

ԷկոԼուր
Հայաստանը շուրջ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ստացավ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից: Այն ուղղվելու է Փարիզյան կլիմայական համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման թափանցիկության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում աշխարհի առաջնորդներն ընդունեցին կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ միաժամանակ ձգտելով 1.5 աստիճանի:
Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթղթով պարտավորվեց, մասնավորապես, 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում, երկրի անտառապատվածությունը հասցնել 20.1 տոկոսի մինչև 2050 թվականը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Փարիզյան համաձայնագրի շուրջ բանակցությունների կարևոր արդյունքներից էր թափանցիկության ուժեղացված շրջանակի ստեղծումը` երկրների կողմից առկա և ապագա պարտավորությունների կատարման ընթացքին հետամուտ լինելու համար։ «Այդ իսկ նպատակով, «Փարիզի համաձայնագրի ներքո թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ծրագիրը ստեղծվել է Համաձայնագրի անդամ պետությունների խնդրանքով՝ աջակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի/ ԿՓՇԿ-ի/ Հավելված I-ում չընդգրկված երկրներին (այդ թվում՝ Հայաստանին)՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները և ազգային առաջնահերթությունների hամապատասխան բարձրացնելով հաշվետվողականության թափանցիկությունը»,- նշված է դրամաշնորհի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ:
Մեկ այլ հաղորդագրության համաձայն էլ Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը 660 հազար ԱՄՆ դոլարի չափով: Այն ուղղվելու է Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման խթանմանը և առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն ու աջակցմանը: Հայտարարված մրցույթի արդյունքում ծրագրի իրականացնող մարմին է ընտրվել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն: «Դրամաշնորհն ուղղվելու է միջազգային և տեղական լավագույն փորձագետներին և խորհրդատուներին ներգրավելու համար, որպեսզի վերլուծվի Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման արդի իրավիճակը, ուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը։ Գործընթացները ներառելու են նաև շահառու ֆինանսական կառույցների փորձի և իրականացված նախագծերի ուսումնասիրություններ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել համապարփակ ճանապարհային քարտեզ։
«ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» դրամաշնորհային ծրագրի շահառուներ են հանդիսանում ՀՀ Կենտրոնական Բանկը, ՀՀ Ֆինանսաբանկային համակարգի մասնակիցները և ոլորտին առնչվող մասնավոր ընկերությունները: Ծրագրի իրականացման արդյունքում բոլոր շահառուները հնարավորություն կստանան ծանոթանալ ուսումնասիրությունների արդյունքներին, ինչպես նաև էականորեն կբարելավեն իրենց կարողությունները և մեթոդաբանությունը «կանաչ» ֆինանսավորման ոլորտում»։
Մայիս 27, 2020 at 10:47