ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Էդուարդ Արզումանյան

Գեղարքունիքի մարզի ճամբարակ քաղաքում արդեն ավանդույթ է դարձել այգիներում գտնվող ծառերի հաշվին բարեգործություն անելն ու մանկապարտեզներ ջեռուցելը։ Քաղաքապետարանի շենքի դիմաց ու քաղաքապետի որոշմամբ ձմռան գալուն պես սկսվում են ծառ կտրելու ու վառելափայտ կուտակելու աշխատանքները։ Պարզվում է, Ճամբարակի քաղաքապետը նպատակահարմար է գտել բյուջեում տնտեսումներ կատարել այգիների հաշվին, այսինքն այն գումարները, որը պետք է հատկացվեր մանկապարտեզներին վառելափայտ ձեռք բերելու համար, չի հատկացվում, փոխարենը վառելափայտը ձեռք է բերվում Ճամբարակի այգիների ու փողոցներում առկա ծառերի հաշվին։ Քաղաքապետարանի շենքի դիմաց՝ հերոսների այգում գտնվող հսկա ծառերը, որոնք 50-ից ավել են, հիմքից էտվում են, նրանից թողնելով միայն ծառի հաստ բունը, ինչը սակայն, կատարվում է վայրենությամբ։ Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը մեծ վստահությամբ մեզ համոզում էր, որ դա ոչ թե կոչվում է ծառերի հատում, այլ. «Սանիտարական էտում, որը նշանակւմ է, որ եկող տարի նորից աճելու են և նորմալ տեսք են ունենալու»։ Նման տիպի էտումներ կատարվել են նաև նախորդ տարիներին. «Անցած տարի մենք սկսեցինք հատել այգու մի մասը, որովհետև այգում բավականին ծառեր չորացել էին, մենք մասնագիտական ուսումնասիրություն կատարեցինք և եկանք այն եզրակացության, որ ծառերը պաշտպանելու համար պետք է ծառերի էտում կատարել, և քանի որ անցած տարվա արդյունքները դրական ստացվեց, մենք որոշեցինք այս մյուս մասն էլ փրկել»։

Ծառերը ըստ քաղաքապետի չորանում են տարիքի հետ կապված. «Տարիքով ծառեր են, անցած տարի մինչ էտելը 20 ծառ չորացել էր, որոնք հիմնական կտրեցինք»։ Ըստ նրա` իրենք վնաս հասցրած կլինեին, եթե լիովին կտրեին ծառերը. «Խնդիրը ծառերի պաշտպանության հետ էր կապված և միակ տարբերակը էտելն էր»: Իսկ տեղյակ է արդյոք ԲՆ տեսչությունը և ունեք արդյոք համապատասխան թույլտվություն հարցին քաղաքապետը պատասխանեց. «Դեռևս անցած տարվանից, երբ սկսեցինք աշխատանքները, բանավոր ճշտումներ կատարեցինք ԲՆ ծառայությունների հետ մարզում, իրենք ժամանակացույց սահմանեցին, որ կարող ենք կտրել և այս ամիսներին, և գարնանը, բայց քանի որ եղանակային առումով ավելի հարմար է աշնանը, հիմա ենք անում»։ Իսկ կոնկրետ կազմակերպություն կամ ասենք որևէ թույլտվություն մեզ այդպես էլ չտրամադրեցին, ասելով «բանավոր է եղել»։ Բացի այն, որ Ճամբարակի քաղաքապետը ծառեր շատ է սիրում, դեռ մի բան էլ անապահով ընտանիքների մասին է մտածում, լուծելով նաև նրանց ջեռուցման խնդիրը։ Նախորդ տարի էտման արդյունքում կուտակվել է մոտ հարյուր խորանարդ մետր վառելափայտ, որն էլ համապատասխանաբար բաժանվել է հարյուր ընտանիքի. «Անցած տարի էտման աշխատանքները մի քիչ ավելի շատ կատարվեցին, և հիմնականում փայտանյութը տրամադրեցինք մանկապարտեզներին և սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի կարողանան ձմռանը որպես վառելափայտ օգտագործել, Տվել ենք անվճար հիմունքներով, որովհետև անցած տարի ահագին վառելափայտ ստացանք նաև ազգային պարկից»։

Բայց այս տարի, քանի որ էլ այդքան շատ ծառ չկա, անապահով ընտանիքներին վառելափայտից չեն բաժանվի. «Էտվել է մոտավոր 90 ծառ, այս տարի ընտանիքներին չենք բաժանել, բաժանել ենք մանկապարտեզներին և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մյուս կառույցներին»։ Չնայած այս ամենին, Յուրի Ավալյանը արդեն հասցրել է երկու տարվա ծառերի «էտման» պլան մշակել. «Այս տարի քանի որ հավաքված փայտը այդքան էլ շատ չէ, մենք իհարկե նախատես ենք գոնե երկու տարվա համար մանկապարտեզներին հատկացնել, որ գոնե երկու տարվա մեջ ջեռուցման խնդիր չունենանք»։ Եթե նախորդ տարի քաղաքի այգիների ու ծառերի հաշվին քաղաքապետարանը կարողացել էր կուտակել հարյուր խորանարդ մետր վառելափայտ և այն տրամադրել նույնքան ընտանիքի, ապա այս տարի, քանի որ էլ այդքան շատ ծառ չկա, հաշվարկը գնում է «մինչ 50 խմ, և հետևաբար էտելու ենք 55 և ավել ծառ», -ասում է քաղաքապետը։ Մենք տեղյակ ենք, որ քաղաքպետարանը մինչ ձմռան գալուստը պետք է արդեն լուծած վերջացրած լինի իր ենթակայության տակ գտվող ենթակառույցների ջեռուցման հարցը, սակայն ինչպես երևում է, Ճամբարակում դեռ այդ գործընթացն է, որն է ուշացման պատճառը. «կախված եղանակից, մենք չենք նայում, հոկտեմբեր ամիսն է, թե նոյեմբեր, երբ տեսնում ենք ջեռուցման խնդիր կա, եղանակային պայմաններից ելնելով»։

Փաստորեն, ստացվում է, որ վերջին տարիներին Ճամբարակի բյուջեում բավականին տնտեսումներ են կատարվել. «Քանի որ նախորդ տարիներին մենք փայտ ենք ձեռք բերել նման կարգով, փայտի համար ծախսեր չի կատարվել, ծախսերը կատարվել է ընդհամենը էտման, կտրելու և տեղափոխելու մանկապարտեզ, միայն նման կարգի ծախսեր են կատարվել»։

Հունվար 14, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր