

Երևանի քաղաքապետարանի համար գերխնդիր է Նուբարաշենի աղբավայրի օր առաջ կոնսերվացումը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետի խոսքով՝ Նուբարաշենի աղբավայրը շարունակում է լուրջ բնապահպանական խնդիր ստեղծել հատկապես ամառային շոգ օրերին բռնկումների պատճառով։
Երևանի քաղաքապետարանը աղբի վերամշակման խնդրի կարգավորման ուղղությամբ զուգահեռ իրականացնում է երկու ուղղությամբ աշխատանքներ․ միջազգային գործընկերների հետ քննարկվում է ինստիտուցիոնալ լուծումը, իսկ մյուս ուղղությամբ՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ նախատեսվում է երկփուլ մրցույթ՝ լավագույն վերամշակման մոդելն ընտրելու համար։ «Երբ մենք խոսում ենք աղբի վերամշակման կայանի ծախսերի մասին, մենք պետք է հասկանանք, որ աղբն ինքն իրենով ունի որոշակի արժեք, և ով լավագույն առաջարկը կարողանա տալ, կարող է հաղթել նմանատիպ ծրագրում։ Մենք հասկանում ենք քաղաքի համար վերամշակման լավագույն տարբերակը որն է, որը կարող է ընդունելի լինել ՀՀ կառավարության համար, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել աղբի վերամշակման միջազգային խոշոր գործարանների կողմից, ովքեր առաջարկում են կառավարման իրենց մոդելը։
Աղբահանության որակի բարձրացման նպատակով քաղաքապետարանը թարմացնում է տեխնիկայի պարկը․ արդեն ձեռք է բերվել 12 գերմանական նոր փոշեկուլ մեքենա, ընթացքի մեջ է 15 նոր աղբատարների մատակարարումը։ «Մենք այլևս չենք գործում այն տրամաբանությամբ, որ տեխնիկան մաշեցնենք ու կորցնենք․ ամեն տարի այն պարբերաբար թարմացվում է»,- ընդգծեց քաղաքապետը։
Սեպտեմբեր 15, 2025 at 17:56
