ԴԱՏԱԽԱԶԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

ԴԱՏԱԽԱԶԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Ա1+

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նամակ է հղել գլխավոր դատախազին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերջին մի քանի օրերի ընթացքում զանգվածային տարբեր լրատվամիջոցներով անդրադարձ է կատարվում Երևանի Նոր Նորք թաղամասում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարությանը, ծառահատումներին և ուրարտական դարաշրջանի 4000-ամյա քարե կոթողների ոչնչացմանը: Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության, տարածքից 1800 քմ մակերեսի նկատմամբ ինչ որ անձի տրվել է սեփականության իրավունք և պետք է կատարվի կառուցապատում:

24.11.2010թ. ՀՀ բնապահպանության նախարարի և մի խումբ պատգամավորների միջամտությամբ գործընթացը դադարեցվել է՝ մինչև ներկայացված նախագծերի փորձաքննության անցկացումը:

ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» 15.03.2007թ. թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի Նոր-Նորք թաղամասի՝ Գայի պող., բացօթյա ցուցադրության շարքում նշված են նաեւ վիշապաքար եւ տապանաքար հուշարձանները:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող՝ որոշակի տարածքներ:

Ըստ ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված բանավոր տեղեկատվության՝ մասնավորեցված հողամասը գտնվում է վերոնշյալ հուշարձանների զբաղեցրած և առանձնացված տարածքում:

Ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը՝ մեզ մոտ առաջացել են հետևյալ հարցերը.

1. ովքեր են պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքներում գտնվող հուշարձանների զբաղեցրած և առանձնացրած հողամասերի օտարման համար,

2. ովքեր են տվյալ տարածքում տվել և համաձայնեցրել շինարարություն իրականացնելու համար քաղաքաշինական փաստաթղթերը (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ):

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջներով՝ առաջարկում եմ քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար:

Խնդրում եմ արդյունքների մասին տեղեկացնել ինձ»:

Նոյեմբեր 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր