Նոր արևային կայան՝ Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում

Նոր արևային կայան՝ Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում

«Լիմա սոլյուշն» ՍՊԸ-ն մտադիր է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում 10 ՄՎտ հզորությամբ արևային կայան կառուցել։ Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Սույն թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:00-ին, Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նշանակված է հայտի 2-րդ հանրային քննարկումը։

«Դդմաշեն» արևային էներգիայի նախագիծը կզբաղեցնի ավելի քան 20 հեկտար տարածք։ Կայանում կտեղադրվի 17544 հատ արևային ֆոտովոլտային մոդուլ։ Ըստ հայտի՝ մոդուլները ներկրվելու են Շանհայից։ «Նախատեսվող բոլոր սարքավորումներն ունեն եվրոպական ստանդարտներին բավարարող ամենախիստ հավաստագրերը», - վստահեցնում են հայտի հեղինակները։

Կայանի տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկից 9 կմ հեռավորության վրա։ Ըստ հայտի՝ աշխատանքները բացասական ազդեցություն չեն կարող թողնել ազգային պարկի վրա։ Նշված է, որ մոտակա բնակելի տունը գտնվում է 1․6 կմ հեռավորության վրա։

Ըստ հայտի՝ տարածքը շրջապատված է արոտավայրերով և վարելահողերով, սակայն դրանք գործնականում չեն օգտագործվում ոռոգման բացակայության պատճառով։

Վտանգավոր թափոնները նախատեսում է պահել համապատասխան պահեստներում։

Փետրվար 13, 2024 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր