

Մաշա Գասպարյան, ԷկոԼուրի համար
«Հայաստանում հասարակությունը պատրաստ է հեղափոխության»: Այսպիսի կարծիք է հայտնում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:
Ստեփան Դանիելյանը Մաշտոցի այգու ապամոնտաժող բրիգադի անդամ էր և մասնակցում էր Մաշտոցի այգու տարածքը հասարակությանը վերադարձնելու գործընթացին: «Վիճակը, իրոք, ծայրահեղ և անհույս է: Երբ որ դու չես տեսնում որևէ հույս` նույն վարչապետը, նույն նախագահը, նույն շրջապատը եկել են խորհրդարան և դիմում են առավել ծայրահեղ քայլերի: Մարդիկ արտագաղթում են` տեսնելով, որ առաջընթաց չկա: Դա բերում է կամ երկրի վերացման, կամ հեղափոխության: Իմ սուբյեկտիվ կարծիքով նման տրամադրվածություն կա»:
Այն հարցին, թե Մաշտոցի այգու պայքարը ինչի դեմ էր, Դանիելյանը պատասխանեց. «Պայքարը ոչ թե դեմ էր, այլ` կողմ: Կողմ էր, որ այդտեղ ոչ թե ինչ-որ շինություններ լինեն, այլ լինի այգի և ծառայի հանրությանը: Պայքարը սկսել են երիտասարդ բնապահպանները: Նրանք ամիսներ շարունակ պայքարում էին, ձմռանը գիշերում էին այգում: Մի քանի անգամ բախումներ են եղել ոստիկանների հետ: Մենք` տարիքով ավելի մեծերս, տեսնելով այդ ամենը, իրավունք չունեինք երիտասարդներին մենակ թողնել այդ պայքարում և պարտավոր էինք միանալ»:
- Ձեր շահը ո՞րն էր:
-Քաղաքական կուսակցություններ և կայքեր սկսեցին մեղադրել մեզ և դրա տակ որոնել տարբեր տեսակի շահեր, պատվերներ` ձևավորվելով թշնամական մթնոլորտ: Իսկ շահի առումով մենք գումար ձեռք չբերեցինք, դատվեցինք և շատ դեպքերում ձեռք բերեցինք ոչ թե հասարակական հեղինակություն, այլ հասարակական թշնամանք: Մենք պարզապես մեր համեստ լուման ունեցանք երտասարդ ակտիվիստներին օգնելու հարցում:
- Կարծիք կա, որ ինտերնետի միջոցով կարելի է հեղափոխություն անել:
-Ինտերնետը շատ հարմար գործիք է մոբիլիզացիայի, ինֆորմացիան արագ տարածելու, քննարկումներն արագ կազմակերպելու համար, բայց այն չի կարող լինել նպատակ: Հետևաբար, իմ կարծիքով, չի կարելի ինտերնետի միջոցով հեղափոխություն անել: Մենք առանձնապես չէինք օգտագործում ինտերնետը: Պարզապես որոշակի հարցազրույցներ էինք տալիս, որոնք հայտնվում էին ինտերնետում այն պարզ պատճառով, որ հեռուստատեսությամբ չէին ցուցադրում: «Ֆեյսբուք»-ում կային նաև խմբեր` «Մենք ենք այս քաղաքի տերը» և «Ապամոնտաժողների» խումբ: Իսկ նկարահանված տեսանյութերը նպաստում էին, որ և ոստիկանները, և ակտիվիստները իրենց մաքսիմալ զուսպ էին պահում, քանի որ մարդիկ նայում էին և շատերի վրա ազդեցություն էր գործում:
Խնդիր կար, որ ինտերնետային քննարկումները կարող էին վնասել ապամոնտաժողների գործին: Սակայն Ստեփան Դանիելյանը չի կիսում այս կարծիքը: «Մենք ինտերնետով էինք տարածում ամենը, որովհետև մեզ հեռուստատեսություններ չէին հրավիրում: Մենք պատրաստ էինք ցանկացած քաղաքական գործչի հետ ցանկացած հեռուստաալիքում նստել և խոսել»,- ասաց Ստեփան Դանիելյանը:
Լուսանկարը` Մաշա Գասպարյանի
Հուլիս 03, 2012 at 15:34