

Մեծամորում աղբահանության համար յուրաքանչյուր բնակչի կողմից վճարվող 200 դրամ գումարը չի ծածկում աղբահանության ամբողջ շղթայի վրա ծախսվող գումարը։ Այս մասին ասաց «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը Մեծամորում կայացած Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը մասնակցում էին Մեծամորի ՏԻՄ ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ, բնակիչներ։ Հանդիպումը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Մեծամորի համայնքապետարանի հետ համագործակցությամբ «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում ԱԸՊ համակարգի ներդրմանը՝ ի նպաստ առողջ շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում։ Այս ծրագիրը Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի բաղադրիչներից է։

Մեծամոր համայնքն օրական կտրվածքով առաջըցնում է շուրջ 40-45 տոննա կոշտ կենցաղային աղբ, որը տեղափոխում է Արմավիր համայնքի աղբավայր՝ աղբի յուրաքանչյուր տոննայի համար վճարելով 3000 դրամ (մոտ 6 եվրո)։ Մինչդեռ եվրոպական երկրներում 1 տոննայի համար միջինում վճարվում է 80-120 եվրո, ներառյալ սանիտարական աղբավայրի սպասարկման վճարը և աղբավայրում տեղադրման բնապահպահական հարկը։ Այդ բարձր սակագինը զգալի նվազեցնում է աղբավայր ուղղվող աղբի քանակը և ստիպում է համայնքային օպերատորներին փնտրել ավելի մատչելի կանաչ և կայուն լուծումներ, որոնց բնապահպանակն հարկը զգալի ցածր է աղբավայրի հարկից։
Հարություն Ալպետյանի հաշվարկով՝ Մեծամորում 200 դրամ աղբահանության վճարը ծախսածածկում անգամ չի ապահովում, քանի որ ներկայիս վիճակով 1 անձի հաշվով անհրաժեշտ է 500 դրամ վճար՝ հաշվի առնելով աղբահավաքման ծախսերը, աղբատարների սպասարկման և աղբավայրում աղբի տեղադրման ծախսերը «Դուք 300 դրամ արդեն մինուս եք», - ասաց Հարություն Ալպետյանը՝ դիմելով Մեծամոր համայնքի կոմունալ ծառայության աշխատակիցներին։

Ըստ Ալպետյանի՝ աղբահանության նվազագույն սանիտարական պահանջներն ապահովելու համար աղբահանության վճարը պետք է լինի ոչ թե 200, այլ առնվազն 1000 դրամ։ «Կա Համաշխարհային բանկի վերլուծություն, ըստ որի Հայաստանի հասարակությունը կարող է իրեն թույլ տալ աղբահանության համար վճարել 1000 դրամ սանիտարական աղբավայր ունենալու համար, և բնակիչները պետք է գիտակցեն, որ այդպիսով իրենք վճարում են ոչ միայն աղբահանության, այլ նաև իրենց առողջության համար», - ասաց Հարություն Ալպետյանը։
Հայաստանում 2020 թվականին գույքագրվել է 297 աղբանոց, որոնք սանիտարական նորմերին չեն համապատասխանում։ Դրանցից է Արմավիրի համայնքային աղբանոցը։
«Թափոնների կառավարումը չի ենթադրում աղբը մի վայրից տեղափոխել մեկ այլ վայր։ Աղբավայրն այն ինժեներական կառույցն է, որտեղ ապահովված են բոլոր բնապահպանական միջոցառումները․ ցանկապատված է, կեղտաջրերի արտահոսք չկա, ապահովված է կենսագազի հավաքումև թափոնների կշռում, զննում, առնվազն շաբաթը երկու անգամ տոփանված, մամլված աղբը ծածկվում է հողով կամ քանդման թափոններով, որպեսզի կանխարգելվի կենդանիների հասանելիությունը և հոտը ։ Հիմա այս ամենը չկա, և մենք խոսում ենք ուղղակի աղբանոցի մասին», - ասաց Հարություն Ալպետյանը։
Նա նշեց, որ Հայաստանում գործող միակ սանիտարական աղբավայրը գտնվում է Հրազդանում և սպասարկում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 16 համայնքները։ «Այս աղբավայրի կառուցումն արժեցել է 5․5 միլիոն եվրո։ Իսկ գիտե՞ք՝ ինչքան կարժենա Նուբարաշենի աղբավայրի պատշաճ փակումը։ Եթե մենք դա անենք եվրոպական բոլոր չափանիշներով, ապա դա կարող է հասնել 40-50 միլիոն եվրոյի։ Բայց մենք նաև ունենք առողջապահական, բնապահպանական վնասներ, որոնց վերականգնումն էլի գումար արժե։ Աղբավայրերից առաջացող կեղտաջրերով աղտոտվում են ստորերկրյա ջրերը, աղբավայրի բռնկումներից առաջանում են մեծ առողջապահական վնասներ։ Եղել է՝ 10 օր չէին կարողանում կրակը մարել։ Մարդիկ ասում են, որ իրենց առողջությունն է վատանում։ Մենք՝ որպես հասարակություն, վնաս ենք կրում, մենք կանգնում ենք ավելի մեծ ծախսերի առաջ», - ասաց Հարություն Ալպետյանը։
Միջազգային փորձը ներկայացնելով՝ Հարություն Ալպետյանն ասաց․ «Շվեդիան աղբից էլեկտրաէներգիա է ստանում։ Օրինակ, Մեծ Թագավորությունում գործող օպերատորները, մնացորդային աղբը բերում են Շվեդիաաղբակիզման գործարաններ և վճարում են, ամեն տոննայի համար 60-70 եվրո, որովհետև Մեծ Թագավորությունում այդ նույն մնացորդային աղբի տեղադրումն աղբավայրում կարժենար մոտ 160 եվրո»։

Նա ներկայացրեց թափոնների կառավարման հնգաստիճան հիերարխիան։

Առաջին տեղում թափոնների առաջացման կանխարգելումն է, այնուհետև վերօգտագործումը, վերամշակումը, օգտահանումը, և վերջինը՝ թափոնների հեռացումը։ «Ամենաանցանկալի տարբերակն է հեռացումը։ Մենք հիերարխիայի այս եռանկյունու վրա չկանք, ամենացածր մակարդակում ենք», - ասաց փորձագետը։
Նա նշեց, որ լավ ծառայությունը պետք է ունենա պահանջարկ։ Պետք է լինի պատասխանատվության դաշտ։ Այդպիսի մոդել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը, որը Հայաստանը պատրաստվում է ներդնել։ Այստեղ գործում է «Աղտոտողը վճարում է» սկզբունքը։ Արտադրողը, ներմուծողը վճարելու են իրենց վաճառած ապրանքի օգտագործումից առաջացած թափոնի համար։ ԱԸՊ տրամաբանության մեջ խնդրի լուծումը հետևյալն է․ ստեղծվում է արտադրողի պատասխանատվության կազմակերպություն, որին որոշակի ապրանքներ արտադրողները և ներմուծողները վճարում են գումար՝ հետագայում ապրանքի թափոնի վերամշակման, ոչնչացման, անվտանգ հեռացման ապահովման համար։

Այդ ապրանքների ցանկում են լինելու ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, շարժիչային յուղեր, անվադողերը, կենցաղային սարքեր (սառնարաններ, սառցարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ), առաջնային մարտկոցներ։ Վերջնական ցանկը կհաստատի ՀՀ կառավարությունը ԱԸՊ մասին օրենքի ընդունումից հետո։
Որպես օրինակ Հարություն Ալպետյանը նշեց, որ Հայաստանում միայն ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներից տարեկան գոյանում է 11,6 հազար տոննա ՊԵՏ պլաստիկ շշի թափոն (մոտ 440 միլիոն պլաստիկ շիշ), որից վերամշակվում է միայն 2,6%-ը։ ԱԸՊ համակարգի գործարկման դեպքում վերամշակման ցուցանիշը կաճի սկսած 25%-ից։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ԱԸՊ համակարգի ներդրման և իրականացման գործընթացում համայնքներն ունենալու են իրենց դերը թափոնների տեսակավորման գործընթացում։ «Մեր հանդիպման նպատակն է իրազեկել տեղի բնակիչներին ԱԸՊ համակարգի վերաբերյալ, ստանալ առաջարկություններ համայնքներից, որոնք կամփոփվեն առաջիկայում կայանալիք կոնֆերանսի ժամանակ», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը։

ԱԸՊ օրինագծի ընդունումն առաջնահերթորեն պայմանավորված է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով»՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմամբ։


Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մայիս 06, 2026 at 15:57
