ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԱՎ, ՈՐ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՎԵՐԱՑՎԵԼՈՒ

News.am

Բնապահպան Կարինե Դանիելյանն օրերս հանդիպել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ եւ բարձրաձայնել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ Նուբարաշենի աղբավայրի, քաղաքաշինության ահագնացող չափերի, մայրաքաղաքի մթնոլորտի աղտոտվածության եւ մի շարք այլ հարցեր։  Այս մասին նա պատմեց մարտի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինչ վերաբերում է Նուբարաշենի աղբավայրի խնդրին, ապա քաղաքապետի եւ մեր՝ Հանրային խորհրդի անդամների հանդիպման ժամանակ տեղեկացրեցի, որ աղբավայրը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արարատյան դաշտի գյուղերի, այլ նաեւ Երեւանի համար։ Ճիշտ է, միջազգային կառույցները որոշակի ուսումնասիրություններ են կատարում, սակայն եզրակացություններն ուշանում են։ Իհարկե, հարցի օպերատիվ լուծումն աղբավայրի իզոլացումն է, սակայն հիմնավոր լուծումը տարածքից թույների վերջնական դուրսբերումն է»,- ասաց բնապահպանը։

Անդրադառնալով Երեւանում իրականացվող ոչ կանոնակարգված կառուցապատման թեմային՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ Կարեն Կարապետյանին ասել է, թե վերջին 10 տարիների ընթացքում Երեւանում իրականացվող շինարարությունը հակասոցիալական է եւ հակաէկոլոգիական։ «Իսկապես, ես նշեցի, որ Երեւանում բացառապես բիզնես շահեր հետապնդող, կոմերցիոն շինարարություն է իրականացվում, իսկ քաղաքապետն իր հերթին խոստացավ, որ մայրաքաղաքի կանաչապատ տարածքներն այլեւս չեն վերացվելու եւ Կենտրոնում շինարարություն չի ծավալվելու։ Նա խոստացավ նաեւ լուծել ներքաղաքային տրանսպորտի հարցը՝ միկրոավտոբուսները փոխարինել առավել տարողունակ փոխադրամիջոցներով»,- տեղեկացրեց Հանրային խորհրդի անդամը։

Վերջում նա ավելացրեց, որ Հայաստանի բնապահպանները պատրաստակամ են անվճար հիմունքներով օգնել քաղաքապետարանին՝ Երեւանը փրկել էկոլոգիական աղետից։

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՐԴՈՐ. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՉՈՉՆՉԱՑՆԵԼ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Գայանե Մկրտչյան, ԱրմենիաՆաու


Մարտի սկզբին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է կանաչ տարածքների հաշվին շինարարությունն արգելելու իր նախապես հնչեցրած որոշումը և ասել, որ Երևանի կենտրոնը այլևս չի կառուցապատվելու:

Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանը և Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձան այն փաստին, որ, չնայած դրական հնչող արտահայտություններին, կառուցապատումն այդուհանդերձ շարունակվում է:

«Ամեն օր 30-ից ավելի զանգեր եմ ստանում Երևանի տարբեր համայնքներում ապրող բնակիչներից: Հենց այս պահին Կողբացու-Պուշկինի փողոցների անկյունային երկու շենքերի բնակիչներն ահազանգում են`ամբողջ բակի տարածքը քանդված է, փորված, բարձրահարկ շենք է կառուցվելու՝ գրավելով ողջ բակի տարածքը: Եվ, ցավոք, համաձայնությունը ստորագրել է գործող քաղաքապետը դեկտեմբերի 30-ին»,- ասում է բնապահպան Դանիելյանը:

Բնապահպանն ասում է, որ իրենք քաղաքապետի ուշադրությունն են հրավիրել նաև Նուբարաշենի աղբավայրի խնդրին` նշելով, որ այն վտանգ է ներկայացնում ոչ միայն Արարատյան դաշտի գյուղերի, այլև Երևանի համար։

«Ճիշտ է, միջազգային կառույցները որոշակի ուսումնասիրություններ են կատարում, սակայն եզրակացություններն ուշանում են։ Իհարկե, հարցի օպերատիվ լուծումն աղբավայրի մեկուսացումն է, սակայն հիմնավոր լուծումը տարածքից թունավոր նյութերի վերջնական դուրսբերումն է»,- ասում է Դանիելյանը:

Բնապահպաններն այսօր պատրաստակամ են աշխատելու Երևանի քաղաքապետին կից` ստեղծելով հատուկ էկոլոգիական խորհուրդ, սակայն քաղաքապետարանը ընդառաջ չի գնում նրանց` բավարարվելով միայն բնապահպանական խնդիրներով զբաղվող վարչությամբ:

«Ցանկացած խոշոր քաղաք ունի այդ էկոլոգիական խորհուրդը: Իսկ մեր քաղաքապետին ասել են, որ դա իրենց պետք չէ»,- ասում է Դանիելյանը:

Մարտ 29, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր