ԷկոԼուր
Սյունքի մարզկենտորն Կապան քաղաքում չեն պահպանվում ջրի որակի համար ՀՀ օրենսդրությամբ ամրագրված սանիտարական նորմերի պահանջները: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց տեղի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանը: Ըստ նրա` այդ խնդիրը բարձրաձայնվել է սույն թվականի օգոստոսի 5-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցած Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի մասնակցությամբ համատեղ քննարկման ընթացքում: Արշավիր Խալափյանի համաձայն`քննարկման սկզբում Կապանի քաղաքապետը նշել է, որ «Հայջրմուղկոյուղի»-ն պարբերաբար քաղաքապետարանին է ներկայացնում ջրամատակարարման գրաֆիկի և ջրի որակի վերաբերյալ հաշվետվություն, սակայն դժվարացել է պատասխանել, թե որքանով են ներկայացվող տվյալները հավաստի, քանի որ իրենք չունեն դրանց ճշգրտությունը ստուգելու մեխանիզմներ: Քննարկմանը մասնակցող կապանցիները հիմնավոր փաստարկներ են ներկայացրել, որ ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով, իսկ ցանցի անբավարար որակական պայմանների պատճառով շատ հաճախ վթարներ են լինում: Անպատասխան են մնացել նաեւ խմելու ջրի և կոյուղու մաքրման կայանների, ինչպես նաև Կապանի քաղաքապետարանի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև կնքված՝ «ոչ տիպային» պայմանագրի դրույթների կատարման վերբերյալ հարցերը:
Օգոստոս 17, 2015 at 14:06