ՈՉ ՈՔ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ ՄԿՆԴԵՂՈՎ ԼԻ ՄԱԴԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

ՈՉ ՈՔ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ ՄԿՆԴԵՂՈՎ ԼԻ ՄԱԴԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

«ԷկոԼուր»

Ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն կրել Մադանի գերեզմանոցի համար, որը լցված է մկնդեղով և այլ տոքսիկ միացություններով: «Վալլեքս»  ընկերությունների խումբը` ի դեմս իր «Էյ Սի Փի» դուստր ձեռնարկության, շարունակում է թափոնները լցնել Մադանի գերեզմանոց, սակայն պատասխանատվությունը դրել է իր նախկին ազգականի` «Մանես» ընկերության վրա:

Դժվար չէ հիշել Հայաստանում «Մանես-Վալլեքս» ընկերության պատմությունը, երբ այն ձեռք բերեց Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը և հանքավայրը շահագործելու կոնցենսիան: Հետո ընկերությունը բաժանվեց: «Վալլեքս»-ը դարձավ ընկերությունների խումբ, բացեց դուստր ձեռնարկություններ` Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Էյ Սի Փի» ընկերությունը, Լեռնային Ղարաբաղում գործող «Բեյս Մետալս» ընկերությունը և, վերջապես, Թեղուտը: Իսկ «Մանես» ընկերությունը մնաց ստվերում` համեստորեն զբաղվելով «Dell» ֆիրմայի համակարգիչների ներկրմամբ:

«Մանես» ընկերությունը ոչինչ չի ձեռնարկում գերեզմանոցի անվտանգության համար:  «Էյ Սի Փի» ընկերությունը ևս ոչինչ չի ձեռնարկում, քանի որ իր վրայից հանել է  Մադանի գերեզմանոցի վիճակի համար պատասխանատվությունը: Ներկայումս թունավորված տարածքը ցանկապատված չէ և ոչնչով ծածկված չէ:

Գերեզմանոց լցվող թափոնները ծանր տեխնիկայով սեղմվում են` որպես սովորական աղբ:  Իսկ մինչ ընկերությունները խնայում են իրենց միջոցները, Մադանի գերեզմանոցը շրջապատող տարածքներում արածում են  կովերը և մոտակա գյուղերի եղջերավոր անասունները` ուտելով տոքսիկ միացություններով հագեցած խոտ: Իդեպ, Ալավերդիում վստահեցնում են, որ այդ գյուղերի կովերի միսն ալավերդցիները չեն գնում. վաճառողներին դեմքով ճանաչում են: Ասում են, որ վաճառելու համար այդ միսը տանում են ավելի հեռու, օրինակ` Երևան: 

Հույսը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է, որին դիմել է Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը` խնդրելով տարածքում կատարել ուսումնասիրություներ և տալ փորձագիտական գնահատական գերեզմանոցի անվտանգության միջոցառումներ մշակելու համար:

Սեպտեմբեր 09, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր