«Միավորում հանուն բնության. միջազգային համագործակցության օրը»՝ Boo Mountain Bike Park-ում

«Միավորում հանուն բնության. միջազգային համագործակցության օրը»՝ Boo Mountain Bike Park-ում

Վանաձորում գտնվող Հայաստանի առաջին լեռնահեծանվային՝ Boo Mountain Bike Park-ում տեղի ունեցավ «Միավորում հանուն բնության. միջազգային համագործակցության օր» խորագրով միջոցառումը, որին մասնակցեցին միջազգային, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

«Միավորում հանուն բնության․ սա միայն կարգախոս չէ, սա կոչ է, կոչ համախմբվելու։ Մեր գործողությունները բնության և շրջակա միջավայրի հանդեպ պետք է լինեն պատասխանատու՝ հատկապես COP17-ի նախաշեմին», - ասաց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատյա Նացվլիշվիլին։

Boo Mountain Bike Park-ը երիտասարդների կողմից իրականացված նախաձեռնություն է, որը ստեղծվել է Լոռվա գողտրիկ անտառի մի անկյունում։ Այն իրականացվել է ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ և ընդլայնվել Եվրոպական միության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։ «Սա հիանալի նախաձեռնություն է, որն ապացուցել է, որ ունի ապագա։ Այստեղ կարելի է համատեղել էկոտուրիզմը և արկածային տուրիզմը՝ նպաստելով համայնքի զարգացմանը», - նշեց ՄԱԶԾ բնապահպանական ծրագրերի ղեկավար Հովհաննես Ղազարյանը։

«Բուսական և կենդանական աշխարհը կարևոր ծառայություն են մատուցում, որպեսզի տեղում հիմնվի բիզնես, որը  կնպաստի համայնքի զարգացմանը, երկրի զարգացմանը։ Իսկ բիզնեսում երկարաժամկետ եկամուտ ունենալու համար պետք է պահպանել բնությունը», - ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

«Հայաստանում կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում» ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի թիմի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց․ «Փոքր ծրագրով կարելի է մեծ գործ անել, և այս նախաձեռնությունը դրա օրինակն է։ Նաև օրինակ է, որ կարելի է զբաղվել բիզնեսով՝ առանց վնասելու շրջակա միջավայրը»։

ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ասաց, որ Boo Mountain Bike Park-ի ստեղծման համար հողը նվիրաբերել է համայնքը, և այս նախաձեռնությունը համայնք-հասարակական կազմակերպություն համագործակցության լավ օրինակ է։ «Սա կանաչ տնտեսության օրինակ է, և մեր համայնքները պետք է գնան այս ուղղությամբ», - ասաց Աշոտ Գիլոյանը։

«Boo Mountain Bike Park» ՀԿ-ի ֆոնդհայթայթման պատասխանատու Սամվել Գրիգորյանը պատմեց՝ ինչպես է տարիներ առաջ ծագել պարկի ստեղծման գաղափարը, ինչ դժվարությունների է հանդիպել և, ի վերջո, հաջողել։ 

Boo Mountain Bike Park-ի ստեղծման նախաձեռնությունը գալիս է դեռ 2016 թվականից։ «Այսօր արդեն ունենք շուրջ 7 կմ երկարությամբ լեռնահեծանվային արահետ, Pump Track՝ որպես առանձին ենթակառուցվածք և սրճարան, որը նաև որպես կրթական կենտրոն է։ Այստեղ տրամադրում ենք զբոսավարների ծառայություններ, իրականացնում բնապահպանական միջոցառումներ։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում ունեցել ենք շուրջ 15000 այցելու», - ներկայացրեց Սամվել Գրիգորյանը։

Դժվարությունները սկսվել են COVID-19 համավարակի և 2020 թվականի պատերազմի ժամանակ։ «Հետո զրոյից սկսեցինք վերականգնվել», - հիշում է Սամվել Գրիգորյանը։ Նախաձեռնությանն աջակցել են նաև կամավորներ տարբեր երկրներից։ «Ամենաուժեղ գործոնը մարդիկ են, ովքեր գալիս են այստեղ և աջակցում են մեզ», - նշեց Սամվել Գրիգորյանը։

Ծրագիրը նաև նպատակ ունի նպաստելու ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։ Սամվել Գրիգորյանը նշեց, որ երբ մարդիկ սովորում են հեծանիվին, հետզհետե հրաժարվում են ավտոմեքենաներից, գոնե կարճ ճանապարհներ անցնելու դեպքում։ «Մենք այս առումով առաջընթաց տեսնում ենք», - ասաց նա։

Այս տարվա օգոստոսի օգոստոսի 9-ին Boo Mountain Bike Park-ում հանցկացվի Velosolutions UCI Pump Track առաջին մրցաշարը Հայաստանում։ Այստեղ Հայաստանի և տարբեր երկրների հեծանվորդները կմրցեն UCI Pump Track աշխարհի առաջնության ուղեգրի համար։

Հունիս 09, 2025 at 15:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր