Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ իրազեկումից մինչև վարքագծային փոփոխություն

Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ իրազեկումից մինչև վարքագծային փոփոխություն

2026թ․ ապրիլի 3-ին «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել էր «Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ հանրային իրազեկման գաղափարների» աշխատարանը։ Պետական, ՏԻՄ, մասնավոր և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչները քննարկեցին թափոնների կառավարման համակարգի և Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման հանրային իրազեկման հնարավոր ուղիները։

Միջոցառման նպատակն էր ձևավորել թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկման նոր մոտեցումների նախատիպեր՝ ներգրավելով ոլորտի հիմնական դերակատարներին՝ պետական կառույցներից մինչև բիզնես և կրթական ոլորտ։

ԱԸՊ համակարգը մի գործիք է, որն արտադրողներին և ներմուծողներին պատասխանատու է դարձնում իրենց արտադրանքի սպառումից հետո առաջացող թափոնների կառավարման համար՝ տեսակավորումից մինչև վերամշակում կամ վնասազերծում։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանն աշխատարանի ընթացքում շեշտեց, որ համակարգի առանցքում «աղտոտողը վճարում է» սկզբունքն է․«Եթե որևէ մեկը վճարի օրինակ մեկ պլաստիկ շշի ճիշտ գործածության համար պահանջվող գումարը, ապա այդ շիշը չի հայտնվի աղբավայրում՝ առաջացնելով բնապահպանական և առողջապահական հետևանքներ»։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանը դեռևս հեռու է եվրոպական չափանիշներից, իսկ հիմնական մարտահրավերը ենթակառուցվածքների և համակարգային ֆինանսավորման պակասն է։ Նրա համոզմամբ՝ պետության դերը վերահսկողությունն է և վստահելի մեխանիզմների ձևավորումը, որպեսզի քաղաքացին և բիզնեսը վստահ լինեն՝ իրենց վճարած միջոցները ծառայում են նպատակին։

Ներկայում ԱԸՊ օրենքի նախագիծը գտնվում է վերջնականացման փուլում և լրամշակված տարբերակը շուտով կներկայացվի հանրային քննարկման։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության ներկայացուցիչ Մերի Հարությունյանը նշեց․ «Ցանկացած նոր նախաձեռնություն, երբ փորձում ենք ներդնել մեր երկրում, շատ կարևոր է, որ առաջնորդվի հանրային իրազեկմամբ, որովհետև միայն օրենք փոխելով չենք կարող գործընթացն առաջ տանել: Թափոնների կառավարումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Սակայն իրական աշխատանքը կսկսվի օրենքի ընդունումից հետո, երբ կսկսենք կիրառել այն»։

Միջոցառման շրջանակում խմբային քննարկումների միջոցով մշակվեցին հանրային իրազեկման արշավների գաղափարներ՝ ուղղված տարբեր թիրախային խմբերի։

Թափոնների կառավարումն ու երիտասարդների դերակատարությունը

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակում կազմակերպության մոտեցման առանցքում երիտասարդների ներգրավումն է՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժ։ Նրա խոսքով՝ թեև Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը (ԱԸՊ) առաջին հերթին ընկալվում է որպես բիզնեսին ուղղված մեխանիզմ, իրականում դրա արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է սկսել շատ ավելի լայն հիմքից՝ թափոնների կառավարման մասին հանրային իրազեկումից։ «Երբ խոսում ենք ԱԸՊ-ի մասին, առաջին հերթին պետք է խոսել թափոնի կառավարման մասին։ Երիտասարդներն ավելի բաց են նոր վարքագծերի նկատմամբ և կարող են դառնալ այդ փոփոխության կրողներն իրենց համայնքներում։ Մենք օգտագործում ենք երիտասարդական այս ներուժը՝ թափոնի նկատմամբ նոր վերաբերմունք, նոր մշակույթ ձևավորելու համար», - ասաց նա։

Մանե Մադոյանի դիտարկմամբ՝ խնդիրների հիմքում հաճախ ոչ թե գիտակցված անպատասխանատվությունն է, այլ՝ իրազեկվածության պակասը․ մարդիկ հաճախ պարզապես չեն գիտակցում իրենց կողմից ստեղծված թափոնի հետագա ազդեցությունը։ «Մարդ կարող է կոկիկ հավաքել իր աղբը, բայց չմտածել, թե այն հետո որտեղ է հայտնվում և ինչ հետևանքներ է ունենում», - ասաց Մանե Մադոյանը։

Նրա խոսքով՝ ԱԸՊ համակարգը միաժամանակ բերելու է նաև տնտեսական փոփոխություններ, այդ թվում՝ սակագների աճ, և հենց այստեղ է, որ հանրային իրազեկումը դառնում է առանցքային։ «Օրինակ՝ եթե այսօր մեկ պլաստիկ շիշը արժե 100 դրամ, փոփոխություններից հետո այն կարող է թանկանալ։ Բայց եթե մարդը չի հասկանում՝ ինչի համար է այդ հավելյալ վճարը, առաջանում է բնական դիմադրություն։ Իրազեկված լինելու դեպքում այդ դիմադրությունը նվազում է», - ասաց Մանե Մադոյանը։

Նրա խոսքով՝ սպառողի վճարած գումարը պետք է ընկալվի ոչ թե որպես ավելորդ բեռ, այլ որպես նպատակային վճարում՝ թափոնի ճիշտ կառավարման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման համար։

Կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ ծրագրի շրջանակում կիրառվել է կրթական բազմաշերտ մոտեցում․ երիտասարդները հանդիպել են իրավաբանների, բիզնեսի, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստանալով թափոնների կառավարման վերաբերյալ ամբողջական պատկեր։ «Մեր նպատակը դասախոսություն տալը չէր։ Մենք ուզում էինք, որ երիտասարդները տեսնեն ամբողջ փազլը՝ իրավական, տնտեսական և բնապահպանական տեսանկյուններից։ Սա նրանց հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչպես է աշխատում համակարգը իրական կյանքում», - ասաց նա։

Մադոյանի խոսքով՝ ծրագրի կարևոր արդյունքներից է նաև այն, որ մասնակից երիտասարդները կարողանում են իրենց համայնքներում տարածել ստացած գիտելիքը և դառնալ տեղական փոփոխության կրողներ։

Ծրագրի շրջանակում նաև իրականացվել է տեղեկատվական բովանդակության ընդլայնում՝ թափոնների կառավարման թեմայով հայալեզու նյութերի հասանելիությունը լայն հանրության համար բարձրացնելու նպատակով։ Արդեն մշակվել և Վիքիպեդիայում հրապարակվել է շուրջ 150 հայալեզու հոդված, որոնք վերաբերում են ոլորտի տարբեր ուղղություններին։



Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Ապրիլ 17, 2026 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր