ՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԴԵԼՖԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԳՈՒՇԱԿԻՐ ՄԻ ԱՆԳԱՄԻՑ

ՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԴԵԼՖԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԳՈՒՇԱԿԻՐ ՄԻ ԱՆԳԱՄԻՑ

ԷկոԼուր

Երեւանում դելֆինարիայի բացումը եւ հասարակայնության բողոքի ակցիան տեղի ունեցան գործնականում միաժամանակ եւ միեւնույն վայրում` Կոմիտասի անվան այգում, դեկտեմբերի 24-ին:

Իրենց ներկայությամբ բացումը հարգեցին քաղաքի իշխանությունները` գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը, գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մակսապեյանը եւ ուրիշներ` մարդիկ, ովքեր այդպես էլ չհամարձակվեցին իրենց վրա ուղղակի ձեւով պատասխանատվություն վերցնել ` կանգնեցնել անօրինական նախագիծը:

Նվագախումբը նվագում էր, հասարակայնությունը` գոռում. «Ազատ արձակեք դեֆիններին», իսկ մարդիկ չէին հասկանում` ինչումն է բանը: «Այստեղ տոն է, իսկ դուք աղմկում եք, մարդկանց թույլ չեք տալիս ուրախանալ»,- ասաց երեխայի հետ մի կին: Հարցին, թե ինչպես նա իրեն կզգար, եթե նրան փակեին նեղ վանդակի մեջ, հանգստանալու հնարավորություն չտային եւ ամբողջ օրը խաղերի տեսքով ստիպեին աշխատել, նա վստահ ասաց. «Վանդակում, որտեղ կերակրում են եւ խնամում, ավելի լավ է, քան ազատության մեջ»: Ահա այսպիսի հոգեբանություն: (Տես լուսանկարները)

Տարբերակները, որոնց պայմաններում դելֆիններն իրենց կարող են լավ զգալ, բացառվում են: Ծովածոցի նման բնական պայմաններ չկան: Իսկ արհեստական պայմանները ստեղծված են արագ եւ գլխավորը` էժան ձեռքով: Բոլոր 6 կենդանիները` 4 դելֆին եւ 2 ծովառյուծ, պետք է ապրեն 5 մ խորությամբ ջրավազանում: Նրանք չունեն առանձնացված վայր, եւ եթե որեւէ մեկը հիվանդանա, ապա ստիպված մնալու է բոլորի հետ, կամ պարզապես նրան սպանելու են:    Հարց` որքան նրանք կդիմանան, սա իրականության ոլորտից է: Հարց` ով է սրա համար պատասխանելու, սա անիրականության ոլորտից է:

ՀԱՆՑԱՎՈՐ ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄ
Lragir.am


Դեկտեմբերի 24-ին` ժամը 15-ին պետք է տեղի ունենա Երևանի Դելֆինարիումի բացումը: Չնայած բազմաթիվ բնապահպանների և տարբեր մարդկանց ահազանգներին, այդուհանդերձ այն կառուցվեց, և այսօր տեղի է ունենալու բացման արարողությունը:
 
Այս կապակցությամբ այսօր հրավիրվել է մամուլի ասուլիս, որտեղ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանը, Էլսիկ Այվազյանը ներկայացրել են այն բոլոր վտանգները և հետևանքները, որոնք կհետևեն Դելֆինարիումի բացումից հետո:
 
Ինչպես նշեց Էլսիկ Այվազյանը, դելֆիններն օրական 100 կմ լողում և խաղում են, իսկ դելֆինարիումի տրամագիծը 18 մետր է: Մինիմալ խորությունը պետք է լինի 20 մետր, իսկ այստեղ 5 մետր է: Այսպիսով, Հրայր Սավզյանի բնորոշմամբ, ամեն անգամ իջնելուց դելֆինները քթով հարվածելու են հատակին:
 
Արժե նշել նաև, թե ինչպիսի ջրում են պահվելու և ինչով են կերակրվելու դելֆինները: Նախ, եթե դելֆինը պետք է զվարճացնի մարդկանց, ապա պետք է լողա: Լողալու համար ջուրը երկնագույն պետք է լինի: Երկնագույն ջուր ստանալու համար, այն պետք է հարստացվի բավական շատ քլորով: Հայտնի է, որ քլորը վնասակար է դելֆինների աչքերին, և նրանք ամենաուշը 6 ամսում կուրանում են: Բացի այդ, դելֆինների գլխուղեղում կա ռադարի պես աշխատող ազդակների համակարգ, որն օգնում է նրանց հայտնաբերել ձկներին, քարերը, կերը, վտանգները: Այդ ազդակներն աշխատում են անընդհատ: Դելֆինարիումի փոքր տարածքում այդ ազդակներն անընդհատ հետ են վերադառնում պատերից: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դա դելֆինին սոսկալի գլխացավեր է պատճառում:
 
Նման պայմաններում պահովող դելֆինները, ինչպես նշում են բանախոսները, վտանգավոր են և դելֆինների, և մարդկանց համար: Անազատության մեջ գտնվող դելֆիններն ընկնում են սթրեսի մեջ և կարող են մահացու սպառնալիք դառնալ մարդկանց համար: Անազատության մեջ զգալիորեն կրճատվում է նաև դելֆինների կյանքը:
 
Սավզյանը հերքել է այն թյուր կարծիքը, որ դելֆինարիումում դելֆինները ժպտում են և խաղում: Իրականում, դա նրանց բնական կառուցվածքն է, որն այդպիսի տպավորություն է թողնում:
 
Սիլվա Ադամյանը նշում է, որ իրենք 2 անգամ նամակ են ուղարկել քաղաքապետարանին` Գագիկ Բեգլարյանին և Տարոն Մարգարյանին, և երկու դեպքում էլ պատասխան չեն ստացել: Իսկ բնապահապանության նախարարություն ուղղված 3 նամակներին մի անգամ են պատասխանել` նշելով, որ դելֆինարիայի կառուցման համար իրենց ոչ ոք չի դիմել:
 
Հրայր Սավզյանը մանրամասնել է այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն: Նա նշել է, որ դատական հայց է նախապատրաստվում: Նաև այսօր` բացման ժամանակ ակցիա է կազմակերպելու դելֆինարիումի մոտ: Նա չի բացառել, որ հնարավոր է փակեն մուտքը բացումը թույլ չտալու համար:
 
ՀԳ. Ինչպես նշեցին բանախոսները, վերջին շրջանում բազմաթիվ դելֆինարիումներ են փակվել Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, Կոստա Ռիկայում, Միացյալ Նահանգներում: Իսկ վերջին դեպքը տեղի է ունեցել Խորվաթիայում, որտեղ իշխանություններն արգելել են կառուցվող դելֆինարիումի շահագործումը:
 
Ինչ վերաբերում է կառուցող ընկերությանը, այն, ինչպես նշեցին բնապահպանները, մի քանի մերժումներ է ստացել տարբեր երկրներում դելֆինարիում կառուցելու համար, իսկ ներկայում Ուկրիանայում անօրինական գործունեություն ծավալելու համար հետաքննություն է անցկացվում:

Դեկտեմբեր 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր