Երևանի քաղաքապետարանի պատասխանը Էկոլուրի՝ թափոնների կառավարման վերաբերյալ հարցմանը

Երևանի քաղաքապետարանի պատասխանը Էկոլուրի՝ թափոնների կառավարման վերաբերյալ հարցմանը

Երևանը նախատեսում է սանիտարական աղբավայր կառուցել վարկային միջոցներով։ Էկոլուրի հարցմանն ի պատասխան Երևանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը № 17/173399-25 նամակով հայտնել է, որ ընթացքի մեջ են Երևանում նոր սանիտարական աղբավայրի կառուցման նոր ներդրումային վարկային ծրագրի մշակման աշխատանքները։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված Էկոլուրի հարցման մեջ նշված է․

  • Ի՞նչ ծրագրեր են մշակվում Երևանում նոր սանիտարական աղբավայրի  կառուցման, Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման ուղղությամբ։
  • Բազմիցս հայտարարել եք, որ նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում։ Արդյո՞ք աղբի վերամշակման գործարանը կլուծի Նուբարաշենի աղբավայրի հրդեհների հարցը։
  • Դիտարկվում է արդյո՞ք աղբավայրից մեթան գազի կորզման «Շիմիձուի» ծրագիրն ընդլայնել ողջ աղբավայրի տարածքում, որպեսզի նվազեն ինքնայրման և հրդեհի դեպքերը։
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում գոյացող թափոնների կեսից ավելին օգանական թափոն է․ 47 տոկոսը սննդային թափոններ են, 10 տոկոսը՝ այգու թափոնները։ Ի՞նչ լուծումներ են նախատեսվում կենսաբանական թափոնների դեպքում։
  • «Էկոլուր»-ի աշխատանքային խումբը Բուլղարիայում ականատես եղավ թափոնների կառավարման մի սխեմայի, որում ներառված են թափոնների տեսակավորման գործարանը, կանաչ թափոններից կոմպոստացման արտադրամասը, սննդային օրգանական թափոններից կենսագազի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման ստացման կայանները և սանիտարական աղբավայրը։ Արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը դիտարկում է նման համալիր ենթակառուցվածքների ստեղծում թափոնների կառավարման համար։
  • ԵՄ Աղբավայրերի դիրեկտիվի համաձայն՝ նախատեսվում է, որ ԵՄ երկրները պետք է կրճատեն թափոնների առաջացումը և աղբավայրերում տեղադրումը։ Ըստ այս դիրեկտիվի՝ մինչև 2035թ-ը սանիտարական աղբավայր պետք է ուղղվի աղբի ընդամենը 10%-ը։ Ի՞նչ քաղաքականություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանը՝ ուղղված թափոնների ծավալների կրճատմանը։
  • 2024-2025թթ․ ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի» ՀՈԱԿ-ը քանի՞ տոննա պլաստիկ, թուղթ, ապակի, ալյումին է տեսակավորել և ուղարկել վերամշակման։ Քանի տեսակավորման թափոնաման է տեղադրված մայրաքաղաքում և քանի՞ հասցեում։
  • Արդյո՞ք հաշվի են առնվում Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագրում «Թափոն» բաղադրիչի համար նախատեսված թիրախները՝ Երևանում թափոնների կառավարումը իրականացնելիս և ո՞ր թիրախներին է քաղաքապետարանը հասել։
  • Ի՞նչ խնդիրների է բախվում Երևանի քաղաքապետարանը թափոնների տեսակավորման հարցում։
  • Ի՞նչ իրազեկման միջոցառումներ են արվում թափոնների տեսակավորման համար։
  • Հայաստանը նախատեսում է ներդնել Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը։ Որքանո՞վ այս համակարգը կնպաստի թափոնների կառավարման ոլորտի խնդիրների լուծմանը Երևանում։

Երևանի քաղաքապետարանի պատասխան նամակում նշված է․ «Երևանի քաղաքային գործող աղբավայրերի փակման և նոր սանիտարական աղբավայրի կառուցման նոր ներդրումային վարկային ծրագրի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին հիմնական գործընկերը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է։ Միաժամանակ, համագործակցում ենք նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ։ Ս/թ դեկտեմբերի 12-ին հայտարարվել է վարկային ծրագրի իրագործելիության և մրցութային փաստաթղթերի կազմման նպատակով միջազգային խորհրդատուի ընտրության մրցույթը։   

Բոլոր գործընթացները սահուն կայանալու, ներառյալ՝ ՀՀ կառավարության կողմից ներդրումային ծրագրի ու ֆինանսավորման հաստատման դեպքում, ակնկալում ենք, որ աշխատանքների մեկնարկը կլինի 2026 թվականի աշնանը։ Սա չափազանց հավակնոտ է՝ հաշվի առնելով, որ իրականացվելու է միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ և, հետևաբար, միջազգային ընթացակարգերով։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ներդրումային ծրագրի իրականացման հիմքում դրվելու է եվրոպական չափորոշիչներին համապատասխանությունը՝ առաջնորդվելով նաև ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ (CEPA) առաջնահերթություններով։

Երևանի քաղաքապետարանը դիտարկում է թափոնների վերամշակման գործարանի կառուցում, որը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր համագործակցությամբ՝ մասնավորի կողմից ներդրումային ծրագրի իրականացման միջոցով։ Ներդրումային ծրագիրն ընտրվելու է երկփուլ մրցութային գործընթացի արդյունքում։ Մրցույթը կհայտարարվի մինչև ս/թ դեկտեմբերի ավարտը։ Ներդրողի ընտրության չափորոշիչներում առաջնահերթություն է տրված շրջանաձև տնտեսության դրույթներին առավելագույնս համապատասխանությանը։

Ներկայում Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օրգանական թափոնների վերամշակման և կոմպոստի ստացման պիլոտային ծրագիր՝ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի հետ համագործակցության շրջանակներում։ Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում 15 հասցեներում տեղադրվել են օրգանական թափոնների հավաքման թափոնամաններ, տվյալ տարածքի բնակչության շրջանում իրականացվում են իրազեկման արշավներ։ Պիլոտային ծրագիրը կիրականացվի մինչև 2026 թվականի մայիս ամիսը, որից հետո արդյունքները կամփոփվեն և ծրագրի լայնամասշտաբ իրականացման համար որոշումներ կկայացվեն։

2024-2025թ․թ․ ընթացքում վերամշակման է հանձնվել՝ 1281750 կգ ստվարաթուղթ, 102040 կգ պլաստիկ, 235820 կգ ապակի, 1270 կգ ալյումին։

Երևան քաղաքում տեղադրված է 985 թափոնաման 263 հասցեներում։

Առաջնային խնդիր է հանդիսանում վերամշակողների, մասնավորապես՝ պլաստիկ թափոնների վերամշակող կազմակերպությունների՝ թեպետ ոչ միայն սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, սակայն, անկայուն գործունեությունը։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցների կողմից գրեթե ամենօրյա (բացի կիրակի օրերից) գրաֆիկով իրականացվող տեսակավորման կետերի սպասարկման ընթացքում քաղաքացիների շրջանում իրականացվում է պատշաճ տեսակավորմանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված իրազեկում։

Թափոնների տեսակավորման մշակույթը զարգացնելուն միտված իրազեկման աշխատանքներ են տարվում մանկապարտեզներում, դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում, ինչի շրջանակում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի կողմից պարբերաբար տրամադրվում են տեսակավորման արկղեր։

Թափոնների տեսակավորման վարչությունը մասնակցում է Երևան քաղաքում իրականացվող խոշոր միջոցառումներին՝ համերգներ, փառատոններ, էքսպոներ, տեղադրելով վերամշակելի թափոնների համար նախատեսված կոնտեյներներ և մասնակիցների շրջանում իրականացնելով իրազեկման արշավ։ Համագործակցում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ և շաբաթօրյակների և այլ միջոցառումների շրջանակում։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի պաշտոնական կայքում առկա է թափոնամաններով ամրագրված քարտեզ։ ՀՈԱԿ-ն ունի նաև ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր, որտեղ նույնպես իրականացվում են հրապարակումներ»։

Դեկտեմբեր 24, 2025 at 15:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր