ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ

ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Հետք

Բաց նամակ-դիմում Երևանի քաղաքապետ պարոն Գ. Բեգլարյանին

Հարգելի պարոն քաղաքապետ, օրեցօր ապօրինի ծառահատումների արդյունքում նվազում է Երևան քաղաքի կանաչապատ տարածքը: Այն թե ինչ աղետալի արդյունքի կբերի շարունակական ծառահատումները գիտակցում է յուրաքանչյուր գիտակից Երևանցի: Հաշվի առնելով այս ամենը, ուզում ենք Ձեր ուշադրությունը գրավենք Երևան քաղաքի սրտում գտնվող Տերյան փողոցի 62 շ. բակում տեղի ունեցող ապօրինի մասայական ծառահատումների, իսկ ավելի ճիշտ` սպանդի վրա:
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հատվել է ավելի քան 12 ծառ, որոնք ըստ բնակիչների` տարիներ առաջ տնկվել էին հենց թաղային և քաղաքային իշխանությունների կողմից իրականացված շաբաթօրյակների արդյունքում:

Ծառահատումը իրականացվում է մի նպատակով` մաքրել կանաչապատ տարածքը «օբյեկտ» կամ էլ «ավտոտնակ» տեղադրելու համար: Ցավոք սրտի, բնակիչների դիմումները մնում են անարձագանք և ամեն առավոտ նրանք արձանագրում են հատված հերթական ծառը: Բացի ծառերից ապամոնտաժվել է նաև կանաչապատ տարածքը անջատող ցանկապատը: Այս ամենը վկայում է այն մասին, որ ինչ որ մեկը, համոզված լինելով իր անպատժելիության մեջ, իրականացնում է այս ամենը:

Եթե այդ տարածքում հայտնվեց հերթական շինությունը, դա կլինի հերթական անօրինությունը, որի վրա աչք են փակել, սակայն եթե այդ տարածքը կրկին կանաչապատվի, Երևանցին կզգա որ նա մենակ չէ, և նրա ձայնը լսելի է, իսկ ծառահատողների նոր «օբյեկտ» ունենալու բաղձալի երազանքը այդպես էլ կմնա երազանք:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ իր և մտահոգ բնակիչների անունից դիմում է Ձեզ խնդրելով`

1. կանգնեցնել այս ապօրինի ծառահատումները, պարզել և պատժել կազմակերպիչներին:

2. չթույլատրել հատված ծառերի տարածքում ցանկացած շինարարություն

3. իրականացնել ծառատունկ վերականգնելով ծառազրկված տարածքը

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ն պատրաստ է աջակցել քաղաքապետարանին իրականացնել ծառատունկ այդ տարածքում: Այս դիմումը մենք կուղարկենք նաև Հայասատան ծառատունկ ծրագրին (ATP)` խնդրելով հատկացնել 20-30 տնկի: Մեր կազմակերպության անդամները և բնակիչները պատրաստ են աջակցել քաղաքապետարանի աշխատակիցներին միասին ապացուցելու, որ Երևանում կա օրենք և բոլորը հավասար են այդ օրենքի առջև:

Մարտ 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր