Թափոնամանից դեպի նոր կյանք բարդ ճանապարհով․ ինչպես է «Էկոփակ»-ը Հրազդանում խթանում թափոնների տեսակավորումն ու վերամշակումը 

Թափոնամանից դեպի նոր կյանք բարդ ճանապարհով․ ինչպես է «Էկոփակ»-ը Հրազդանում խթանում թափոնների տեսակավորումն ու վերամշակումը 

Հայաստանում մեկնարկել է նոր՝ փորձնական ծրագիր թափոնների կառավարման ոլորտում, որտեղ փոփոխությունների շարժիչ ուժը հենց արտադրողներն են։

Երեք խոշոր ընկերությունների՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվել է «Էկոփակ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամը։ Նպատակն է իրականացնել «Հրազդանում փաթեթավորման թափոնների կառավարման բարելավման» պիլոտային ծրագիրը։

2025թ․ գարնանը «Էկոփակ Հայաստան» հիմնադրամը և Հրազդանի համայնքապետարանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր՝ պիլոտային ծրագիր  իրականացնելու Հրազդանի Միկրոշրջան թաղամասում, որն ունի 10․000 բնակիչ։

Լուսանկարը՝ Էկոփակ հիմնադրամ

Այս նախաձեռնությամբ արտադրողները պատրաստվում են Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրմանը։ «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն շրջանառված է e-draft.am  կայքում։ ԱԸՊ համակարգի գործարկման դեպքում այն ընկերությունները, որոնց կողմից արտադրված կամ ներկրված ապրանքների օգտագործումից հետո առաջանում են հատուկ թափոններ, պարտավորվելու են պատասխանատվություն ստանձնել այդ թափոնների տեսակավորման, վնասազերծման և վերամշակման համար՝ ինքնուրույն կամ արտադրողի պատասխանատվության կազմակերպությունների / ԱՊԿ/ միջոցով։ Ապրանքների ցանկը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ։

«Էկոփակ Հայաստան»-ը Հայաստանում դեռևս միակ արտադրողի պատասխանատվության կազմակերպությունն է։ 

Քննարկում Հրազդանի համայնքապետարանում

Հրազդանում կազմակերպված ԱԸՊ համակարգի ներդրման իրազեկման միջոցառման ժամանակ պիլոտային ծրագրի վերաբերյալ Հրազդանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի պատասխանատու Վանուհի Բարեղամյանն ասաց, որ համայնքում թափոնների տեսակավորման  միտքն առաջացավ այն ժամանակ, երբ Հրազդանում 2025թ-ի ամռանը շահագործման հանձնվեց Հայաստանի դեռևս միակ սանիտարական աղբավայրը։

Հրազդանի նոր սանիտարական աղբավայր

Հրազդանի համայնքապետարանը, կարևորելով նոր աղբավայր տեղափոխվող խառը աղբի ծավալների կրճատման խնդիրը, նախաձեռնեց թափոնների տեսակավորման գործընթաց։ Արդյունքում համագործակցություն սկսվեց «Էկոփակ Հայաստան»-ի հետ։

«Ընտրեցինք հենց Միկրոշրջան թաղամասը՝ ամենախիտ բնակեցված թաղամասը Հրազդան քաղաքում։ Հուսով եմ, որ այս պիլոտային ծրագիրը կարդարացնի իրեն ու արդեն աղբավայր կհասնի ավելի քիչ խառը թափոն, ու տեսակավորման ծրագիրը կլինի շարունակական։ Օգուտը կլինի այն, որ մի միայն 1 թաղամասում չլինի տեսակավորում, այլ լինի ամբողջ համայնքի տարածքում, հատկապես որ մենք խոշորացված համայնք ենք։ 2021 թ․ մեզ միացան 4 գյուղեր՝ Ջրառատը, Լեռնանիստը, Քաղսին և Սոլակը»,- ասաց Վանուհի Բարեղամյանը։ 

«Բուն մեր գործունեությունը սկսել ենք այս տարվա հուլիսից։ Մեր այս տարվա բյուջեն շուրջ 80․000 եվրո է, գումարի 70%-ն արդեն ծախսվել է», - ասաց «Էկոփակ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի տնօրեն Մհեր Սահակյանը։ Միկրոշրջան թաղամասում 35 կետերում տեղադրվել է 70 թափոնաման․ յուրաքանչյուր կետում 2-ական թափոնաման ապակու և խառը թափոնների տեսակավորման համար։ Հավաքվում են տնային տնտեսություններում գոյացող վերամշակելի թափոնները։ Տեսակավորումն իրականացնում է «Վեստ Մենեջմենտ» ՍՊԸ-ն, իսկ հավաքման ծառայությունը՝ «Մաքրություն» ՍՊԸ-ն։ 

Մհեր Սահակյանը ներկայացրեց, թե գործնականում ինչ խնդիրների կան․ «Շուկա դեռ չկա, ենթակառուցվածքներ՝ չկան, ծառայություններ մառուցողներ՝ չկան։ Այս գործընթացը և դրանում դրված սկզբունքը նոր է Հայաստանում։ Մենք չունենք զարգացած բազմազան ծառայություններ»։ Ըստ նրա՝ շահույթի մասին խոսք չկա։ «Մաքրություն» ՍՊԸ-ն Երևանից գալիս է Հրազդան, հավաքում թափոնները և տանում Վեդի, որովհետև «Վեստ Մենեջմենտ» ՍՊԸ-ի կայանը Վեդիում է գտնվում։ Այստեղ թափոնները տեսակավորվում են, այնուհետև բաշխվում վերամշակողներին տարբեր վայրերում։ «Օրինակ, թուղթը գնում է Մասիս, պլաստիկն ու ապակին՝ Աբովյան։ Այսինքն, գնում է Վեդի, հետո նորից հետ գալիս Աբովյան։ Ես ուզում եմ, որ բոլորս հասկանանք, որտեղ այստեղ շահույթի մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել։ Այն արժեքն էլ, որով մենք վաճառում ենք, չնչին գումարներ են․ պլաստիկը՝ 1կգ-ն 65 դրամ է, ապակին՝ 35 դրամ է, թուղթը՝ 40-ից 60 դրամ։ Սա որպես եկամտի աղբյուր դիտարկելը, ինձ թվում է՝ սխալ է։ Սա զուտ ծախսատար պրոցես է, որը դրվում է արտադրողի վրա», - ասաց Մհեր Սահակյանը։ Նա նշեց, որ քանի դեռ ԱԸՊ-ի մասին օրենքն ընդունված չէ, դժվար է ներգրավել ավելի շատ արտադրողների, քանի որ վերջիններս դա դիտարկում են որպես լրացուցիչ ծախս։

Բնակիչների հետ իրազեկման աշխատանքներ են տարվել։ Հիմա դրական փոփոխություն կա բնակչության վարքագծում, նշեց Մհեր Սահակյանը։ 

«Ամռանը երկու ամիս իրազեկման արշավներ ենք իրականացրել՝ «էկոփակ»-ի հետ համագործակցելով։ Այդ աշխատանքներում ներգրավվեցին համայնքի երիտասարդները, ովքեր նախապես պատրաստված բուկլետներ բաժանեցին Միկրոշրջան թաղամասում՝ համագործակցելով համատիրությունների նախագահների հետ»,- ասաց Վանուհի Բարեղամյանը։ 

Հանդիպման մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորեցին ամբողջ համայնքում թափոնների տեսակավորման գործընթացի ձեռնարկումը և համագործակցության առաջարկ արեցին «Էկոփակ Հայաստան»-ին՝ իրականացնելու համատեղ իրազեկման արշավներ, ինչը դրական արձագանք ստացավ։

Հրազդանում անցկացված հանդիպումը նախաձեռնել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը՝ ի նպաստ առողջ շրջակա միջավայրի» ենթածրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է  Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ։

Դեկտեմբեր 25, 2025 at 13:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր