

Հայաստանի Երևան ու Գյումրի քաղաքները միացել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Կանաչ քաղաքներ» ծրագրին: Այս քաղաքների համար մշակվել են Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրեր (GCAP): Դրանք միտված են հաղթահարելու Երևանի և Գյումրիի բնապահպանական խնդիրները և կլիմայական մարտահրավերները: Ներկայում աշխատանքներ են տարվում Վանաձոր քաղաքի համար ծրագիր մշակելու ուղղությամբ:
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովին ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Ռուդիկ Թադևոսյանը ներկայացրեց, թե ինչ արդյունքներ են գրանցվել ծրագրի ընթացքում:
Ռուդիկ Թադևոսյանը նշեց, որ «Կանաչ քաղաքների» շրջանակային համաձայնագիրն ընդունվել է 2016թ., որի առաջնային նպատակն է հանդես գալ որպես տարբեր ոլորտներ ընդգրկող կատալիզատոր՝ ուղղված քաղաքային մակարդակով բնապահպանական խնդիրների լուծմանը: «Այս նպատակն իրականացվում է Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերի ստեղծման և դրա հետագա իրականացման գործողություններով: Դրանք գործում են որպես քաղաքի ամենահրատապ բնապահպանական մարտահրավերները մատնանշելու գործիք՝ ուղղորդելով նեդրումները դեպի էկոլոգիապես մաքուր նախաձեռնություններ: «Կանաչ քաղաքների» շրջանակը համահունչ է բանկի քաղաքային և բնապահպանական ռազմավարությանը, կանաչ տնտեսական անցումային ստրատեգիային, գենդերային հավասարության զարգացման ռազմավարությանն ու Փարիզյան համաձայանգրի նպատակներին»,- ասաց նա:
Ըստ բանախոսի՝ «Կանաչ քաղաքների» շրջանակն ընդգրկում է մոտավորապես 5 միլիարդ եվրոյի ծրագրեր: «Ծրագիրը կենտրոնացած է քաղաքային տրանսպորտի, կենտրոնացված ջեռուցման, կոշտ թափոնների կառավարման, վերականգնվող էներգետիկայի, ջրի և կեղտաջրերի կառավարման, շենքերի էներգարդյունավետության և փողոցների լուսավորության ոլորտներում»,- նշեց նա:
Ռուդիկ Թադևոսյանն ընդգծեց, որ ծրագրին առաջին միացող քաղաքը Երևանն էր։ Արդեն այսօր ծրագրին միացել է շուրջ 60 քաղաք: Ծրագրի ընթացքում իրականացվել է 2.6 միլիարդ եվրոյի ներդրում կայուն ենթակառուցվածքների ստեղծման կամ վերակառուցման ոլորտում, ՎԶԵԲ-ի և դոնորների համաֆինանսավորմամբ տեղաբաշխվել է մոտավորապես 5 միլիարդ եվրո, ներդրումները թույլ են տվել նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները տարեկան շուրջ 4635 կիլոտոննայով:
Ըստ նրա՝ գործողությունների ծրագիրը ներառում է կլիմայի փոփոխությանը հարմարվելու ամուր ենթակառուցվածքների ստեղծում և աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարությունների իրականացման միջոցառումներ: «Ընդհանուր պորտֆելը կազմում է 88 ստորագրված ծրագիր: ՎԶԵԲ-ի կողմից մինչ օրս Երևանի Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրիի շրջանակներում իրականացվել են երկու՝ Երևանի ավտոբուսների և ՀԷՑ-ի արդիականացման ծրագրերը: Հաջորդը Գյումրու կանաչ քաղաքների ծրագիրն է»,- նշեց նա:
ՀԷՑ-ի արդիականացման ծրագրով իրականացվել է բաշխիչ ցանցի արդիականացում, ենթակայանների վերակառուցում, խելացի բաղադրիչների ներդրում: Ըստ բանախոսի՝ խելացի կառավարման, ավտոմատացման համակարգի ներդրմամբ հնարավարություն է ստեղծվել առնվազն 20%-ով բարելավել էներգաարդյունավետությունը, ինչպես նաև ներգրավել վերականգնվող էներգիայի ինտեգրման հարցեր:
Երևանի ավտոբուս ծրագրի արդյունքում ձեռք է բերվել սեղմված բնական գազով աշխատող ժամանակակից 12 մետրանոց 87 ավտոբուս: Ծրագիրի շրջանակներում ակնկալվում է տարեկան 35 հազար տոննա ածխաթթու գազի արտանետումների նվազում մայրաքաղաքում:
Գյումրու «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվել է փողոցների լուսավորության արդիականացման և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր: Տեղադրվել է 1200 լեդ լուսատու, բարեկարգվել է 33 փողոց և երկու հրապարակ, մշակվել է ավտոկայանատեղիների ռազմավարություն և գործողությունների պլան: Ծրագրի արդյունքում 2021-2022թթ. փողոցային լուսավորության ուղղությամբ ծախսված միջոցների խնայողությունը կազմել է 67,2%:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրը CEE Bankwatch Network միջազգային կազմակերպության աջակցությամբ իրականացրել է «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրել է Երևան և Գյումրի քաղաքների «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրերը և դրանց իրականացումը, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով։
«ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԶԵԿՈՒՅՑ
««ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ԶԵԿՈՒՅՑ
Դեկտեմբեր 22, 2023 at 17:52