LILA ծրագիրն աջակցում է Ենոքավանում զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը

LILA ծրագիրն աջակցում է Ենոքավանում զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը

Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրը Հայաստանի հայտնի էկոզբոսաշրջային կենտրոններից  է, որի գրավչությունը բնությունն է, անտառը, թռչունների ու կենդանիների բազմազանությունը, աշխարհագրական դիրքն ու պատմամշակութային վայրերը:

Գյուղի գեղատեսիլ բնության պահպանմանը, կայուն օգտագործմանը, ինչպես նաև վայրի կենդանիների էկոմիջանցքի պահպանմանը նպաստում են «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) և «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» ծրագրերը։

LILA ծրագրի շրջանակներում Ենոքավանի վարչական շենքի տանիքին տեղադրվել է 20 կվտ հզորությամբ արևային կայան, որի արտադրած էլեկտրաէներգիան վարչական շենքի և գյուղի փողոցային լուսավորության համար է։

Աջակցություն է ցուցաբերվել Ենոքավանի հյուրատներից մեկի ընդլայնման համար, այժմ աշխատանքներ են տարվում նոր հյուրատուն և վրանատեղի կառուցելու ուղղությամբ։ Իսկ էկոմիջանցքների ծրագրի շրջանակներում ստեղծվելու են համայնքային բնապահպանական տարածքներ, տարբեր մրցույթների ձևով խրախուսվում է գյուղում բնության պահպանությունը, բնապահպանական մտածողությունը։

Գյուղն ունի ընձառյուծի խնամակալ՝ գյուղի բնակիչ, ռենջեր Արման Գաբրիելյանը։ Խոսելով ընձառյուծի խնամակալի իր պարտականությունների մասին՝ Արմանը ԷկոԼուրին պատմեց. «Ամսվա մեջ մի քանի անգամ հետևում եմ անտառներում տեղադրված ֆոտոթակարդներին, ստուգում դրանց տեխնիկական վիճակը, մարտկոցների սարքինությունը»:

Արմանը հիշեց, որ մի անգամ անձամբ է տեսել ընձառյուծին. «Մեր կանգնած վայրից մի 15 կմ հեռավորության վրա ես իրեն հանդիպել եմ: Կարող եմ մարդկանց խորհուրդ տալ անտառում մենակ եղած ժամանակ սուս արած չքայլել, երգելով, խոսելով քայլել: Ընձառյուծը ձեր ձայնից կհեռանա, չի մոտենա»,- ասաց նա: Անտառում երկար ժամանակ անցկացնելով՝ Արման Գաբրիելյանը նկատել է, որ վերջին տարիներին ապօրինի անտառհատման դեպքերը պակասել են: «Մարդիկ գիտակցում են, որ անտառում ծառերի հատումը կբերի ջրից զրկվելուն: Մյուս կողմից, անտառը հարուստ է մրգերով և հատապտուղներով: Գյուղացիները սեզոնին հավաքում են, հյութեր, մուրաբաներ պատրաստում»,- ասաց նա:

Ենոքավանում գործում է տնային տուրիզմով զբաղվող շուրջ 15 տնտեսություն, 12 զբոսաշրջային կազմակերպություն:

Ենոքավանի վարչական ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը զբոսաշրջային գյուղի մասին ԷկոԼուրին ասաց․ «Այս պահին արդեն ունենք աշխատողի խնդիր, որի միջին օրական աշխատավարձը 5-10 հազար դրամ է: Գյուղում մոտավորապես 9 նոր տուրիստական շենք-շինություններ են կառուցվում: Բնությունն ու էկոտուրիզմը մեր գյուղի բրենդն է: Այստեղ կա զիփլայն, ձիարշավարան։ Սնունդը ձեռք են բերում գյուղացիներից, ինչի արդյունքում զարգանում է նաև անասնապահությունն ու դաշտավարությունը»:

Գյուղում աշխատանքներ են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ «Դռդռան կոչվող տարածքից 8,5 կմ խողովակաշարով  ջուր կբերվի: Դեպի «Ապագա» ռեզորթ տանող 3240 մ ճանապարհը կասֆալտապատվի, ինչը նույնպես խթանում է տուրիզմի զարգացմանը», - ասաց Անդրանիկ Չիբուխչյանը:  

Արման Գաբրիելյանն էլ կարևորեց գյուղում տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: «Մարդիկ գալիս են գյուղ, չգիտեն, թե որ կողմ գնան: Իսկ եթե լինի տեղեկատվական կենտրոն, որտեղ զբոսաշրջիկներին կտեղեկացնեն, թե որտեղ ինչն է գտնվում՝ դրական ազդեցություն կունենա»,- ասաց նա:

«Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» ծրագիրն իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ՝ KfW բանկի միջոցով:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ գործընկերությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։

Փետրվար 09, 2024 at 17:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր