Հայաստանը միացել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին։ Համաձայնագիրը սույն թվականի նոյեմբերի 16-ին ստորագրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և բնօրինակը պաշտոնապես հանձնել է համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային։ Արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Գաղտնիք չէ, որ Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է արևային էներգետիկայի ոլորտում և արևային էներգետիկայի ոլորտում համագործակցության հաստատումը դրական և նոր զարգացումների հիմք կստեղծի։ Հայաստանի համար ևս վերականգնվող էներգետիկան համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից է․ վերջին տարիներին հատկապես զարգանում է արևային էներգետիկան», - ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ համաձայնագրին Հայաստանի միացումը համահունչ է Էներգետիկայի զարգացման ռազմավարությանը, որով նախատեսվում է 2030թ արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 տոկոսի կամ 1000 ՄՎտ-ի, իսկ 2030-2040թթ՝ կառուցել ևս 500 ՄՎտ գումարային հզորությամբ արևային կայաններ։
Միջազգային արևային դաշինքը հիմնադրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները մեկտեղելու և արևային էներգիայի ռեսուրսները լայնորեն կիրառելու նպատակով: Ներկայում դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրել են 116 պետություն, որոնցից 94-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար։ Դաշինքը, հանդիսանալով համաշխարհային հարթակ, սերտ համագործակցություն է ծավալում բազմակողմ զարգացման բանկերի (MDBs), զարգացման ֆինանսական հաստատությունների (DFIs), մասնավոր և պետական հատվածի կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և այլ միջազգային կառույցների հետ:
Նոյեմբեր 17, 2023 at 10:49