

«ԷկոԼուր»
2008 թ. օգոստոսի 16-ին Թամանյան 2 եվ Մաշտոցի պողոտա 39/12 հասցեի բնակիչները հավաքվել էին բակում, որպեսզի արգելեն ծառերի հատումը: Բուլդոզերն արդեն բակ էր մտել, եկել էին նաև Երևանի քաղաքային էլէկտրացանցի ներկայացուցիչները, հատուկ նշանակության ջոկատը և ոստիկանությունը՝ ավելի քան 15 մարդ:
Վեճը 40 քառակուսի մետրանոց կանաչապատ տարածքի շուրջ է, որտեղ Երևանի քաղաքապետի 2004թ. դեկտեմբերի 12-ի թիվ 2474-Ա որոշման համաձայն պետք է էլեկտրակայան կառուցվի: Ներկայումս էլեկտրակայանը գտնվում է Թամանյան 2 հասցեի տան առաջին հարկում՝ «Գաբոնե» ցուցասրահի կողքին: Ցուցասրահի տերերը (ըստ լուրերի՝ Հայաստանի բարձրաստիճան այրերից մեկի ընտանիքի անդամներն են) սեփականաշնորհել են տարածքը՝ դրանով իսկ փակելով էլեկտրակայանին մոտենալու ճանապարհը: Բնակիչները չեն կասկածում, որ անվտանգության կանոնները խախտված են, և էլեկտրակայանը պետք է տեղափոխել ավելի հարմար վայր: Սակայն, նրանք չեն կարծում, որ այդ հարմար վայրը բակի կանաչ հատվածն է: Քաղաքապետարան հղված բազմակի դիմումները՝ այլընտրանքային տարբերակների վերաբերյալ, մերժվել են: «Ստացվում է, որ մեր քաղաքի իշխանությունները գերադասում են ոչնչացնել մեր բակը, չնայած ամեն տեղ գոռում են, որ պահպանում են օրենքը և հոգ են տանում կանաչ տարածքների մասին»,- ասում է բնակիչներից մեկը՝ ավելացնելով, որ բակ չի թողնի ո՛չ բուլդոզերը, ո՛չ շինարարներին:
«ԷկոԼուր»-ի հարցին, թե ով է հարավիրել հատուկ նշանակության ջոկատը եվ ոստիկանությանը, էլեկտրացանցի ներկայացուցիչները մատնացույց արեցին բուլդուզերի վարորդին, ով նույն պահին հերքեց այդ ենթադրությունը:
Օգոստոս 18, 2008
