

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում Հայաստանի մի շարք բնակավայրեր հայտարարեց որպես զբոսաշրջային կենտրոններ։
«Անհրաժեշտ է կարևորել և պաշտպանել զբոսաշրջային կենտրոն համարվող բնակավայրերի ներուժը, պահպանել և պաշտպանել լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները», - նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում։
Նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտեն։ Ըստ փաստաթղթի՝ անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված և համաչափ տարածքային զարգացման հրամայականից։
Վայոց ձորի մարզում Արենի, Խաչիկ, Գնիշիկ, Արփի, Ագարակաձոր, Ելփին, Չիվա, Ռինդ, Աղավնաձոր բնակավայրերը հայտարարվեցին որպես «Արենի» զբոսաշրջային կենտրոն։ Եղեգիս, Հերմոն, Արատես, Հորբատեղ, Գողթանիկ, Արտաբույնք, Շատին, Հորս, Եղեգնաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Աղնջաձոր և Վարդահովիտ բնակավայրերը՝ «Եղեգիս» զբոսաշրջային կենտրոն։ Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերը՝ «Ջերմուկ» զբոսաշրջային կենտրոն։
Սյունիքի մարզում՝ Մեղրի բնակավայրը հայտարարվեց որպես «Մեղրի» զբոսաշրջային կենտրոն։ Գորիս, Խնձորեսկ բնակավայրերը և Հին Խնձորեսկ բնակատեղին՝ «Գորիս» զբոսաշրջային կենտրոն։ Սիսիան քաղաքը, Անգեղակոթ, Շաղատ, Բալաք, Մուցք և Վաղատին բնակավայրերը, «Շաքիի ջրվեժ» բնության հուշարձանը, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը, Որոտնավանք վանական համալիրը՝ «Սիսիան» զբոսաշրջային կենտրոն։ Տաթև, Շինուհայր, Հալիձոր, Խոտ, Հարժիս բնակավայրերը և Հին Շինուհայր, Հին Հալիձոր, Հին Խոտ բնակատեղիները՝ «Տաթև» զբոսաշրջային կենտրոն։
Շիրակի մարզում՝ Աշոցք, Հարթաշեն, Կրասար, Ամասիա, Դարիկ, Վարդաղբյուր բնակավայրերը, Արփի լիճը և «Արփի» ազգային պարկը հայտարարվեցին որպես «Արփի-Աշոցք» զբոսաշրջային կենտրոն։ Գյումրի քաղաքը՝ «Գյումրի» զբոսաշրջային կենտրոն։
Տավուշի մարզում՝ Դիլիջան, Հաղարծին, Խաչարձան, Հովք, Գոշ, Աղավնավանք, Թեղուտ բնակավայրերը և «Դիլիջան» ազգային պարկը հայտարարվեցին որպես «Դիլիջան» զբոսաշրջային կենտրոն։ Նոյեմբերյան, Բերդ և Իջևան համայնքները՝ «Տավուշ» զբոսաշրջային կենտրոն։
Լոռու մարզում՝ Ալավերդի, Սանահին, Հաղպատ, Ախթալա, Օձուն և Արդվին բնակավայրերը, Սանահինի, Հաղպատի, Ախթալայի, Արդվիի Սուրբ Հովհաննես վանական համալիրը, Օձունի և Բգավորի եկեղեցիները հայտարարվեցին որպես «Ալավերդի» զբոսաշրջային կենտրոն։ Վանաձոր, Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Դսեղ, Թումանյան բնակավայրերը, Հնեվանքի, Քոբայրի, Բարձրաքաշի, Քառասնից մանկան, Դսեղի վանական համալիրները, Դսեղի Ծովեր լիճը՝ «Դեբեդի կիրճ» զբոսաշրջային կենտրոն։ Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ բնակավայրերը և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարան միջնադարյան անառիկ ամրոցը՝ «Լոռի Բերդ» զբոսաշրջային կենտրոն։
Կոտայքի մարզում՝ Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերը հայտարարվեցին որպես «Գառնի» զբոսաշրջային կենտրոն։ Ծաղկաձոր համայնքը՝ «Ծաղկաձոր» զբոսաշրջային կենտրոն։ Բջնի և Արզական բնակավայրերը՝ «Բջնի-Արզական» զբոսաշրջային կենտրոն։ Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ, Արտավազ և Հանքավան բնակավայրերը՝ «Հանքավան» զբոսաշրջային կենտրոն։
Գեղարքունիքի մարզում՝ Դրախտիկ, Արտանիշ և Շողակաթ բնակավայրերը հայտարարվեցին որպես «Ճամբարակ» զբոսաշրջային կենտրոն։ Կալավան, Թթուջուր և Դպրաբակ բնակավայրերը՝ «Կալավան» զբոսաշրջային կենտրոն։ Սևան քաղաքը, Գագարին, Վարսեր, Լճաշեն, Ծաղկունք, Զովաբեր, Գեղամավան, Դդմաշեն բնակավայրերը և Սևան թերակղզին՝ «Գագարին» զբոսաշրջային կենտրոն։ Գավառ, Մարտունի քաղաքները, Բերդկունք, Նորատուս, Ձորագյուղ, Գեղհովիտ, Մադինա բնակավայրերը և Հայրավանք վանական համալիրը՝ «Սևան» զբոսաշրջային կենտրոն։
Արագածոտնի մարզում՝ Աշտարակ, Օշական, Ագարակ, Անտառուտ, Աղձք, Բյուրական, Ոսկեվազ, Սաղմոսավան, Տեղեր, Օշական և Օհանավան բնակավայրերը հայտարարվեցին որպես «Աշտարակ» զբոսաշրջային կենտրոն։ Ապարան, Ծաղկահովիտ, Եղիպատրուշ, Արագած, Հարթավան, Գեղաձոր բնակավայրերը, Արագած լեռը՝ «Ապարան» զբոսաշրջային կենտրոն։ Թալին, Դաշտադեմ, Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ, Կարմրաշեն բնակավայրերը՝ «Թալին» զբոսաշրջային կենտրոն։
Արարատի մարզում՝ Հնաբերդ բնակավայրը հայտարարվեց որպես «Դվին» զբոսաշրջային կենտրոն։ Լուսառատ բնակավայրը, այդ թվում՝ «Արտաշատ քաղաքատեղի» հուշարձանը և Խոր վիրապ վանական համալիրը՝ «Հին Արտաշատ» զբոսաշրջային կենտրոն։ Ուրցաձոր, Վեդի բնակավայրերը, Վեդի ջրամբարը և Տափի բերդը (Գևորգ Մարզպետունի ամրոցը)՝ «Վեդի» զբոսաշրջային կենտրոն։
Արմավիրի մարզում՝ Վաղարշապատ բնակավայրը հայտարարվեց որպես «Էջմիածին» զբոսաշրջային կենտրոն։ Արաքս, Սարդարապատ, Մեծամոր և Տարոնիկ բնակավայրերը, Սարդարապատի հուշահամալիրը, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Ակնա (Այղր) լիճը՝ «Արմավիր» զբոսաշրջային կենտրոն։
Երևան քաղաքը հայտարարվեց որպես «Երևան» զբոսաշրջային կենտրոն։
Որոշման նախագծի ընդունումը կարևորվում է տնտեսական զարգացման, մշակութային ու պատմական արժեքների հանրահռչակման և պահպանման տեսանկյունից։
Նշված է, որ զբոսաշրջության կոմիտեն սերտորեն համագործակցելու է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության հետ, ինչպես նաև մշակվելու է զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան։ Իրականացվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։ Ըստ փաստաթղթի՝ ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու է բնակավայրի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը։ Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը։
Դեկտեմբեր 26, 2025 at 18:17
