

ԷկոԼուր
Երեւանի ՋԷԿ-ն անցել է քարածխի այրման, որն արդյունահանվում է ԼՂՀ-ի Մաղավուսի շրջանում: Մամուլում հրապարակված նյութերից տեղեկանում ենք, որ արդյունահանող «Էներգիա պլյուս» ընկերության տնօրեն Գագիկ Ներսիսյանը խոստանում է, որ քարածխի փոխադրումը Երեւան կհասնի տարեկան 800 000 տոննայի, որ ածուխը մաքուր է, եւ արդյունահանման տեսանկյունից որեւէ էկոլոգիական խնդիր չկա: Սակայն ոչ մամուլում, ոչ Բնապահպանության նախարարության կայքում որեւէ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ էկոլոգիական խնդիրներ կարող են առաջանալ Երեւանի ՋԷԿ-ում` քարածուխն այրելիս: Տվյալներ չկան արտանետումների, շրջակա միջավայրի աղտոտման մասին:
Ի գիտություն Բնապահպանության նախարարության իրավասու անձանց, այն երկրները, որոնք օգտագործում են ածուխը որպես վառելանյութ (Ռուսաստան, Ղազախստան), ունեն հատուկ տեխնիկական ռեգլամենտ, որը հենց այդպես էլ կոչվում է` «Ածուխների եւ դրանց արդյունահանման արտադրական գործընթացների, վերամշակման, պահման եւ տեղափոխման անվտանգության նկատմամբ պահանջներ»:
Ռեգլամենտում մասնավորապես ասված է. «Հիմնական վտանգավոր գործոնները (ռիսկերը), որոնցից պետք է խուսափել` 3-րդ կետի համաձայն` ածուխում ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրներն են, որոնք գերազանցում են սահմանային թույլատրելի նորմաները եւ կարող են բացասական ազդեցություն թողնել մարդու օրգանիզմի վրա, 5-րդ կետի համաձայն` պայթունահրդեհավտանգությունը, այդ թվում ածուխների եւ ածուխի փոշու ինքնայրումը, 8-րդ կետի համաձայն` օդային ավազանի, մակերեսային եւ գրունտային ջրերի աղտոտումը, հողի աղտոտումը եւ նստվածք տալը, շրջանների ճահճացումը, սեյսմիկության արհեստական բարձրացումը, հողերի բերքատվության վատթարացումը»:
Ուշադրություն ենք դարձնում նաեւ նրան, որ գիտական գրականության մեջ ածուխին ուղեկցող տարրերից է մկնդեղը:
«ԷկոԼուր»-ը դիմում է Բնապահպանության նախարարությանը պահանջով` բնապահպանական փորձաքննություն եւ հասարակական լսումներ անցկացնել Երեւանի ՋԷԿ-ում քարածխի օգտագործման հարցի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն ենք հրավիրում նրան, որ ՇՄԱԳ-ում ներկայացված լինեն տվյալներ ուղեկցող ռադիոնուկլիդների առկայության, շրջակա միջավայրի աղտոտման մասին (տես ռեգլամենտի 3-րդ եւ 8-րդ կետերը):
Լուսանկարը վերցված է www.b24.am կայքից
Հոկտեմբեր 30, 2012 at 15:29
