ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ 2020թ. կլինի ամենատաք երեք տարիներից մեկը դիտարկումների ողջ պատմության մեջ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ 2020թ. կլինի ամենատաք երեք տարիներից մեկը դիտարկումների ողջ պատմության մեջ

«2020թ. կլինի ամենատաք երեք տարիներից մեկը դիտարկումների ողջ պատմության մեջ: Վերջին տասնամյակը մարդկության պատմության մեջ ամենաշոգն էր: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե որքանով է մարդկությունը մոտ կլիմայական աղետին», - ելույթ ունենալով Կոլումբիայի համալսարանի կողմից կազմակերպված «Մոլորակի վիճակը» առցանց համաժողովում՝ ասաց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Երկիր մոլորակը վտանգված է, մարդկությունը փաստացի պատերազմ է վարում բնության դեմ: Շրջակա միջավայրի նկատմամբ նման անպատասխանատու վերաբերմունքը հավասարազոր է ինքնասպանության», - նշեց ՄԱԿ-ի ղեկավարը: Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պետք է առաջնային դառնա 21-րդ դարի մարդկության համար:

Անտոնիո Գուտերեշն իր ելույթով մեկնարկ տվեց բնությունը պաշտպանելուն ուղղված համաշխարհային ջանքերն ակտիվացնելու արշավին: Արշավի շրջանակներում դեկտեմբերի 2-ին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) հրապարակել է կլիմայի փոփոխության վերաբերյալ զեկույց: Ըստ ՀՕԿ-ի ղեկավար Պետերի Թաալասի՝ 2020թ. միջին գլոբալ ջերմաստիճանը կլինի 1,2 աստիճան ցելսիուսով ավելի բարձր նախաարդյունաբերական մակարդակից (1850-1900թթ.): Ըստ նրա՝ 20% հավանականություն կա, որ մինչ 2024թ. ջերմաստիճանը  կարող է ժամանակավոր գերազանցել նախաարդյունաբերական նիշը 1,5 աստիճանով: 

Ըստ կլիմայի փոփխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի՝ 1,5 աստիճանի նիշը կրիտիկական է: Եթե գլոբալ միջին ջերմաստիճանի 1,5  կամ դրանից ավելի աստիճանով բարձրացումը դառնա անշրջելի, դա կհանգեցնի աղետալի հետևանքների մոլորակի և նրա բնակիչների համար:

Իր հերթին Անտոնիո Գուտերեշը համաժողովում ներկայացրել է Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող վատատեսական պատկերը. ոչնչացվում է կենսաբազմազանությունը, կենդանական աշխարհի շուրջ մեկ միլիոն տեսակ անհետացման վտանգի տակ է, ամբողջական էկոհամակարգեր են ոչնչացվում, յուրաքանչյուր տարի կորցնում ենք մինչև տաս միլիոն հա անտառ: Համաշխարհային օվկիանոսը «հյուծվել» ու խեղդվում է պլաստիկ թափոններից: Յուրաքանչյուր տարի օդի և ջրի աղտոտումից մահանում է մինչև ինը միլիոն մարդ, ինչը վեց անգամ ավելին է կորոնավիրուսային համավարակի ընթացքում արձանագրված կորուստներից:

COVID-19 համավարակը ժամանակավորապես կրճատել էր Երկիր մոլորակի աղտոտումն ու մթնոլորտի արտանետումների աստիճանը, սակայն ածխաթթու գազի մակարդակը շարունակում է մնալ ռեկորդային բարձր մակարդակում և շարունակում է աճել: Կլիմայի վերաբերյալ գլոբալ նախաձեռնությունները դեռ շոշափելի արդյունքներ չեն տվել: Ջերմոցային գազերի արտանետումները ներկայում 62%-ով ավելի են, քան 1990թ., երբ սկսվեցին կլիմայի վերաբերյալ միջազգային բանակցությունները:

Սկզբնաղբյուրը և լուսանկարը՝ www.news.un.org

Դեկտեմբեր 03, 2020 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր