

Երևանում շաբաթական գրանցվում է կոյուղատար, անձրևատար և հեղեղատար համակարգերի 400 վթար։ Այս մասին օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ քաղաքապետի, չնայած նրան, որ այս համակարգերը համարվում են պետական գույք և դրանց սպասարկողը Երևանի քաղաքապետարանը չէ, սակայն, նախորդ 3 տարիներին պետական ֆինանսավորմամբ և նաև Երևանի քաղաքապետարանի բյուջեի միջոցներով տարեկան 13-15 կմ կոյուղատար են կառուցել կամ վերակառուցել։
Ամբողջապես կոյուղատար համակարգը թարմացնելու համար, ըստ քաղաքապետի, 93 կմ երկարությամբ կոյուղատար համակարգ պետք է վերանորոգվի։ Բացի այդ, քաղաքն ունի նաև մոտ մի 70 կմ նոր կոյուղի կառուցելու խնդիր։
«Հրազդանի կիրճում ունենք խոշոր կոյուղու կոլեկտորի կառուցման նախագիծ, և այս տարի նաև ավարտել ենք 2 աղբահավաք կայանների կառուցումը Հրազդան գետի վրա և 1 մաքրման կայանի կառուցումը՝ Գետառի վրա, որը եռափուլ մաքրում է իրականացնում Գետառի վրա։
Հատուկ ուշադրություն է դարձվել կոյուղատար, հեղեղատար համակարգերի կառուցմանը, վերակառուցմանը։ Այս համակարգերը պետական գույք են, բայց Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսական միջոցներով իրականացնում է ամեն տարի մոտավորապես 13-15 կմ նմանատիպ համակարգերի կառուցում, վերակառուցում, այս տարի 23 հասցեներում մեկնարկել են շինարարական աշխատանքները»։
Երևան քաղաքի կոյուղատար համակարգը սպասարկում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։
«Վեոլիա Ջուր»-ն Էկոլուրի հարցմանն ուղղված 17․09․2025թ․ թիվ ՄԾ/33933 նամակով հայտնել է, որ իր սպասարկման ողջ տարածքի բնականոն ջրամատակարարման և ջրահեռացման ապահովման համար Ընկերության ներդրումային պարտավորությունը Վարձակալության պայմանագրի 15 տարիների համար սահմանափակված է 40.86 մլրդ դրամի (առանց ԱԱՀ) «Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի» (այսուհետ ՊԿԱԾ) իրականացմամբ, որը խիստ անբավարար է համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու, այն վերակառուցելու և արդիականացնելու համար: «Ինչ վերաբերում է Երևան քաղաքի ջրահեռացման համակարգի բարելավման խնդիրներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Երևան քաղաքի ջրահեռացման (այդ թվում՝ հեղեղատար) համակարգի բարելավման համար անհրաժեշտ խոշոր կապիտալ ներդրումներն իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից»,- մասնավորապես նշված է «Վեոլիա Ջրի» նամակում։
Ընկերությունը նաև հայտնել է, որ ««Արէացիա» կեղտաջրերի մաքրման կայանը (ԿՄԿ), Վարձակալության պայմանագրի համաձայն՝ Վարձակալը («Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն) պետք է շահագործի և պահպանի այն այնքանով, որքանով դա թույլ է տալիս ԿՄԿ-ի տեխնիկական վիճակը։ Հարցին, թե արդյոք «Վեոլիա ջուր»-ը դիտարկում է «Արէացիայի» 2015-2016թթ-ին կառուցված կայանի շահագործման ստանձնում, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ, «Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է․ «Նոր կառուցված և գործող ԿՄԿ-ների հետագա շահագործման և վերազինման հարցերով անհրաժեշտ է դիմել Վարձատուին՝ Ջրային կոմիտեին»։
Մինչդեռ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում «Աէրացիա» կայանի մասին նշված է․ ««․․․տեսանելի ապագայում կվերակառուցվի Երևան «Աէրացիա» կայանը, որն ի վիճակի է խորքային մեխանիկական վերամշակման ենթարկել մայրաքաղաքի ու հարակից բնակավայրերի կոյուղաջրերը»։
«Աէրացիա» մաքրման կայանը մասամբ է կատարում մեխանիկական մաքրում, կայանի ճաղավանդակային հատվածը որսում է խոշոր աղբը։ Պաշտոնական տվյալներով՝ «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի միջոցով տարեկան Հրազդան գետ է լցվում 55 մլն խմ կեղտաջուր, որն ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ունի 4-րդ և 5-րդ դասի աղտոտվածություն։
2015-2016թթ․ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կնքված ֆինանսական արձանագրության համաձայն Երևանի «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի տարածքում կառուցված կեղտաջրերի մեխանիկական մաքրման նոր կայանը չի շահագործվում․ ավարտական ակտ չունի։
Երևանի կոյուղատար համակարգին անդրադարձ է կատարվել Երևանի նոր գլխավոր հատակագծում, որի համաձայն՝ Երևան քաղաքի ավելի քան 97%-ն ընդգրկված է կոյուղու ցանցում: Ցանցը հիﬓականում կառուցված է ցածր որակի խողովակներով, բազմաթիվ շինարարական թերություններով: Կոյուղու հավաքող ցանցերի, որոնց երկարությունը շուրջ 1200 կմ է, ավելի քան 30%-ի տարիքը 30 տարուց ավելի է, և դրանք արդեն սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսները: Կոյուղու հավաքող ցանցերից արտահոսքի ﬔծությունը չի վերահսկվում և արտահոսող կեղտաջրերն աղտոտում են քաղաքի ամբողջ տարածքը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ վարակի տարածման համար: Չափման համակարգի բացակայության պատճառով արտահոսքի իրական ﬔծությունը որոշված չէ: Կոյուղու հավաքող ցանցի անկատարության պատճառով քաղաքի տարածքի շուրջ 50-60 կետերում կեղտաջրերն առանց որևէ մշակման թողնվում են Ջրվեժ, Ողջաբերդ, Գետառ, Հրազդան գետեր և բազմաթիվ ձորակներ: Ցանցերը բազմաթիվ կետերում ﬕացված են հեղեղատար կոյուղուն, որի պատճառով անձրևների և ձնհալքի ժամանակ անձրևաջրերը մուտք են գործում կոյուղու ցանց և հասնում կեղտաջրերի մաքրման կայան, իսկ չոր եղանակին կոյուղագծերը հեղեղատար կոյուղու ցանցով առանց մաքրման թափվում են ջրավազանները (գետերը):
Ըստ փաստաթղթի՝ կեղտաջրերի ընդհանուր ծավալը փաստացի 394.0 հազար մ3/օր-ից հեռանկարում կհասնի 512.2 հազար խմ/օր-ի: «Կոյուղու ցանցի աշխատունակությունը պահպանելու և շրջակա ﬕջավայրի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակն ապահովելու համար անհրաժեշտ է կատարել ﬔծածավալ աշխատանքներ հոսակորուստների հայտնաբերման, վերացման և մաքրման կայանի վերանորոգման ուղղությամբ»,- նշված է հատկագծում:
Այսպիսով, Երևանի կոյուղու և հեղեղատար համակարգերը կարիք ունեն համակարգային լուծումների, որի համար անհրաժեշտ են.
- երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ
- քաղաքաշինության զարգացման ներկայիս տեմպերով պայմանավորված նոր կոյուղագծերի, հեղեղատարերի կառուցում
- կոյուղագծերի, հեղեղատարերի սպասարկման պատասխանատուների հստակ տարանջատում
- կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայանի կառուցում։
Սույն նյութը պատրաստվել է «Նոր մարտահրավերներ Երևանի զարգացման համար և դրանց հաղթահարման հնարավորությունները» ծրագրի շրջանակներում՝ CEE Bankwatch միջազգային ցանցի աջակցությամբ։
Սեպտեմբեր 23, 2025 at 15:31