Առավոտ
Ապրիլի 5-ին «Առավոտը» ստացավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի ստորագրությամբ պարզաբանումը՝ կապված մեր թերթի 03.04.2010թ. համարում տպագրված՝ «Հասանք ուսանողական այգուն» հոդվածի հետ, որում խոսք էր գնում Վիկտոր Համբարձումյանի արձանի հարեւանությամբ սկսված շինարարության մասին:
Պարզաբանման մեջ մասնավորապես գրված էր. «Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Էլեգանտ 5» ՍՊԸ-ն, եւ ըստ սահմանված կարգով համաձայնեցված նախագծի՝ նախատեսվում է գոյություն ունեցող հնաոճ տեսքով սրճարանի արդիականացում:Միաժամանակ վերակառուցման արդյունքում լուծվում է նաեւ Վիկտոր Համբարձումյանի արձանի տեսանելիության խնդիրը Աբովյան փողոցի կողմից:Այդ նպատակով վերակառուցվող տաղավարները լինելու են տեղադրված կենտրոնական առանցքից առավելագույնս հեռացված եւ ավելի փոքր ծավալներով:
Տարածքի կանոնակարգման խնդիրը բարձրացվել է դեռեւս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման արարողության ժամանակ՝ մի խումբ ակադեմիկոսների կողմից:
Վերակառուցման նախագիծը մշակված է՝ բացառելով որեւէ ծառահատման հնարավորություն:Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ սույն թվականի սեպտեմբեր ամիսը, եւ շինարարության ընթացքին սահմանված է ամենօրյա հսկողություն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ նախագծային շեղումները բացառելու նպատակով:
Ինչ վերաբերում է Տերյան փող. հ.74 հասցեում իրականացվող շինարարությանը, ապա հայտնում ենք, որ շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Արմեն» ՍՊԸ-ն: Համաձայնեցված վերակառուցման նախագծով նախատեսված է գործող սրճարանային կառույցի արդիականացում՝ գոյություն ունեցող ծավալների սահմաններում, ինչպես նաեւ նկուղային հարկի իրականացում:
Նախագծով պահպանվում են զբաղեցված տարածքի կառուցապատման եւ կանաչապատման տոկոսները»:
Ապրիլ 08, 2010
