

ԷկոԼուր
Սույն թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ների հայցի վերաբերյալ առաջին նիստը: Հայցի համաձայն` նախարարությունը մեղադրվում է անգործության մեջ Կոմիտասի անվան հանրային զբոսայգում «Ներում» ընկերության կողմից «Նեմո» դելֆինարիայի կառուցման համար: Դելֆինարիան կառուցվել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության բացակայության պայմաններում: Չնայած նախարարությանն ուղղված հասարակայնության բոլոր դիմումներին, որ օբյեկտն անօրինական է, նախարարությունն այդպես էլ ոչ օբյեկտի, ոչ ընկերության ունեցած փաստաթղթերի անհրաժեշտ ստուգումներ չի անցկացրել: Իսկ այժմ, ամենայն հավանականությամբ, նախարարությունը ստիպված կլինի դա անել:
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց հասարակայնության շահերը ներկայացնող փաստաբան Լեւոն Օհանյանը, դատավոր Ռ. Հակոբյանը նախարարությանը 20 օր ժամանակ է տրամադրել, որպեսզի այս ժամանակահատվածում բացատրություններ պատրաստվեն: Առաջին հարցն այն է, թե ինչու նախարարությունը չի պահանջել օբյեկտի կառուցման փորձաքննություն, որը տեղակայված է 1250 քմ տարածքում: Ինչպես նշեց Լեւոն Օհանյանը, օբյեկտը կառուցվել է այն ժամանակ, երբ պարտադիր փորձաքննության համար հին նորմաներն էին գործում` ավելի քան 1000 քմ: Նոր նորմաները` 1500քմ, ընդունվել են միայն 2010թ. աշնանը: Բացի այդ, նախարարությունը չի իրականացրել փաստաթղթերի պաշտոնական ստուգում, որոնցով նոր կենդանիներ են բերվել Հայաստան, թեպետ դելֆինների որոշ տեսակներ գրանցված են Ուկրաինայի Կարմիր գրքում:
Սեպտեմբեր 16, 2011 at 13:24
