատարած աշխատանքը, մշակած և կառավարությունների կողմից ընդունված փաստաթղթերը։
Հայաստանի կատարած աշխատանքը
ԷկոԼուրի հետ հարցազրույցում «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի հայաստանյան բաղադրիչի ղեկավար Արտակ Բաղդասարյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի ԱՍԳ-ն, որը ՀՀ կառավարությունն ընդունել 2021թ․, «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը, մշակվել է «Օզոնային շերտի պահպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և դրան հարակից ենթաօրենսդրական ակտերի նախագծերի փաթեթը, Ցածր ածխածնային զարգացման երկարաժամկետ ռազմավարության նախագիծը, ԱՍԳ-ի իրականացման պլանը և ֆինանսական ռազմավարությունը, Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագիրը և ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը։ Արտակ Բաղդասարյանը նշեց, որ մշակվել են նաև մի շարք վերլուծություններ, որոնցից են հանրային կլիմայական ֆինանսավորման ծախսային վերլուծությունը, մեղմման ներուժի ոլորտային հետազոտություններ գյուղատնտեսության, տրանսպորտի, հողօգտագործման և հողօգտագործման փոփոխության, անտառային ոլորտներում։ Ծրագրի շրջանակներում մշակվել են նաև Չափումների, հաշվետվողայնության և հավաստագրման համակարգի (MRV) կայացման ճանապարհային քարտեզը, վերլուծվել է Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կլիմայական հանձնառությունների ճանապարհային քարտեզի իրականացման առաջընթացը և խնդիրները։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը միջոցառման ընթացքում ներկայացրեց Ծրագրի շրջանակներում կլիմայական օրակարգի ազգային օրենսդրության իրավական կարգավորումները, ներդաշնակեցումը ԵՄ օրենսդրության հետ: Ներկայացնելով «Մթնոլորտային օդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ նա նշեց, որ օրենքով նախատեսվում է մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման կարգի և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգի մշակում, մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառում և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրում, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկի մշակում և հաստատում։
Անդրադառնալով օրենքի պահանջների իրականացման առաջընթացին՝ Դիանա Հարությունյանը նշեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկվել է օդի որակի մոնիտորինգի բարելավման հայեցակարգը, ընդունման վերջին փուլում է «Ջերմոցային գազերի գույքագրման կարգ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է MRV ազգային համակարգի ներդրման նախագիծը, որը սահմանում է տարբեր հաստատությունների պարտականությունները։
Ինչպես նաև տեղեկացրեց «Կլիմայի մասին» օրենքի մշակման մասին, որով կարգավորվելու է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, այդ գործընթացների համակարգման, ինչպես նաև այդ գործընթացներում պետության, համայնքների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև իրավահարաբերությունները։
Օրենքը կապահովի իրավական հիմքեր ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ ՀՀ միջազգային հանձնառությունների համաձայն։
Հայաստանի կլիմայական քաղաքականության շրջանակը, հիմնական ձեռքբերումները, այդ թվում՝ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարության նախագիծը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը։
Նա, մասնավորապես, նշեց, որ ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարության նախագծով կլիմայական չեզոքության համար երկիրը թիրախ է վերցրել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել մինչև 2.07 տ CO2 համարժեք մեկ շնչի հաշվով մինչև 2050թ-ը։ Այդ թիրախին հասնելու համար Հայաստանը մտադիր է միջոցառումներ իրականացնել տնտեսության տարբեր ճյուղերում։
Էներգետիկայի ոլորտ
- Հասցնել արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ մինչև 2040թ․
- Զարգացնել էներգիայի կուտակման օբյեկտներ և խթանել էլեկտրոնային շարժունակությունը
- Օգտագործել միջուկային էներգիա, ապահովելու էներգամատակարարման կայունություն և էներգետիկ անվտանգություն
- Իրականացնել կենսազանգվածի, կենսագազի, ջրածնի օգտագործման հնարավորությունների ուսումնասիրություններ
- Ածխածնի որսման և պահպանման տեխնոլոգիաները կդիտարկվեն միջազգային մակարդակով դրանց կիրառման տեխնոլոգիաների զրագացման դեպքում:
Գյուղատնտեսություն
- Խթանել բոլոր անասնաբուծական տնտեսություններում կենսագազի կայանների օգտագործումը
- Ստեղծել արդյունավետ ենթակառուցվածք և մեխանիզմներ գյուղատնտեսական թափոնների հավաքման և կառավարման համար
- Ներդնել տեխնոլոգիական լուծումներ անասնապահության բնագավառում մեթանի արտանետումները նվազեցնելու համար, մասնավորապես, նոր ցեղատեսակների բուծման, կերային հավելումների օգտագործման միջոցով
- Ապահովել արոտավայրերի կայուն կառավարում
- Ինտեգրել կենսաբազմազանությունը գյուղատնտեսական հողերում և ներդնել օրգանական գյուղատնտեսության մեթոդներ
Բարձրացնել հանքային պարարտանյութերի կիրառման ճշգրտությունը, օգտագործել օրգանական պարարտանյութեր
Տրանսպորտ
- Բարելավել բնակավայրերի պլանավորումը և տրանսպորտային ենթակառուցվածքները
- Բարելավել հասարակական տրանսպորտի համակարգը
- Ինտենսիվորեն նորացնել և արդիականացնել ավտոպարկը՝ ներառյալ ավտոբուսային պարկը, աստիճանական անցում կատարելով դեպի էլեկտրական շարժիչով մեքենաների
- Օպտիմալացնել ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների երթուղիները
Թափոններ
- Նվազեցնել կոշտ և աղբավայրերի պինդ թափոնների և մասնավորապես օրգանական թափոնների ծավալը
- Անցում կատարել դեպի դեպի կառավարվող աղբավայրեր, բացառել աղբի բաց այրումը
- Կատարելագործել կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաները
Նոնա Բուդոյանը նաև խոսեց «ԵՄ-ն կլիմայի համար 2» ծրագրից Հայաստանի ակնկալիքների մասին։ Ըստ նրա՝ Հայաստանն ակնկալում է աջակցություն ստանալ Հայաստանի 2021-2030 թթ․ ԱՍԳ իրականացման, կլիմայի ֆինանսավորման ազգային շրջանակի կատարելագործման և նորարարական ֆինանսական գործիքների ներդրման համար։ Նաև աջակցություն է անհրաժեշտ՝ ամրապնդելու կլիմայի հետ կապված քաղաքականության որոշումների վերլուծական/մեթոդական հիմքը՝ ավելի հավակնոտ կլիմայական օրակարգի իրականացման համար, բարձրացնելու հանրային իրազեկությունը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցային ներգրավվածությունը կլիմայական քաղաքականության մշակման գործընթացներում։
Վիկտորյա Բուռնազյանը կարևորեց «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերի իրագործումը։ «Մեր համայնքային այցելություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքները խիստ խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Նրանք կարիք ունեն կլիմայի փոփոխության ազդեցության հարմարվողականության և մեղմման միջոցառումների իրականացման աջակցության։ Այս կապակցությամբ հարկավոր է բարձրացնել ՏԻՄ-երի կարողությունները և գիտելիքները»,- ասաց նա։
«ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի փորձագետ Իվանա Միյատովիչն արձագանքելով նշեց, որ Ծրագրի 2-րդ փուլն ուղղվելու է ընդունված փաստաթղթերի կյանքի կոչմանը՝ կարևորելով համայնքներում կլիմայական ծրագրերի իրականացումը, կարողությունների զարգացումը։
Ծրագրի շրջանակներում կլիմայական օրակարգի ձևավորման և իրականացման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման նպատակով տրամադրված աջակցության համար երախտագիտական խոսքով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Անի Խաչատուրյանը:
Նոյեմբեր 24, 2023 at 13:50