

Ա1+
ՀՀ Վարչական դատարանում հունվարի 13-ին վերսկսվեց Բնապահպանության նախարարության դեմ «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունների հայցի քննության հերթական նիստը:
Բնապահպանները նախարարությունից պահանջում են գնահատել շրջակա միջավայրի վրա «Նեմո» դելֆինարիումի ազդեցությունը:
Հիշեցնենք, որ վարչական դատարանը հայցը վարույթ էր ընդունել 2011 թվականի փետրվարի 28-ին: Բնապահպանական կազմակերպությունները նամակով դիմել էին նախարարությանը, պահանջելով ներկայացնել Դելֆինարիումի կառուցապատման մակերեսի փորձաքննությունը:
Հայցվոր կողմը՝ «Պրեզենցիա» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Օհանյանն այսօր դատարանին ներկայացրեց փորձաքննության եզրակացությունը ապացույցների շարքից հանելու մասին միջնորդություն։
«2011թ հունվարի 25-ին Բնապահպանության նախարարության նամակում նշված է, որ դելֆինարիումի կառուցապատման մակերեսը
1256 քառակուսի մետր է: Իսկ ահա «Դելֆինարիում-Նեմո» ՍՊԸ-ն դատարանում ներկայացրեց քաղաքաշինական փորձաքննության եզրակացությունը, որում նշված է, որ կառուցապատման մակերեսը 855 քմ է, այսինքն` հակասություն կար բնապահպանության նախարարության և փորձագետների ներկայացրած թվերի միջև: Քանի որ այսօր այդ փորձագետը չէր ներկայացել, դատավորից խնդրեցի հանել այդ եզրակացությունը, որովհետև փորձագետի չներկայանալը հիմք էր ինձ համար, որ դա արժանահավատ ապացույց չի: Դատավորը կրկին հետաձգեց նիստը, հիմնավորմամբ, որ փորձագետի գալուց հետո միայն պարզ կլինի, թե խնդիրն ինչումն է»,-«Ա1+»-ին հայտնեց «Պրեզենցիա» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Օհանյանը:
Մյուս նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին:
Հունվար 16, 2012 at 17:22
