

ԷկոԼուր
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) հաստատեց «Երեւանի կոշտ թափոններ» ծրագրի 8 միլիոն եվրոյի վարկը: Համաներդրող է հանդես գալիս Եվրոպական ներդրումային բանկը (IEB) 8 միլիոն եվրո վարկով: Եւս 8 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով ծրագրին կտրամադրի Եվրամիության հարեւանության հիմնադրամը (European Union Neighbourhood Facility (NIF):
EBRD-ի կայքում արդեն տեղադրված են ծրագրի հետազոտության արդյունքները սոցիալական եւ էկոլոգիական ազդեցության գնահատականի հայերեն եւ անգլերեն տարբերակների հետ միասին: Ծրագիրը վերաբերում է Նուբարաշենի աղբավայրին: Իսկ ավելի ստույգ, խոսքը հին աղբավայրի կողքին նորի կառուցման մասին է: Ինչպես նշված է ծրագրում. «Նոր աղբավայրը կառուցվելու է գործող աղբավայրի անմիջական հարեւանությամբ1000մ х 400մ տարածքում»:
Նուբարաշենի գործող աղբավայրը մոտ 35 հա տարածքում պարունակում է 6-ից 8 միլիոն տոննա կոշտ թափոն:
Շփոթմունք է առաջացնում այն հանգամանքը, որ ծայրաստիճան մանրակրկտորեն նկարագրելով Նուբարաշենի գործող աղբավայրի սոցիալական դիմագիծը, մանրամասնելով, թե ով է աշխատում եւ որքան է ստանում, ընդհանրապես բացակայում է տեղեկատվությունը ճապոնական Շիմիզու ընկերության ծրագրի մասին, որն իրականացվում է Նուբարաշենի աղբավայրի տարածքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում: Ընկերությունն 2000-ական թվականներին Նուբարաշենի աղբավայրում անցկացրել է կենսագազի ստացման պոտենցիալի հետազոտություն եւ ներկայացրել կենսագազ մեթանի հավաքման եւ դրանից էլեկտրաէներգիա ստանալու նախագիծ` հայկական կողմից առանց որեւէ ֆինանսական ներդրման: Բացի այդ, էլեկտրաէներգիայի վաճառքից Երեւանի քաղաքապետարանը կարող էր տարեկան 200-300 հազար դոլլարի շահույթ ունենալ: Ընկերությունը պատրաստ էր իրականացնել բոլոր անհրաժեշտ աշխատանքները աղբավայրի ընդլայնվող տարածքում: Սակայն երկար բանակցություններից հետո ընկերության համար սահմանափակեցին տարածքը, թույլ տալով միայն հավաքել եւ այրել մեթան գազը 7 հա-ի վրա` հին հատվածում: Եւ 2009թ-ից աղբավայրի վրա այրվում է կուտակված կենսագազի ջահը:
Իսկ հիմա պարզվում է, որ աղբավայրի տարածքի ընդլայնումը իրականացվելու է ոչ թե Կիոտոյի արձանագրության շրջանակներում գործող ճապոնական կողմի հաշվին, այլ 16 միլիոն եվրո վարկային միջոցների հաշվին, որը պետք է վճարի հայկական կողմը: Այժմ տեսնենք, թե ինչի վրա են ծախսվելու վարկային միջոցները: Նախագծով «… պետք է կառուցվի աղբավայր տանող եւ աղբավայրից դուրս եկող ճանապարհ, նախատեսված է կամրջակի կառուցում, որի վրայից կթափվի աղբը, անվադողերի լվացում, վարչական շենք, ավտոլվացման կայան, ավտոկայանատեղի, ցանկապատում եւ լուսավորություն»: Նաեւ նախատեսվում է օգտագործել հավաքվող աղբը եւ ունենալ զտման համակարգ` ջերմոցային գազերի արտանետում թույլ չտալու համար:
Մեր կարծիքով` թափոնների կառավարման շրջանակներում երկրի առաջ կանգնած գլխավոր խնդիրները չեն լուծվում այս բազմամիլիոն վարկի շրջանակներում: Չկա ոչինչ աղբի տեսակավորման համար եւ պոլիէթիլենային թափոնների վերամշակման համար: Ոչինչ չկա գնային քաղաքականության մեխանիզմների մասին, որոնք խթանում են պոլիէթիլենից հրաժարվելը, արժեքավոր մետաղների հավաքումը, երկրորդային թափոնները եւ այլն: Այսինքն` թափոնների կառավարման եվրոպական քաղաքականության սկզբունքները, որոնց մասին խոսվում է ծրագրում, այս կոնկրետ նախագծում չի կիրառվում, կամ կիրառվում է ծայրաստիճան սահմանափակ ձեւով, եւ համարժեք չէ այդ ծախսերին, որոնց համար վճարելու ենք մենք` Հայաստանի քաղաքացիներս եւ Երեւանի բնակիչներս:
Հուլիս 09, 2015 at 16:55
