Թափոնների կառավարման ի՞նչ խնդիրների է բախվում Մեծամոր համայնքը, և ի՞նչ խնդիրներ կլուծի ԱԸՊ համակարգի ներդրումը

Թափոնների կառավարման ի՞նչ խնդիրների է բախվում Մեծամոր համայնքը, և ի՞նչ խնդիրներ կլուծի ԱԸՊ համակարգի ներդրումը

Արմավիրի Մեծամոր բնակավայրը թափոնների տեսակավորման յուրօրինակ փորձ ունի։ Այստեղ տեսակավորված պլաստիկի, ստվարաթղթի և թղթի վաճառքից գոյացած գումարը «Մաքրություն» ՍՊԸ-ն, որն իրականացնում է Մեծամոր համայնքի աղբահանությունը, փոխանցում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Սա մեծամորցիներին մոտիվացնում է տեսակավորելու թափոնները։ 



Ըստ  Մեծամորի համայնքապետարանի Կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի պետ Արմեն Մխիթարյանի՝ ընդհանուր կոշտ կենցաղային թափոններից Մեծամոր քաղաքում տեսակավորվում է 15% վերամշակելի թափոն։ Այս մասին նա ասաց Մեծամորում Էկոլուրի և Մեծամորի համայնքապետարանի համատեղ կազմակերպած Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպման ժամանակ։ 


ԱԸՊ-ն տասնյակ տարիներ Եվրոպայում գործող համակարգ է, որտեղ արտադրողը, ներմուծողը վճարում են իրենց վաճառած որոշակի ապրանքների օգտագործումից առաջացած թափոնների տեսակավորման, վերամշակման և օգտահանման համար։ Հայաստանը ևս պատրաստվում է ներդնել այս համակարգը։

Թափոնների  տեսակավորումը ԱԸՊ համակարգի կարևորագույն բաղադրիչներից է, որտեղ իրենց անմիջական մասնակցությունը պետք է ունենան բնակիչները՝ կատարելով թափոնների առաջնային տեսակավորում։ Մեծամոր խոշորացված համայնքում դեռ միայն Մեծամոր բնակավայրն է որոշակի թափոններ տեսակավորում։ Համայնքի մնացած 30 բնակավայրում անելիքներ շատ կան։ Այստեղ ոչ միայն տեսակավորում չկա, այլև մի շարք փոքր բնակավայրերում աղբամաններ էլ չկան։ «Բնակավայրերի մեծ մասում չունենք աղբամաններ, կան բնակավայրեր, որ շատ փոքր են, այս պահին նպատակահարմար չէ աղբամաններ տեղադրելը: Աղբամաններ հիմնականում տեղադրված են մեծ բնակավայրերում: Կա նաև աղբամանից ճիշտ օգտվելու խնդիր, աշխատում ենք այդ ուղղությամբ, որ բոլորը հասկանան՝ ամեն ինչ չէ, որ պետք է թափես աղբաման: Հուսով եմ, որ կհասնենք արդյունքի և աղբահանությանն ավելի լուրջ կվերաբերվենք», - ասաց Արմեն Մխիթարյանը։


Աղբահանության ծառայության որակի բարձրացման համար ֆինանսներ են պետք։ Ըստ Արմեն Մխիթարյանի՝ նախկինում աղբահանության վճարը 150 դրամ էր յուրաքանչյուր անձի համար, այժմ 200 դրամ է։ Սակայն այս գումարն անբավարար է աղբահանության ողջ շղթայի ծախսածածկում ապահովելու համար։ Դրա համար, ըստ փորձագիտական հաշվարկների, առնվազն 500 դրամ պետք է վճարի յուրաքանչյուր բնակիչ:

Համայնքի տարածքում գտնվող աղբավայրերը փակվել են։ Մեծամոր համայնքի կոշտ կենցաղային թափոնները՝ տարեկան 16753 տոննա, տեղափոխվում են Արմավիրի համայնքային աղբավայր, ինչի դիմաց Մեծամորի համայնքապետարանն Արմավիրի համայնքապետարանին տարեկան վճարում է մոտ 50 միլիոն դրամ։ 

Ըստ Արմեն Մխիթարյանի ներկայացրած տվյալների՝  աղբավայրում տեղադրվող թափոնների կազմում շահագործումից դուրս եկած անվադողերը 20% են կազմում, էլեկտրոնային թափոնների 90%-ն է հայտնվում աղբավայրում, փաթեթավորման թափոնների՝ 30%-ը: ԱԸՊ համակարգի ներդրման պարագայում այս թափոնները պետք է տեսակավորված հավաքվեն և չեն հայտնվի աղբավայրում։ Որքան քիչ լինի աղբավայր ուղղվող աղբի ծավալը, այնքան համայնքը միջոցներ կխնայի։ Այս առումով ԱԸՊ համակարգի ներդրումը դրական ազդեցություն կունենա ինչպես Մեծամոր համայնքում թափոնների կրճատման, այնպես էլ համայնքային բյուջեի տնտեսումների առումով։


Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մայիս 14, 2026 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր