ԶՊՄԿ-ն մտադիր է Արծվանիկի պոչատարի անցումներում նոր խողովակաշարեր կառուցել և վերակառուցել շրջանառու ջրամատակարարման համակարգը

ԶՊՄԿ-ն մտադիր է Արծվանիկի պոչատարի անցումներում նոր խողովակաշարեր կառուցել և վերակառուցել շրջանառու ջրամատակարարման համակարգը

Սույն թվականի մարտի 18-ին Քաջարանի մշակույթի պալատում նշանակված են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նախաձեռնած երկու հանրային լսումները։ Առաջինը ժամը 11:00-ին է՝ շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության 2-րդ հանրային լսումը: Ժամը 12:30-ին նշանակված է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչատարի N 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության 2-րդ հանրային լսումը:

Ըստ առաջին նախագծի՝ իրականացման դեպքում շրաջանառու ջրի օգտագործումը կկազմի 20.6 միլիոն խմ։ Նախագծի իրականացման դեպքում Աճանան գետ թափվող հոսքաջրերի քանակը կկազմի տարեկան 28814.0 հազար խմ տարեկան: Արտահոսքն ունի մշտական բնույթ։  Ներկայիս պոչամբարից Աճանան գետ թափվող հոսքաջրերի քանակը կազմում է 49280.0 հազար խմ տարեկան: Նախագծի իրականացման դեպքում Աճանան գետ թափվող հոսքաջրերի քանակը կկրճատվի 20466.0 հազար խմ տարեկան քանակով, կամ 41.5%-ով։

Երկրորդ նախագծով նախատեսվում է թիվ 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խյուսատար խողովակների կառուցում: Թիվ 1 դյուկերը գտնվում է Քաջարան քաղաքից մոտ 8 կմ դեպի արևելք: Այն կառուցված է Գեղի գետի կիրճում։ Թիվ 2 դյուկերը գտնվում է Քաջարան քաղաքից մոտ 12 կմ դեպի արևելք: Այն կառուցված է Գիրաթաղ գետի կիրճում։ Թիվ 4 դյուկերը գտնվում է Քաջարան քաղաքից մոտ 32 կմ դեպի արևելք: Այն կառուցված է Նորաշենիկ գետի կիրճում։ Գեղի, Գիրաթաղ և Նորաշենիկ գետերի վրայով պոչատարներն անցնում են էստակադաներով։ Թիվ 1, 2 և 4 դյուկերների նոր 1220 մմ տրամագծով խյուսատար խողովակաշարերը ունենալու են քարաձուլվածքային ներպատում, անցնելու են գործող պոչատար խողովակներին զուգահեռ, լրացուցիչ հողահատկացում չի պահանջվելու։ Թիվ 1 դյուկերը ունենալու է 830 մ, թիվ 2 դյուկերը 570 մ, իսկ թիվ 4 դյուկերը 3870 մ երկարություն։

Ըստ նախագծի՝ նախատեսվող աշխատանքների արդյունքում հանվելու է 75422մ3 ծավալով հող, որից հետլցման աշխատանքների համար օգտագործվելու է 47063մ3-ը (2000մ3 բուսահողը ներառյալ), իսկ մնացած 28359մ3 ծավալով հողը տեղափոխվելու է թափոնարան։ Մշակվող հողի ընդհանուր ծավալը 9798.5մ3 է։  

Արծվանիկի պոչամբարը գտնվում է Արծվանիկ գետի կիրճում, հարստացուցիչ ֆաբրիկայից 34.5 կմ հեռավորության վրա: Պոչամբարի բացարձակ նիշը 900 մ է: Վարչական առումով այն տարածվում է Արծվանիկ, Չափնի, Սևաքար, Աճանան և Սյունիք համայնքների սահմաններում, զբաղեցնելով մոտ 356 հա տարածք։ Պոչամբարի պարզվածքը ներկայում թափվում է Նորաշենիկ գետ, որը միախառնվում է Ողջի գետի ջրերի հետ Կապան քաղաքի մոտ:

Մարտ 12, 2025 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր