«Անում են, ինչ ուզում են, որտեղ ուզում են եւ ինչպես ուզում են…»

«Անում են, ինչ ուզում են, որտեղ ուզում են եւ ինչպես ուզում են…»

ԷկոԼուր

Կապանը երկրի ամենաաղտոտված քաղաքներից մեկն է, որը գտնվում է էկոլոգիական աղետի շեմին: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գնահատականներով աղտոտված է հողը, ջուրը եւ քաղաքի տարբեր հատվածներում աճեցվող գյուղմթերքը: Կապանում գործում է «Deno Gold Mining Company» ընկերությանը պատկանող լեռնահարստացուցիչ կոմբինատը: Կոմբինատի կոշտ թափոնները կուտակվում են քաղաքի տարածքում, իսկ պոչերը` Գեղանուշի պոչամբարում: Եւս մի պոչամբար էլ` Արծվանիկը, պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, բայց տեղակայված է Կապանի հարեւանությամբ:  

Ողջի գետի ամենաաղտոտված հատվածը հոսում է Կապան քաղաքում է: Կապանի վարչական տարածքում կուտակվում են թափոններ, որոնք տոքսիկության ամենաբարձր դաս ունեցող հանքարդյունաբերական թափոններ են: Դրան ավելանում է այն վտանգը, որն առաջանում է հանքարդյունաբերական ընկերությունների` արդյունահանությունն առավելագույնս ավելացնելու ցանկությունից: Տեխնիկական տեսանկյունից արդյո՞ք արտադրական հզորությունները դիմանում են այդ մրցավազքին: Արդյո՞ք ընկերությունները հասցնում են կատարել անհրաժեշտ բնապահպանական միջոցառումները, որոնք կոչված են նվազագույնի հասցնել շրջակա միջավայրին հասցվող վնասը:

Վնասների գնահատականը հաշված չէ, քանի որ Հայաստանի օրենսդրությունը թույլատրում է աղտոտել շրջակա միջավայրը` չվճարելով վնասի համար: Ի՞նչ են մտածում կապանցիներն իրենց քաղաքի էկոլոգիական վիճակի եւ իրենց տարածաշրջանում գործող ընկերությունների գործունեության մասին:

Օրինակ, սույն թվականի ապրիլի 27-ին` Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցան հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «Deno Gold Mining Company» ընկերության պատվերով «Էկո Աուդիտ» ՍՊԸ-ի կողմից  պատրաստված հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտացիոն ցիկլի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի նախագծի հասարակական լսումները: Այդ լսումների առնչությամբ  «ԷկոԼուր»-ի հետ զրույցում տեղական «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդաու Արթուր Ղազարյանը նշեց. «Մեզ նախագիծը տվեցին ամսի 25-ին եւ չասացին, թե երբ է լինելու հասարակական լսումը: Սակայն ընդամենը 2 օրվա մեջ կազմակերպեցին այդ քննարկումը: Ոչ մեկ չհասցրեց նախագծին ամբողջովին ծանոթանալ: Մեր կազմակերպությունը հայտարարություն տարածեց օրենքի խախտման հետ կապված: Կապանի քաղաքապետարանը պարտավոր էր օրենքի պահանջով իրականացնել այդ հասարակական լսումը: …Այսօր մենք արդեն ուսումնասիրել ենք այդ նախագիծը, պատրաստ ենք այդ նախագծի կետերի քննարկմանը, որովհետեւ շատ հարցեր ունենք այդ նախագծի հետ կապված: …Իմ լսելով, իրենք ցույց են տվել, որ այդ հասարակական լսումը կայացել է, բայց օրենքով խախտումով չի կարող հասարակական լսում տեղի ունենալ, այսինքն մենք դիտում ենք, որ, որպես այդպիսին, հասարակական լսումը չի կայացել: Այսինքն, իրենք պարտավոր են նորից անցկացնել հասարակական լսում այդ հարցի շուրջ»:

Տարածաշրջանի էկոլոգիական հիմնախնդիրներից Արթուր Ղազարյանը կարեւորեց  ուրանի, Գեղանուշի եւ Արծվանիկի պոչամբարների խնդիրները, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման նախագիծը եւ Ողջի գետի աղտոտման խնդիրը: Իր խոսքում նա մասնավորապես նշեց.«… Գեղանուշի պոչամբարը (շահագործում է «Deno Gold Mining Company» ընկերությունը), որը գտնվում է Գեղանուշի համայնքի եւ որոշ չափով Կապանի վարչական տարածքում, շատ մեծ ազդեցություն ունի մեր տարածքի բնապահպանական ռիսկերի առաջացման վրա: Մասնագետների կարծիքով` Գեղանուշի պոչամբարի պատնեշը չի համապաասխանում այն ստանդարտներին, որ պետք է ունենան պոչամբարների պատնեշները, երկրորդը` պոչամբարի հատակն այնպես չէ իզոլացված, որպեսզի  թունավոր մասերը ստորգետնյա ջրերի մեջ  չթափանցեն, երրորդը` պոչամբարը չունի բնապահպանական անձնագիր եւ չունի թունավորության դասակարգ: Ես ուզում եմ նշել, որ մինչեւ 2002թ-ը ՀՀ բոլոր պոչամբարներն ունեին դասակարգ, անձնագիր, որը  նշված է հենց Բնապահպանության նախարարության 2002թ-ի  հաշվետվության մեջ: 2002թ-ից հետո ինչքան մենք գրություններով դիմել ենք Բնապահպանության նախարարությանը եւ ընկերություններին, ոչ մի անգամ մեզ չեն տրամադրել այդ անձնագիրը եւ դասակարգումը, եւ միշտ նշել են, որ պոչամբարները թունավոր չեն եւ դրա համար չունեն անձնագիր եւ դասակարգ:  Մենք համոզված ենք, որ այդ պոչամբարները թունավոր են: Գեղանուշն ունեցել է առաջին կարգի դասակարգում, իսկ այսօր, ըստ բնապահպանության նախարարության պատասխանների, այն ընդհանրապես թունավոր չէ եւ նույնը պատասխանել է Արծվանիկի պոչամբարի համար:

Մյուս հիմնախնդիրը կապված է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ: Այդ հիմնախնդիրը Հայաստանում բոլոր քաղաքները եւ գյուղերը ունեն, որտեղ սպասարկում է  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, կապված է կեղտաջրերի հեռացման հետ: Կեղտաջրերը հիմնականում հեռացվում են ոչ թե կոյուղատարերով մաքրման կայան, որը նախատեսված է օրենքով, այլ հեռացվում են, լցվում գետերը: Կոնկրետ Կապանում Ողջի գետն են լցվում: Ընդամենը մի քանի օր առաջ Վճռաբեկ դատարանն աննախադեպ որոշում կայացրեց: Այդ խնդրի հետ կապված Կապանի մի խումբ բնակիչներ դիմել էին դատական ատյանների եւ երեք ատյաններում էլ հաղթանակ են տոնել, այսինքն, դատարանը որոշել է պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին կատարել իր պարտականությունները` կոյուղաջրերը հեռացնել, մաքրել, եւ երկրորդ պահանջը` դադարեցնել էկոլոգիական վնաս հասցնելը եւ վերացնել նախկինում թույլ տված իր վնասները: Հիմա որ քայլեք գետի պատնեշի կողքով, կտեսնեք, թե ինչ գարշելի հոտ է գալիս, եւ դա կեղտաջրերի հոտն է: Ես համոզված եմ, մասնագետների եզրակացությունն էլ կա դրա վերաբերալ, որ դա առաջացնում է էկոլոգիական խնդիր, մարդկանց կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում. վիրուսներ են, մանավանդ ամառվա շոգին, տապին  քաղաքն ահավոր վիճակի մեջ է հայտնվում:

...Կան խնդիրներ ուրանի հետ կապված: Ինչքան էլ նախարարը (էներգետիկայի եւ բնական պաշարների) պնդում է, որ ուրան չկա, դա չի խնդիրը, բոլորը գիտեն ինչ կա, ինչ չկա: Խնդիրն այն է, որ այդ ծրագիրը, մեր խորին համոզմամբ, իրենք ցանկանալու են իրականացնել, եւ մենք պիտի միշտ պատրաստ լինենք, չթողնենք, դիմադրենք, բացառենք այդպիսի շատ վատ վերաբերմունք մեր հասարակության, ժողովրդի եւ բնության նկատմամբ: Կառավարության որոշում կար, որ այդ ընկերությունը ստեղծվեց («Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ), կառավարության որոշում կար, որ լիցենզիան տրամադրվեց, կառավարության որոշումով իրականացվեցին գործողությունները: Մենք միշտ ասել ենք, որ կառավարության բոլոր որոշումները չէ, որ օրինական բնույթ են կրում: Այդ որոշման հետ կապված կառավարությունը հասարակությունից ոչ մի անգամ չի հարցրել: Երբ ցանկանում են, ոնց ցանկանում են, որոշում են կայացնում: Լեռնաձերի ժողովրդին կառավարությունից ոչ մեկը ոչ մի անգամ չի հարցրել` թողնում եք, չեք թողնում: Գոնե չեն էլ հարցնում` ինչ կարծիք ունեք: Որոշում են կայացրել, հետո են գյուղացիները իմացել, թե ինչի մասին է խոսքը: Քանի որ կառավարությունն ուրանի հետ կապված այդ մի քանի որոշումները չեղյալ չի համարել, մենք մտավախություն ունենք, որ դա շարունակական բնույթ է կրելու եւ պնդում ենք, որ այդ որոշումներն ընդհանրապես չեղյալ համարեն:

…Մենք միշտ էլ դեմ ենք եղել Քաջարանի ընդլայնման աշխատանքները սկսելուն: Խորհրդային տարիներին տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար էին մշակում ԶՊՄԿ-ում: Դա այդպես էր նախատեսված, որ սերունդները երկար ժամանակ կարողանան օգտվել այդ ընդերքի բարիքներից, եւ էկոլոգիական վնասներն այդքան միանգամից չառաջանան, քանի որ հանքարդյունաբերությունը չի կարող վնաս չհասցնել, որ կամաց-կամաց բնությունն էլ հասցնի վերականգնվել, մարդը կարողանա բնությունը վերականգնել: Իսկ այս պարագայում   20-30 միլիոն տոննա հանքաքար տարեկան հանելը, առաջինը, սերունդներին ընդհանրապես բան չի թողնում ապագայի համար, երկրորդը, բնությանն այնպիսի վնասներ է հասցնելու, որ հետեւանքը շատ արագ մենք տեսնելու ենք: Ես չեմ կարծում որ դա մեր պետության հզորացման համար է արվում, դրա համար էլ մենք կատեգորիկ դեմ ենք այդ գործընթացներին:

Բոլոր նախագծերը, կապված ընդլայնման աշխատանքների հետ, չպետք է իրականացվեն, մանավանդ որ համայնքն ընդհանրապես չի մասնակցում այդ ծրագրերի քննարկմանը: Ինչ իմաստ ունի ընդլայման աշխատանքներ իրականացնել, եթե Արծվանիկի պոչամբարի փաստաթղթերը չեն համապատասխանում նորմերին: Արծվանիկի պոչամբարը շատ երկար տարիներ չի ծառայելու այդ ընկերության կարիքներին, իրենք նախապատրաստվում են հարակից ձորում նոր պոչամբար կառուցել, որը կրկնապատկում է մեր տարածքի բնապահպանկան ռիսկերի վտանգը: Եթե Արծվանիկի պոչամբարը մինչ օրս չունի անձնագիր եւ դասակարգ, ինչ նոր պոչամբարի մասին կարող է խոսք լինել»:



Մայիս 11, 2012 at 16:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր