Երևանի քաղաքապետը մասնագետների հետ քննարկել է մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագիրը

Երևանի քաղաքապետը մասնագետների հետ քննարկել է մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնագետների հետ քննարկել է մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագիրը։ Շրջայցի ժամանակ նրան տեղում ցույց են տվել կենսունակությունը կորցրած ծառերը և նշել դրանք փոխարինելու անհրաժեշտությունը։

2023 թվականին Երևանում վնասվել և տապալվել է 136 ծառ։

«30-40 տարիների ընթացքում մեր հիմնական «տրավման» կապված է կանաչ գոտիների հետ։ Եթե որևէ կանաչ տարածք կտրվում և փոխարինվում է, իրապես, մենք շատ հիմնավոր պետք է լինենք», - նշել է Տիգրան Ավինյանը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ փոխարինման կարիք ունեն թեղիները, որոնք տնկվել են դեռ 1950-ական թվականներին։ «Քաղաքային պայմաններում թեղին ապրում է մի 40-50 տարի, չհաշվենք, որ այդքան էլ Երևանի ծառ չէ, պարզապես որպես արագաճ և մատչելի օգտագործել են», - ասել է նա։

«60-70 տարվա պատմություն ունեն այդ ծառերը։ Այն ժամանակվա հնարավորությունը, դենդրոլոգիական գիտության զարգացման վիճակն այդքան են թույլ տվել, այդքան են արել, որից հետո ժամանակը ցույց է տվել՝ այդ կլիմայական պայմաններում որ ծառերը կդիմանան», - նշել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտական ղեկավար Ժիրայր Վարդանյանը։

Իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի խոսքով՝ այդ ծառերն իրենց ֆունկցիան չեն կատարում։ Քաղաքապետարանն առաջարկում է կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառերով:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ քաղաքապետարանի կողմից մեկնարկեցին ծառերի հատման և փոխարինման աշխատանքները, ինչն առաջացրեց երևանցիների դժգոհությունը և անհամաձայնությունը։ 



Մարտ 11, 2024 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր